ՀՀ Մարդու իրավունքների` տակավին նորանշանակ պաշտպան Կարեն Անդրեասյանն ամբողջությամբ մտել է իրեն վերապահված դերի եւ պատվերի մեջ: Նրան ՄԻ պաշտպանի պաշտոնում նշանակելիս, ամենայն հավանականությամբ, պահանջել են հնարավորինս շատ խոսել «հասարակ քաղաքացու» խնդիրներից, ինչն էլ նա փորձում է անել: Երեկ Կարեն Անդրեասյանը` մինչեւ իր պաշտոնավարման 100 օրը լրանալը զեկույց է պատրաստել եւ անդրադարձել բնակչության սոցիալական իրավունքներին: «Այսօր Հայաստանում աղքատ է բնակչության 34,1 տոկոսը` յուրաքանչյուր 3-րդ քաղաքացին: Օրենքով ամրագրված 32.500 դրամ նվազագույն աշխատավարձի հաշվարկման հիմքում դրված չէ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, եւ այն չի դիտարկվում որպես պետության կողմից իրականացվող սոցիալական քաղաքականության, սոցիալական վճարների հաշվարկման հիմք: Բացի այդ, պետք է հաշվի առնել իրական գների մակարդակից բխող նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկները, որոնցով նվազագույն զամբյուղը կազմում է ավելի քան 52.000 դրամ, եւ դա այն գումարն է, որն անհրաժեշտ է մեկ մարդուն` որպես նվազագույն կենսապահովման բյուջե,- գրել է ՄԻ պաշտպանը` համարձակորեն հայտարարելով,- Աշխարհում գոյություն ունեցող որեւէ մեթոդաբանություն չի կարող հաստատել, որ 32.500 դրամը Հայաստանում, որպես մեկ անձի մեկ ամսվա կենսապահովման նվազագույն բյուջե, կարող է բավարար լինել»: Համաձայնեք` շատ հուզիչ տեքստ է: Սակայն, ցավոք, Հայաստանն այնպիսի վիճակում չէ, որ մարդու իրավունքների պաշտպանն իրեն «շռայլություն» թույլ տա բարձրաձայնել սոցիալական խնդիրների մասին: Հայաստանում մինչեւ դրանց հասնելը կան բազմաթիվ ու շատ կոնկրետ իրավական խնդիրներ ու իրավունքի ոտնահարման դեպքեր, որոնց մասին Կարեն Անդրեասյանը գերադասում է (հանձնարարված է) չխոսել: Երբ քաղբանտարկյալներ ունեցող երկրում մարդու իրավունքների պաշտպանը մտահոգվում է սոցիալական զամբյուղի արժեքով, նշանակում է` նրա խնդիրն ընդամենը հասարակության մեջ «գոլորշի բաց թողնելն է»: