Ներուժ են տեսնում

18/04/2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինին: Ս. Սարգսյանը նշել է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ մեծ նշանակություն են տալիս միջտարածաշրջանային համագործակցությանը: Նա կարեւորել է համաժողովի անցկացումը` հույս հայտնելով, որ նախարար Վիկտոր Բասարգինի այցը եւ համաժողովի անցկացումը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում լուրջ խթան կհանդիսանան: Հայաստանի եւ Ռուսաստանի տարածաշրջանների միջեւ կապերի ամրապնդման եւ համագործակցության ընդլայնման գործում Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ ՌԴ-ի հայ համայնքի ներուժի լիարժեք օգտագործումը: Նախարար Վիկտոր Բասարգինը եւս երկու երկրների ռազմավարական հարաբերությունների խորացման եւ ամրապնդման գործում կարեւորելով տարածաշրջանների մակարդակով համագործակցության զարգացումը` նշել է, որ այդ ուղղությամբ ընթացող բանակցություններն ու ձեռք բերված պայմանավորվածություններն ասվածի լավագույն վկայությունն են: ՀՀ-ի եւ ՌԴ-ի տարածաշրջանների միջեւ համագործակցության զարգացման գործում, նախարար Բասարգինի խոսքով, մեծ ներդրում ունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. «Դուք վերջին շրջանում Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններ եք այցելել` մեր հեռանկարային մարզերը, որտեղ մենք տեսնում ենք տնտեսական եւ հումանիտար ոլորտների զարգացման մեծ ներուժ: Այսօր ՌԴ ավելի քան 70 սուբյեկտ անմիջականորեն կամ միջնորդավորված համագործակցում է ՀՀ-ի հետ»: