Նախանախընտրական խմորումներ

18/04/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հայաստանում քաղաքական օրակարգը նորից տեղափոխվել է ընդդիմության դաշտ: Անցած տարեվերջին եւ այս տարեսկզբին իշխանական կոալիցիայում իշխող լարվածությունը փետրվարի 17-ին նոր հուշագրի ստորագրմամբ ստացավ իր հանգրվանը: Եվ իշխանական կուսակցություններում, գուցե ժամանակավոր, բայց քաղաքական կրքերը հանգստացան:

Հիմա այդ կրքերը բորբոքվել են խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմության` հատկապես «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի, ինչպես նաեւ` «Դաշնակցության» եւ ՀԱԿ-ի միջեւ: Եվ ամենաշատը քննարկվում է հաջորդ խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր դաշինք կամ ալյանս ձեւավորելու հարցը: Հատկապես այս մասին անցած շաբաթ հայտարարել էր «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հովսեփյանը: Իշխանական կուլիսներում խոսում են, որ ընդդիմադիր դաշինք ձեւավորելը ձեռնտու է հատկապես «Ժառանգությանը», քանի որ այդ ուժը միայնակ չի կարողանա գալիք խորհրդարան մտնել: Եվ եթե նա դաշինք կազմի ՀՅԴ-ի ու արտախորհրդարանական եւս մի քանի կուսակցությունների հետ, ապա հնարավոր է, որ այդպիսով կարողանա իր կողմը գրավել ընդդիմադիր զանգվածի մի մասին: Իսկ գալիք խորհրդարան անցնելը «Ժառանգության» համար շատ կարեւոր է, քանի որ 2013-ին տեղի են ունենալու նախագահական ընտրությունները: Հասարակության մեջ ունեցած հնչեղությունը պահպանելու համար խորհրդարանական ամբիոնն, իսկապես, շատ է անհրաժեշտ այս կուսակցությանը, որովհետեւ «Ժառանգության» անդամների` արտախորհրդարանական գործունեությունը դեռ զանգվածային բնույթ չի ստանում: Եվ որպեսզի այս կուսակցության առաջնորդ Ր.Հովհաննիսյանը կարողանա 2013թ. նախագահական ընտրություններին լիարժեք կերպով առաջադրվել, ապա դրան նախորդող խորհրդարանական ընտրություններն այս կուսակցության համար պետք է հաջողություն ունենան: Իսկ Ր.Հովհաննիսյանը 2013-ին կառաջադրվի, որովհետեւ այս տարի վերանում է դրա համար գոյություն ունեցող արգելքը` լրանում է նրա ՀՀ քաղաքացի լինելու 10-ամյակը: Բացի այդ, քաղաքական կուլիսներում նաեւ խոսում են, որ ԱՄՆ-ը Ր.Հովհաննիսյանին պատրաստում է որպես ընդդիմության այլընտրանքային թեկնածու` Լ.Տեր-Պետրոսյանի փոխարեն: Հատկապես, որ դեռ հստակ չէ` առաջին նախագահն առաջադրվելո՞ւ է, թե՞ ՀԱԿ-ը կունենա այլ թեկնածու: Ահա թե ինչու է «Ժառանգությանն» այդքան անհրաժեշտ ընդդիմադիր դաշինք ձեւավորելը: Եվ դա անել այն պայմաններով, որ Ր.Հովհաննիսյանը դառնա այդ միավորման առաջնորդը: Համենայնդեպս, այդպես են մտածում իշխանական շրջանակներում:

Արդյո՞ք սա ընդունելի է ընդդիմադիր համարվող մյուս ուժերի կողմից: «Ժառանգության» այս նկրտումներին անցած շաբաթ շտապեցին պատասխանել դաշնակցականները: «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը հնարավոր էր համարել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իրենք նախկինի նման միայնակ մասնակցեն: «Մեր գործելակերպը նկատի ունենալով` կարող եմ ասել, որ միավորումների մեջ մենք մտնում ենք այն դեպքում, երբ այդ միավորումների հիմքում դրվում են ծրագրեր, որոշակի քաղաքական նպատակներ, այլապես ինքնանպատակ դաշինքներին միանալը մեզ հատուկ չէ»,- հայտարարել էր պատգամավորը:

Այսպիսով ՀՅԴ-ն պատասխանել էր հարցին, որ եթե մինչեւ ընտրություններն ընդդիմության դաշտում ստեղծվի որեւէ միավորում կամ դաշինք, ինքը դրան չի մասնակցի: Իհարկե, այստեղ խոսքը ՀԱԿ-ին չի վերաբերում: Պարզ է, որ քաղաքական նույն հարթությունում` լինի դա ընդդիմադիր թե իշխանական, ՀՅԴ-ն չի համագործակցի այն կառույցի հետ, որը ղեկավարում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: ՀԱԿ-ի առաջնորդի նկատմամբ ՀՅԴ-ի անհանդուրժողականությունը երկար տարիների պատմություն ունի եւ գալիս է Հայաստանի անկախության առաջին տարիներից: Իսկ ընդդիմադիր մյուս թեւի հետ ՀՅԴ-ն համագործակցելու որեւէ հեռանկար չի տեսնում, որովհետեւ դա, ամենայն հավանականությամբ, դատապարտված է լինելու նույն այդ թեւի պարտությամբ: Բանն այն է, որ քաղաքական դաշտում մնալու, քիչ թե շատ կշիռ ունենալու համար այդ կուսակցությանն էլ, «Ժառանգության» նման, անհրաժեշտ է մտնել խորհրդարան: Իսկ առանց իշխանությունների հետ համագործակցելու` դա նրանց չի հաջողվի: Դա ցույց է տալիս նաեւ անցած նախագահական եւ Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ-ի հավաքած ձայների նվազող դինամիկան: Քաղաքական շրջանակներում ընդունված կարծիքի համաձայն` ՀՅԴ-ն խորհրդարանում կտրուկ ավելացրեց իր բաժինը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ եւ ավանդաբար համարվել է վերջինիս սատարող ուժ: Վերջինիս հեռանալուց հետո ՀՅԴ-ի` աստիճանաբար աճող ընտրազանգվածը կտրուկ նվազեց: Իշխանական կուլիսներում խոսում են, որ Սերժ Սարգսյանն այնքան էլ հակված չէ խորհրդարանական ընտրություններին առատաձեռն լինել ՀՅԴ-ի նկատմամբ: Թեկուզ այն պատճառով, որ հաջորդ խորհրդարանում, ըստ իշխանական հաշվարկների, ՀԱԿ-ը ՀՅԴ-ից ավելի շատ մանդատներ կստանա: Եթե ընդդիմության փափագած իշխանափոխությունը տեղի չունենա, ապա իշխանությունները չեն կարող անտեսել 2008-ին Լ.Տեր-Պետրոսյանի ստացած մոտ 350 հազար ձայնն ու այսօրվա համակիրների մեծ բազմությունը: Եվ այս պայմաններում «Դաշնակցությանն» այլ բան չի մնում, քան իր տեղը խորհրդարանում գտնելու համար իշխանությունների հետ բանակցել: Ու թեեւ անցած շաբաթ այս կարծիքը հերքել էին ՀՅԴ անդամ Սպարտակ Սեյրանյանը եւ նույն Ա.Շահբազյանը, այնուամենայնիվ, իշխանական կուլիսներում խոսում են, որ ավանդական այս կուսակցությունն իշխանությունների հետ փորձում է լեզու գտնել ԱԺ-ում ներկայացված լինելու համար: Իսկ ով է լինելու 2013թ. նախագահական ընտրություններին ՀՅԴ-ի թեկնածուն: Չէ՞ որ հայտարարել են, թե «ամենայն հավանականությամբ` սեփական թեկնածուն են ունենալու»: Նորի՞ց Վահան Հովհաննիսյանը: Դժվար թե նա մեկ անգամ եւս ցանկանա պարտվել: 2009թ. քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյա՞նը: Որքան էլ այս պատգամավորն իր գործունեության ընթացքում հայտնի է դարձել որպես բանիմաց ու պարկեշտ գործիչ, մեր աղբյուրները նորից դա անհավանական են համարում: ՀՅԴ-ում այլ հավանական թեկնածուի անուն դեռ չի նշմարվում: Ա.Շահբազյանը երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե ընտրություններից երկու տարի առաջ վաղ է այդ մասին խոսել, բայց ավելացրեց, թե կուսակցական տրամադրություններից ելնելով` թեկնածուն կարող է լինել ՀՅԴ անդամ: Սակայն ակամա հիշում ես նաեւ Ռ.Քոչարյանին: Հատկապես, որ անցած շաբաթ «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը հայտարարել է նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինին առաջադրելու մասին: Ու քանի ՀՀ ներքաղաքական կյանքի վրա ՌԴ ներքաղաքական զարգացումներն ունեն անմիջական ազդեցություն, ապա չի բացառվում, որ 2013-ին նախկին նախագահը որոշի դուրս գալ երիտասարդ թոշակառուի կարգավիճակից ու առաջադրվել: