Հակասություն չկա

18/04/2011

«Ժառանգություն» կուսակցությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որտեղ պարզաբանում է կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի եւ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի անցած շաբաթ կատարած հայտարարությունները: Ըստ հաղորդագրության` Ռ. Հակոբյանի եւ Ս.Սաֆարյանի անցյալ շաբաթ կայացած մամուլի ասուլիսների լուսաբանումներում եւ որոշ վերլուծաբանների նյութերում «փորձ է արվել հակադրություն ստեղծել քաղաքական զարգացումների վերաբերյալ բանախոսների տված գնահատականների ու կատարած կանխատեսումների միջեւ»: Ուստի «Ժառանգությունը»` «հետագա վերլուծական եւ լրատվական հրապարակումներում արհեստածին շահարկումները բացառելու առումով»` հարկ է համարում հիշեցնել, որ կուսակցության պաշտոնական դիրքորոշումներն այս կամ այն խնդրի կապակցությամբ ամրագրված են նրա ղեկավար մարմինների (համագումար, խորհուրդ, վարչություն) բանաձեւերում եւ որոշումներում, եւ երկու բանախոսներն էլ չեն հնչեցրել դրանցում ամրագրված գնահատականներին հակասող կամ բացառող որեւէ դիրքորոշում»: Հիշեցնենք, անցյալ երեքշաբթի Ռուբեն Հակոբյանը հայտարարել էր, թե ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նախագահ Սերժ Սարգսյանը պայմանավորվել են ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել: Իսկ հաջորդ օրը Ստեփան Սաֆարյանն ասել էր, թե ՀԱԿ-ի մասին նման հայտարարություններ անելը, այդպիսի գնահատականներ հնչեցնելը Ռուբեն Հակոբյանի անձնական ընտրությունը եւ անձնական բառաֆոնդն էր։

«Այն, ինչ այսօր կատարվում է ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» միջեւ, շատ վատ է: Երկու կողմերս էլ պետք է կանգ առնենք»,- ասել էր Սաֆարյանը` միաժամանակ շեշտելով, թե ՀԱԿ-ը գտնվում է այնպիսի վիճակում, երբ հետ կամ առաջ քայլ անելու տեղ չունի: Ըստ Սաֆարյանի` այդ ուժի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը «ձեռնոց է նետել ՀԱԿ-ից դուրս ընդդիմադիր ուժերին, բայց մի օր կտեսնի, որ ինքը բոլորովին միայնակ է»: «Ինչպես միշտ եւ իբրեւ ներքին ժողովրդավարության բարձր աստիճան ունեցող կուսակցության ներկայացուցիչներ, նրանք ազատ են եղել նաեւ իրենց կանխատեսումներում, ինչը ամենեւին շեղում չէ կուսակցության գծից եւ ամենեւին չի հարուցում այնպիսի հարց, թե նրանցից որի կանխատեսումն է կուսակցության պաշտոնական դիրքորոշումը, քանի որ կուսակցությունը չի կարող ունենալ պաշտոնական կանխատեսում», – ասված է «Ժառանգության» տարածած հայտարարության մեջ: