Յովանովիչը նոր բան չի ասել

18/04/2011

Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն անցած շաբաթ հայտարարել էր, որ Հայաստանն այս պահին չի կարող դիմել ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային նոր ծրագրի համար, քանի որ ընտրությունների եւ մի շարք այլ պատճառներով Հայաստանի ցուցանիշները չեն համապատասխանում հիմնադրամի պահանջներին: Դեսպանը նաեւ հույս էր հայտնել, թե միգուցե հետագայում հնարավոր լինի «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի նոր ծրագիր իրականացնել Հայաստանում: «Եվ հիմա, երբ Հայաստանը մուտք է գործում ընտրական նոր շրջան` գալիք տարի խորհրդարանական ընտրություններ են, 2013 թվականին` նախագահական ընտրություններ, ապա հնարավորություն կա բարելավելու այս ցուցանիշները: Իհարկե, ընտրությունների անցկացումը կարեւոր ցուցանիշ է, բայց կարեւոր է նաեւ մամուլի ազատությունը, հավաքների ազատությունը եւ այլ հարցեր, որոնք լավ կառավարման հիմք են կազմում»,- ասել էր Մ. Յովանովիչը: Երեկ անդրադառնալով «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի վերաբերյալ դեսպանի հայտարարությանը` քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ասել է. «Մարտիմեկյան դեպքերը եւ դրանց չբացահայտվելն, իհարկե, մեկ քայլ հետ էր, եւ դա առանց դեսպան Մարի Յովանովիչի էլ հասկանալի էր: Յովանովիչը ոչ մի նոր բան չի ասել: Դեռ 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո ասվել էր, որ կան պրոբլեմներ, եւ հնարավոր է «Հազարամյակի մարտահրավերները» ծրագրի դադարեցումը»: Սակայն, ըստ նրա, քաղաքական վերլուծությունները ցույց են տալիս, որ չի կարելի ասել, թե այս դրամաշնորհը տալիս հաշվի է առնվում բացառապես երկրի ժողովրդավարական պոտենցիալը: «Տրվել է Գանային, իսկ այն, չեմ կարծում, որ ավելի ժողովրդավարական երկիր է»,- ընդգծել է Ա. Իսկանդարյանը: Իսկ քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանի կարծիքով` այս ծրագրի դադարեցումն այն ազդակն է, որը «մեզ ցույց է տալիս, որ մենք համագործակցության ցանցից դուրս ենք մնում»: Չբացառելով, որ ծրագիրը ներդրում չէ, այլ դրամաշնորհ է, որ ԱՄՆ-ը տալիս է` ում ցանկանում է, Ա. Սեդրակյանն ասել է, որ արտաքին փողեր ներգրավելու համար անհրաժեշտ է լուծել ներքին խնդիրները: