Պատասխանել են

18/04/2011

ՀՀ ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը երեկ արձագանքել է մեր թերթի նախորդ համարում հրապարակված տեղեկատվությանը, թե ԱԺ-ն դիմել է կառավարությանը` իր գործուղումներին հատկացվող ծախսերն ավելացնելու առաջարկով, քանի որ ԱԺ-ում խոսակցություններ կան, թե առաջին եռամսյակում ծախսվել է գործուղումներին հատկացվող գումարների մեծ մասը, եւ այն չի բավարարի մինչեւ տարեվերջ: «Ի պատասխան «168 ժամ» թերթի չճշտված եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության, թե իբր «ԱԺ-ում խոսակցություն կա, որ առաջին եռամսյակում ծախսվել է գործուղումներին հատկացվող գումարների մեծ մասը, եւ այն չի բավարարի մինչեւ տարեվերջ», տեղեկացնենք, որ ընթերցողներին է մատուցվել ապատեղեկատվություն ԱԺ-ի մասին: Մինչդեռ ընդամենը պետք էր դիմել ԱԺ համապատասխան կառույցին, ճշտել ունեցած տեղեկատվությունը եւ հանրությանը ներկայացնել ճշգրիտ տեղեկատվություն: Պարբերականը տեղեկացրել, ավելի ճիշտ` ապատեղեկացրել է, թե իբր այս տարի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բազմաթիվ արտասահմանյան այցելություններ է ունեցել, որոնք եղել են բավական պատկառելի կազմով: 2011թ. ԱԺ նախագահն ընդամենը մեկ արտերկրյա պաշտոնական ուղեւորություն է ունեցել` մարտի 13-15-ը աշխատանքային այցով գտնվելով Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են եղել պատգամավորներ Արման Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Արայիկ Գրիգորյանը, Կարեն Ավագյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ինչպես նաեւ ԱԺ արարողակարգի պատասխանատուն, անվտանգության աշխատակիցը, թարգմանիչը, ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության պետը, ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետը, լուսանկարիչն ու օպերատորը: ԱԺ նախագահի կարգադրությամբ նրանց հատկացվել է գործուղման գումար, որը չի գերազանցել օրենսդրությամբ սահմանված չափը: Այնպես որ` իրականության հետ ոչ մի աղերս չունեն թերթի պնդումները: Անհիմն են նաեւ այն պնդումները, թե «պատգամավորները տարեկան բազմաթիվ անգամներ արտասահմանյան երկրներում տարբեր այցեր են ունենում, երբեմն` Հայաստանի ու խորհրդարանական գործունեության համար ոչ այնքան կարեւոր»: Խորհրդարանն աշխատում է թափանցիկ, եւ նրա գործունեությունը հրապարակային է: Ուստի եւս մեկ անգամ հորդորում ենք ԶԼՄ-ներին` ճշտել իրենց կողմից տարածվող տեղեկատվությունն ու մատուցել անաչառ, իրականությանը համապատասխանող լրատվություն»,- ասված է ՀՀ ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պատասխանի մեջ: