Ամեն անգամ, երբ Հայաստանի քաղաքական երկնակամարում հայտնվում է հերթական արդիական թեման, ակամա սկսում ես սպասել, թե ինչ երկընտրանք-կլիշեի է վերածվելու ծագող բանավեճը: Արդեն սովորական է դարձել, որ հասարակայնության եւ քաղաքական գործիչների այս կամ այն դիրքորոշման շուրջ համախմբվելը միշտ ծայրահեղ հակադիր բնույթ է կրում:
Ինչպես ցանկացած նախկին խորհրդային երկրում, հայ հասարակությունը եւս ապրում է եւ գնահատում իրականությունը խիստ ստերեոտիպների հիման վրա, որոնք ձեւավորվել են անկախության տարիներին:
Բոլորին հասկանալի է՝ ինչ է «նախկին դաշնակն ու հհշական-դաշնակը», ինչ է «կողմնորոշումը», ինչ է «ազգային մենթալիտետն ու ապազգայինը», «հերոսն ու փրկիչը», եւն: Ու քչերին է հետաքրքրում՝ ի՞նչն է օրենքով, ի՞նչը՝ ոչ: Այս վերջինն անհասկանալի է, քանի դեռ չի դարձել համընդհանուր կլիշե: Այսպես էլ ապրում ենք: Ու մեր կյանքն էլ համապատասխան է. ինչպես գնահատում ենք, այնպես էլ ապրում ենք:
Սակայն Հայաստանի հասարակությունն իր կյանքից դժգոհ է: Պարզապես դեռ լիովին չի գիտակցում, որ դրանում կարեւոր դեր է խաղում իր սեփական վերաբերմունքը կյանքը գնահատելու հարցում: Իրականում հենց այդ վերաբերմունքն է գլխավորն ու վճռորոշը: Ցանկացած հասարակության մեջ հասարակական քննարկման առարկա է դառնում այն, ինչը հասարակությանը կարեւոր է թվում իր համար: Որպես կանոն՝ մարդկանց հակումները դառնում են տարբեր խմբերի սպեկուլյացիայի առարկա, որոնք ձգտում են իշխանություն հաստատել այս կամ այն հասարակության մեջ՝ դիմելով «Քաղաքական կլոունադայի», որն ավելի է համապատասխանում այս կամ այն հասարակական կլիշեին: Այս գործում գլխավորն է` կարողանալ հասարակության վզին փաթաթել այս կամ այն խմբին ձեռնտու թեման եւ բոլորին ներշնչել, որ հենց այդ թեման է հասարակության համար կենսական կարեւորություն ներկայացնում: Եթե հասարակությունն «ուտում է կուտը», ընկնում է առաջարկվող թեմայի ազդեցության տակ: Որոշ ժամանակ անց քաղաքացիներն իրենց համար աննկատելի իշխանության են բերում այդ խմբին: Եվ միայն հետո է գալիս գիտակցումը: Մարդիկ սկսում են հասկանալ, որ քննարկման դրված թեման առանձնապես նշանակություն չուներ իրենց կյանքում, այն ընդամենն իշխանության եկած խմբի շահերին էր ծառայում… Եվ այդպես անվերջ, մինչեւ որ հասարակությունն ինքն իրեն հարց է տալիս՝ ինչի՞ համար է այդ աղմուկը, ու ի՞նչ նշանակություն ունի այն իր համար:
Հասկանալի է, որ ոչ մի հասարակություն չի կարող ապրել առանց իր համար կարեւոր հարցերի մասին բանավեճերի: Ու առաջադիմական նշանակություն է ստանում միայն այն բանավեճը, որը տարվում է իրոք կարեւոր խնդրի շուրջ: Խնդիրն այն է, որ միայն հատուկենտ հասարակություններ են կարողանում որոշել իրենց համար իսկապես կարեւոր, կենսական նշանակություն ունեցող խնդիրները: Ու միայն այն հասարակությունը, որը հասկանում է, որ կյանքի չափանիշն Օրենքն է, կարող է պաշտպանել իրեն անվերջանալի սպեկուլյացիաներից ու դեստրուկցիաներից:
Մնացյալներն իրենց էներգիան ու ժամանակը վատնում են դատարկ ինքնակեղեքման վրա՝ հայտնվելով հերթական անիմաստ բանավեճի ցանցում:
Թռուցիկ հայացք գցելով ժամանակակից Հայաստանի քաղաքական կյանքի վրա՝ կարելի է կարծիք կազմել վերջին տարիների լեզվակռիվ-բանավեճերի մասին, որոնք երկար տարիներ հայ հասարակությանը պահում են քաղաքական տարբեր խմբերի ազդեցության տակ: Վերցնենք հենց թեկուզ բոլորին հայտնի բազմամյա երկընտրանքը՝ «փաթեթային կամ փուլային կարգավորման» (հերթական կլիշե) շուրջ, որ հայ հասարակության վզին փաթաթել են 1998-ին հեռացած քաղաքական ուժերն ու նրան փոխարինելու եկած նոր իշխանությունները: Վերջին տարիների ընթացքում երկու ճամբարն էլ մարդկանց հավատացնում էին, որ այս կամ այն դիրքորոշման ընտրությունն է հասարակության համար ճակատագրական լինելու, որ այդ ընտրությունից է կախված մարդկանց ապագան:
Երբ 1999-ի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում գնդակահարեցին պետության ղեկավարներին, հասարակության վզին անմիջապես փաթաթեցին նոր թեմա: Ասում էին, որ Հայաստանի ճակատագիրը կախված է այն բանից, թե կգտնե՞ն արդյոք այդ ոճրագործության հեղինակներին: Տարիներ շարունակ մարդիկ սպասում էին, թե ինչպես է երկիրը դուրս գալու այդ ճգնաժամից:
Հետո սկսվեցին խոսակցություններն այն մասին, որ «ապազգային ուժերը» հալածում են «պատերազմի հերոսներին», ու հարկավոր է վերջիններիս պաշտպանել: Եվ այդպես շարունակ… Թեմաներն այդպես էլ պատասխան չստացան, իսկ երկիրը հանկարծ հայտնվեց հերթական երկընտրանքի առջեւ՝ «այո՞, թե՞ ոչ բարեփոխված սահմանադրությանը»: Հիմա արդեն գործիչների մի ողջ բանակ է փորձում հասարակությանը համոզել, որ հենց այդ հարցի լուծումն է որոշելու բոլորիս հետագա ճակատագիրը: Մնացած բոլոր խնդիրները մոռացվեցին: Բոլոր դեպքերում հասարակությունն ամենայն լրջությամբ էր վերաբերվում հրապարակային քննարկումներին: Եվ ինչպե՞ս ժողովուրդը կարող էր մի կողմ քաշվել, երբ հասարակության «գրագետ» մասը հազարավոր հոդվածներով ու հեռուստա-ռադիո-ելույթներում պնդում էր մի բան՝ «այս հարցից առավել կարեւոր բան չկա»: Բոլորը սպասում էին, որ այդ գրագետ զանգվածն առաջ քաշված խնդրի լուծումը կգտնի: Իսկ «գրագետ» զանգվածը շատ շուտով առաջ էր քաշում նոր «ճակատագրական» նշանակություն ունեցող խնդիր՝ գլխովին սուզվելով դրա մեջ ու հետեւից տանելով մյուսներին: Մնում է զարմանալ, թե որքան հեշտ է դա անել Հայաստանում: Եվ հիմա, երբ ուշադրության կենտրոնում հայտնվել է սահմանադրությունը, քչերն են հարց տալիս՝ ինչո՞ւ է հանկարծ այդ թեման դարձել գլխավորը: Խոսվում է միայն այն մասին, որ ազգի ճակատագիրն է կախված մեր «այո»-ից կամ «ոչ»-ից: Իսկ ի՞նչ եղան նախկին «ճակատագրական» հարցերը, ինչո՞ւ դրանք ոչ մի կերպ չազդեցին Հայաստանի բախտի վրա: Մի՞թե իզուր էին այդքան էներգիա ու ժամանակ վատնում խոսողներն ու գրողները: Այս հարցերն անպատասխան են, քանի որ ոչ ոք դրանց պատասխանելու ցանկություն չունի: Նոր երկընտրանքը բոլորին վհատեցրել է: Բոլորին, բացի հասարակությունից: Քանի որ հասարակությունն արդեն հասկացել է կատարվող իրադարձությունների բուն էությունը: Հասարակությունը գիտակցում է այս քաղաքական «կլոունադայի» ողջ խորությունը: Նա արդեն զգում է, որ տարիների ընթացքում իր վզին փաթաթված թեմաները քիչ նշանակություն ունեն իր կյանքում: Դրանք նշանակություն ունեն միայն դրանց հեղինակների համար՝ հայկական քաղաքականության քաղաքական «կլոունների»: Եվ ոչ մի ԶԼՄ չի կարող մարդկանց համոզել, որ «այո»-ն կամ «ոչ»-ը որեւէ բան կարող են փոխել մեր ճակատագրում:
Երեւում է՝ հայ հասարակությունն արդեն հասկանում է իր իրական խնդիրները: Ավելի հաճախ կարելի է լսել հարցը, թե ե՞րբ է այս ամենն ավարտվելու, լինելո՞ւ է արդյոք Հայաստանում կարգուկանոն: Ամենակարող կլիշեները կործանվում են:
ԶԼՄ-ներն իներցիայով դեռ շարունակում են հասարակությանը համոզել, որ կատարվող իրադարձությունները ճակատագրական են երկրի համար, բայց դրան հավատացողներն արդեն քիչ են: Երկիրը սկսել է իր «հերոսներին» դեմքով ճանաչել: