– Հավատ ներշնչո՞ւմ են արդյոք իշխանությունների հավաստիացումները, թե առաջիկա ընտրությունները լինելու են ազատ ու արդար: Այսինքն, որ այն լինելու է շրջադարձային:
– Այսօր շատ է խոսվում, որ մեր երկիրը դեռ դուրս չի եկել անցումային փուլից, եւ, որ դրա համար դեռ բավական ժամանակ է հարկավոր: Բայց որքան էլ սպասենք կամ էլ իներցիայով այս քաղաքականությունը շարունակենք, այդպես էլ անցումային փուլի վերջը չի գա: Դրա համար հարկավոր են կտրուկ քայլեր` արմատական ու համակարգային բարեփոխումներ: Բայց ինչպե՞ս դրան հասնել, եթե իշխանություններն ամեն ընտրությունից հետո վերարտադրվում են, իսկ իշխանափոխություն ասածն էլ ընդամենը դարձել է իշխանական վերնախավի մի անձին մյուսով փոխարինելը: Հետո էլ ասում ենք` մեր երկրում անձերի դերը գերագնահատված է, որ անձնական նվիրվածությունն ու հավատարմությունը բարձրացել է պետական քաղաքականության մակարդակի: Բայց սա փաստելուն զուգահեռ` պետք է նշենք, թե այս փակ շրջանից ինչպե՞ս կարող ենք դուրս գալ, ինչի՞ց սկսենք: Որքան էլ տարօրինակ հնչի` դարձյալ ընտրություններից: Պետք է հստակ հայտարարել, որ մեր երկրում 20-ամյա անցումային փուլի ավարտը կարող են լինել հենց 2012թ. խորհրդարանական ընտրությունները, երբ այնտեղ անցած ուժերը վաղօրոք հայտնած կլինեն, որ պատրաստ են սկսել երկրի` կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու գործընթաց: Շատերն են փաստում, որ 1990-95թթ. գումարման Գերագույն խորհուրդն իր ինտելեկտուալ մակարդակով, քաղաքացիական ու քաղաքական ակտիվությամբ նկատելիորեն գերազանցում էր հաջորդ բոլոր գումարման ԱԺ-ներին: Բայց, ցավոք, հենց այդ ինտելեկտուալ համույթը համաձայնվեց, որ մեր երկիրը 1991-ից անցնի կառավարման նախագահական համակարգին: Հետո դա 1995թ. սահմանադրությամբ կոչեցին կիսանախագահական, թեպետ «կիսա» խիստ վերապահումով կարելի է ասել, քանի որ Սահմանադրության մեջ պարզորոշ երեւում էին անձնիշխանության բոլոր նախադրյալները: Մինչդեռ ակնհայտ է, որ մեր նման փոքր երկրում, հատկապես մոնոէթնիկ եւ ունիտար, արդյունավետ կարող է գործել հենց պառլամենտական համակարգը: Բա էլ ի՞նչն է խանգարում, որ քաղաքական ուժերը հայտարարեն, որ կողմ են անցմանը խորհրդարանական կառավարման համակարգին: Այսինքն` ձայն տալով նման մոտեցում դրսեւորած քաղաքական ուժերին, հասարակությունը հնարավորություն է ստեղծում, որ նրանք մտնելով գալիք խորհրդարան` ԱԺ դատին ներկայացնեն նոր սահմանադրության տարբերակ, որն էլ հետագայում կդրվի հանրաքվեի: Եվ դա կարվի այնպիսի արագությամբ, որ 2013-ին նախագահական ընտրություններ այլեւս չլինեն:
– Կարելի՞ է ենթադրել, որ սա է լինելու Ձեր կուսակցության նախընտրական ծրագրի առանցքային մոտեցումը:
– Ես սա չեմ ներկայացնում որպես մեր նախընտրական ծրագրի կարգախոս, քանի որ կուսակցությունով դեռ որոշում չենք կայացրել, թե ինչ կերպ ենք մասնակցելու ընտրություններին եւ ինչ ծրագրով: Ես ասում եմ, որ ռամկավարներին ուղղակի խորթ է անհատի պաշտամունքը, հենց թեկուզ այն պատճառով, որ մենք դավանում ենք լիբերալ-դեմոկրատական արժեքների: Այնպես որ` սա մեզ համար իրավիճակային մոտեցում չէ: Իսկ հասարակությունն էլ, իր հերթին, այս տարիների ընթացքում սեփական մաշկի վրա զգաց այս անձնիշխանության բոլոր ծանր հետեւանքները:
Այս դեպքում հասարակությունը մինչեւ խորհրդարանական ընտրություններ արդեն իր ընտրությունը մի հարցում կատարած կլինի` մերժել այս իշխանությունների վերարտադրությանը լծված ուժերին, նոր միայն ընտրությունների միջոցով ձայնը տալ այն ուժին, որի ծրագրերը իրեն հոգեհարազատ են: Մեկ է, նրանք բոլորն էլ, ի վերջո, պայքարում են նրա համար, որ մեզ ազատեն այս մեկ անձի իշխանության չարիքից: Այսինքն` կողմ են գիծը քաշելուն` 2012-ի ընտրություններով մեր երկրի անցումային փուլի ավարտն ազդարարելուն:
– Չե՞ք կարծում, որ 2013-ին նախագահի միասնական թեկնածուով հանդես գալ պատրաստվող կոալիցիոն ուժերն առարկելու են Ձեր այս մոտեցումը:
– Համաձայն եմ, կլինեն հակափաստարկներ, թե իբր մեր երկիրը դեռ պատրաստ չէ դրան: Թող ներկայացնեն ու փորձեն իրենց տեսակետը հիմնավորել: Համոզված եմ, որ դրանք կլինեն խիստ անհամոզիչ, ու մենք էլ մեր հերթին հնարավորություն կունենանք նրանց արժանի հակահարված տալ:
– Բայց եթե ակնհայտ է, որ մեր տիպի երկրների համար արդյունավետը խորհրդարանականն է, այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ անկախացման հենց սկզբում անցնել կառավարման նախագահական համակարգին:
– Ես չեմ ուզում ներքաշվել այն բանավեճի մեջ, թե ով էր մեղավոր, որ մեր անկախ պետականության կերտման սկզբին, արդեն հանգամանքների բերումով` պառլամենտական երկիրը դարձավ նախագահական, կամ էլ ովքեր էին կողմ 1995-ին ընդունված սահմանադրությանը, կամ էլ 2005-ի բարեփոխված տարբերակին, որի ժամանակ էլ փաստորեն կոնցեպտուալ առումով գրեթե բան չփոխվեց: Եթե մեր նպատակը մի օր գիծը քաշելն է, ուրեմն պետք է վեր կանգնենք փոխադարձ մեղադրանքներից. ով այսօր է համաձայն երկիրը խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու շանսը բաց չթողնելուն` մենք ողջունում ենք, ու վե՜րջ: Ի դեպ, սրանով միանգամից ի հայտ կգան նաեւ այս կամ այն առաջնորդի քողարկված պաշտպանները, թե ով է իրականում կատարում առաջին նախագահի պատվերը, ով` երկրորդ, իսկ ով` երրորդ: Բացի այդ` նաեւ այն ուժերը, ովքեր թաքուն հույս են փայփայում, թե երեք նախագահների պայքարից շահողը կլինի իրենց առաջնորդը` 4-րդը: Եկեք չխաբենք միմյանց. ում էլ նախագահ ընտրենք, ինչպիսի որակական տարբերություններ էլ ունենան մեկը մյուսի նկատմամբ, ի վերջո, նա դառնալու է միապետ, քանի որ համակարգն այլ բան թույլ չի տալու, իսկ ընտրվողը կարող է հասնել նախագահական աթոռին միայն այս համակարգի աջակցությամբ:
Այնպես որ, եթե ճամփաբաժան եք ուզում, սա կարող է լինել հենց այդ իրական ճամփաբաժանը:
Զրուցեց Ա. ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ