ՀՀ սփյուռքի նախարարությունը երեկ պատասխան մեղադրանքներ է ներկայացրել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանին: Հիշեցնենք, որ վերջինս` Սփյուռքի նախարարությանը եւ անձամբ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին մեղադրել էր հիմնադրամում չարաշահումներ անելու մեջ: «Այս ամբողջ աղմուկի պատճառն այն է, որ Հրանուշ Հակոբյանը թույլ չի տվել, որ պետական բյուջեով նախատեսված գումարները ծախսվեն անարդյունավետ, եւ փորձել ենք կանխել չարաշահումները»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը: Ս. Պետրոսյանի ասելով` իրենք նախկինում չէին պատասխանում Թ.Պողոսյանի մեղադրանքներին` համարելով, որ «չարժե պատասխանել անհիմն մեղադրանքներին»: «Եթե նա հայտարարեր, որ լուսնի վրայից բենզինի հոտ է գալիս, մենք պետք է այդ աբսուրդ միտքը մեկնաբանեի՞նք»,- ասել է Ս. Պետրոսյանը: Նաեւ հավելել է. «Թամար Պողոսյանի` անմեղ գառնուկի կերպարանքով արված մեղադրանքները կեղծ եւ շինծու են, այդ մեղադրանքները փչած փուչիկներ են, որոնք դատարկ են ու մտացածին, եւ դրանց նպատակը շանտաժն է ու զրպարտությունը»: Փոխնախարարի խոսքով` Հրանուշ Հակոբյանը կանխել է հիմնադրամի գործադիր տնօրենի կողմից որոշակի չարաշահումներ: Ըստ նրա` «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակում անցկացվող կատարողական արվեստի վեց օրերի համար Թ. Պողոսյանը «Օվացիա» կազմակերպության հետ պայմանագիր էր կնքել` բեմական ծառայությունների դիմաց 25 մլն դրամ վճարելու համար: Սակայն, ըստ Ս. Պետրոսյանի` նախարարությունն ուսումնասիրել եւ պարզել է, որ այդ գինը շուկայականից անհամեմատ բարձր է: «Ուսումնասիրելուց հետո մենք այդ կազմակերպությանը վճարեցինք 18 մլն դրամ` չնայած, որ Պողոսյանը մեզ հետ կռվում էր ու պահանջում, որ վճարենք իր ասած գումարը»,- ասել է Ս. Պետրոսյանը: Ըստ նրա` փառատոնի շրջանակում անցկացվող կատարողական օրերի համար Թ. Պողոսյանն իր համար դուրս էր գրել մոտ 2.8 մլն դրամ հավելավճար: «Այդպիսի հավելավճարներ հնարավոր չեն»,- հայտարարել է Ս. Պետրոսյանը` ավելացնելով, որ կատարողականների իրականացման գործում Պողոսյանն ամբողջությամբ ներգրավել էր իր բարեկամներին: «Հաշվապահը քույրն էր, բարեկամուհին էր կամ չգիտեմ ով… ընտանեկան կապալի մեխանիզմն է գործել»,- ասել է ՀՀ սփյուռքի փոխնախարարը: Ասուլիսին երեկ ներկա էին նաեւ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ` Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Արա Վարդանյանը: «Թամար Պողոսյանն աուդիտի ընտրություն է կատարել, աշխատավարձեր է նշանակել, կառուցվածք է հաստատել, ինչը գործադիր տնօրենի գործը չէ, դա հոգաբարձուների խորհրդի գործն է»,- ասել է Արա Վարդանյանը: