«ՀԱԿ-ը պետք է փոխի մարտավարությունը»,- կարծում է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը

18/04/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ընդդիմադիր դաշինք կստեղծվի՞: Ընդդիմադիր որոշ ուժեր արդեն հայտարարել են այդ ուղղությամբ բանակցություններ սկսելու մասին:

– Ես չեմ կարծում, որ ընդդիմադիր դաշինք կձեւավորվի, այդ խոսակցությունների տակ ոչ մի ռեալ հիմք գոյություն չունի: Երբ որ խոսում են ընդդիմադիր դաշտի կամ դաշինքի մասին, պետք է տարրական գիտելիքներ ունենան, թե ինչ բան է ընդդիմություն, ինչպես է այն ընկալվում: Ուղղակի խոսել, թե «Ժառանգությունը» կարող է միավորվել, ասենք, Տիգրան Կարապետյանի կամ մեկ ուրիշի հետ, դրանք զուտ խոսակցություններ են:

– Բայց «Ժառանգության» փոխնախագահն է հայտարարում դաշինք ստեղծելու շուրջ բանակցությունների մասին:

– Նրանք երբ խոսում են ընդդիմության միավորվելու մասին, առաջին հերթին պետք է հասկանան, թե ինչպես է տվյալ քաղաքական ուժն ընդունվում հասարակության, ընտրազանգվածի կողմից, կամ ինչ ընտրազանգված ունի, այդ ընտրազանգվածն ինչ դրդումներով է գնում քվեարկության, ինչ գաղափարախոսության է հետեւում, եւ այլն: Արդյո՞ք այդ կուսակցությունը ցանցային կառույցներ, ռեսուրսներ ունի:

– Հենց նման ռեսուրսներ չունենալու եւ ընդդիմության էլեկտորատը չփոշիացնելու համար չե՞ք կարծում, որ համագործակցելու կամ դաշինքի անհրաժեշտությունը կա:

– Ոչ, չեմ կարծում, որովհետեւ ընդդիմադիր էլեկտորատ գոյություն չունի: ՀՅԴ-ին ձայն են տալիս որոշակի խմբեր, որոնք երբեք ձայն չեն տա «Ժառանգությանը»: ՀՅԴ-ի էլեկտորատի համար «ծովից ծով» Հայաստան կարգախոսն ինչ-որ արժեք է ներկայացնում, ինչը ՀԱԿ-ի ընտրազանգվածի համար չափանիշ չէ: «Ժառանգությունը» չկայացած կուսակցություն է, երեւում է խմբակցության մի քանի հոգին, ովքեր հիմնականում իրավապաշտպան գործունեություն են իրականացնում: «Ժողովրդական կուսակցությունն» ընդհանրապես գոյություն չունի, դա մեկ մարդ-կուսակցություն է: Սրանք միավորումներ են, որոնք ընդհանուր ոչինչ չունեն, դրա համար էլ դաշինքը բացառվում է: Դրա համար պետք է ունենալ նաեւ տարրական քաղաքագիտական գիտելիքներ: Նրանց թվում է, որ եթե միավորվեն, կվերցնեն ընդդիմության ձայների մեծ մասը, բայց այդպես չէ:

– Իսկ Ձեր կարծիքով` ինչո՞ւ չի ստացվում «Ժառանգության» ու ՀԱԿ-ի համագործակցությունը, պատճառը լիդերների անհանդուրժողականությո՞ւնն է միմյանց նկատմամբ, թե՞ գաղափարական ինչ-որ տարաձայնություններ կան:

– Շատ գործոններ կան, բայց «Ժառանգության» որոշ գործիչներ ՀԱԿ-ի հետ լավ էլ համագործակցում են: Զ.Փոստանջյանի` ԵԽ ԽՎ-ում քաղբանտարկյալների ազատ արձակման հետ կապված գործունեությունը ձեռնտու է ՀԱԿ-ին: Խորհրդարանում Ստեփան Սաֆարյանը որոշակի հայտարարություն է անում, ինչը ձեռնտու է ոչ միայն «Ժառանգությանը», այլեւ ՀԱԿ-ին: Իսկ թե ինչո՞ւ չկարողացան համագործակցել, ամենապարզ պատճառով` ՀԱԿ-ը քաղաքական միավոր է, «Ժառանգությունը» քաղաքական շապիկով իրավապաշտպանական գործունեություն է ծավալում: «Ժառանգությունը» բացօթյա առեւտրով զբաղվող առեւտրականների, վրացական պետհամարանիշներով մեքենաների սեփականատերերի եւ նման մի քանի այլ խմբերի շահերն է պաշտպանում: Բայց էլեկտորատը դա չէ, դրանք Էությամբ տարբեր են: Եվ այս առումով ՀԱԿ-ի ու «Ժառանգության» գործունեությունը շատ տարբեր են: «Ժառանգությանը» թվաց, թե եթե իրենք ՀԱԿ-ին քննադատեն, ընդդիմադիր ընտրազանգվածին կբերեն իրենց մոտ: Բայց ընդդիմադիր ընտրազանգված չկա: ՀԱԿ-ը ուրիշ ընտրազանգված ունի, ՀՀԿ-ն` ուրիշ: Նրանց ընտրազանգվածները իրար հետ չեն հատվում:

– Այս օրերին պաշտոնապես հայտնի դարձավ, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը ՌԴ-ում կառաջադրվի` որպես նախագահի թեկնածու: Դա նշանակություն կունենա՞ ՀՀ ներքաղաքական իրավիճակի վրա:

– Իհարկե, ՌԴ-ի ազդեցությունն ուժեղ է, եւ, բնականաբար, Մեդվեդեւ-Պուտին հարաբերությունները, հարցերի ճշգրտումը անմիջականորեն ազդելու են ՀՀ-ի ներքաղաքական դաշտի վրա: Կարող է` որոշակի ազդանշաններ գան, թե ՌԴ-ում վերաբերմունքը փոխվում է Հայաստանի այս կամ այն գործչի նկատմամբ: Դա կերեւա նրանց լրատվամիջոցներով, հանդիպումներով, թե Հայաստանի այս կամ այն գործիչը ՌԴ-ում հատկապես ում հետ է հանդիպում:

– Այդ դեպքում, Վ.Պուտինի օրինակով` 2013-ին կառաջադրվի՞ Ռոբերտ Քոչարյանը:

– Չի առաջադրվի, որովհետեւ Հաագայի դատարանում է նրա դեմ ուղղված ՀԱԿ-ի հայցը, որին դեռ ընթացք չի տրվել: Իմ կարծիքով` եթե նա փորձի ակտիվություն դրսեւորել, Հաագայի դատարանի գործը կարող է շատ հանգիստ աշխատել:

– Ուզում եք ասել` Արեւմուտքը Քոչարյանին դե՞մ է:

– Ես չեմ կարող ասել, ուղղակի ասում եմ, որ այդ գործն այնտեղ դրված է: Իմ կարծիքով` դա պահված է նրա համար, որ հանկարծ նա չակտիվանա: Մյուս կողմից էլ` այնպես չէ, որ մարդը մենակ ակտիվանա, դրա համար նա ինչ-որ կառույց պետք է ստեղծի, կուսակցություն ունենա, նախընտրական կամպանիա սկսի: Այդ առումով շատ էին խոսում ԲՀԿ-ի մասին, բայց սա էլ հուշագրով ջարդվեց: Իսկ ՀՅԴ-ի վրա, չեմ կարծում, որ նրա ընտրությունը կանգ առնի:

– Բայց ինչո՞ւ եք համոզված, որ կես տարի հետո ԲՀԿ-ն անկախ ստորագրած հուշագրից` չի ասի, թե կոալիցիան չի արդարացրել իրենց սպասումները, չի կատարել հուշագրի պահանջները, եւ դուրս գա այդ կառույցից:

– Դրանք քաղաքական ուժ ունեցող, եւ շատ դեպքերում` ավելի կարեւոր ուժ ունեցող փաստաթղթեր են: Նախ` նա պետք է մասնակցի խորհրդարանական ընտրություններին եւ կարողանա ապացուցել, որ լուրջ ուժ է, հետո նոր` նախագահականի ժամանակ թեկնածու ունենալու մասին մտածի: Իսկ եթե խորհրդարանական ընտրություններից առաջ իր անվան հետ կապի Ռ.Քոչարյանին, ապա դա խիստ բացասական է ազդելու ԲՀԿ-ի վարկանիշի վրա: Այդ ո՞ր մի քաղաքական ուժը կուզենա մեխանիկորեն իջեցնել իր վարկանիշը:

– ՀՅԴ-ն հնարավոր համարեց, որ նախագահական ընտրություններին կառաջադրի սեփական թեկնածուին: Ձեր կարծիքով` ո՞ւմ կառաջադրի:

– Դա բնական է, քաղաքական յուրաքանչյուր ուժ հայտարարում է, թե ինքն իր թեկնածուն է ունենալու, որ ինքը բավականին ազդեցիկ է: Ուղղակի մի բան հիշեցնեմ: 2007թ. խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ն ստացավ մոտ 170.000 ձայն, 1 տարի հետո նախագահականին` մոտ 95 հազար ձայն, դրանից էլ 1 տարի հետո` Երեւանի ավագանու ընտրություններին` 18 հազար ձայն: Այս դինամիկան նույնիսկ 5 տոկոսը հաղթահարելու հնարավորություն չի տալիս: Երեք տարվա ընթացքում նրա ձայներն ամեն տարի 50 տոկոսով պակասել են: Ինչը ցույց է տալիս, որ ՀՅԴ-ն ուղղակի հեղինակազրկվում է թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով:

– Խորհրդարանական ընդդիմությունը հաջորդ խորհրդարանում ներկայացված կլինի՞:

– Եթե այս ընտրություններին գնան համեմատաբար ազնիվ քվեարկություններով, չգնան բարիշելու տարբերակով, ոչ «Ժառանգությունը», ոչ ՀՅԴ-ն խորհրդարան չեն մտնի:

– Այսինքն` նախորդ անգամ մտել են, որովհետեւ քվեարկությունն ազնիվ չի՞ եղել:

– Ոչ, նախորդ անգամ ՀՅԴ-ն կոալիցիայի անդամ էր, ուներ որոշակի ռեսուրսներ, դեռեւս այդ աստիճանի չէր հեղինակազրկվել եւ արդյունք ստացավ: Իսկ, որ ամենակարեւորն է, քաղաքական դաշտում չկար ՀԱԿ-ը: Այսինքն` իրավիճակը բոլորովին ուրիշ էր: 2007-ին, երբ «Ժառանգությունը» եկավ, Ր.Հովհաննիսյանը նոր գործիչ էր, գրավում էր բոլորին բարեւելով, «Տեր ես» կարգախոսով, դրա համար կարողացան խորհրդարան մտնել: Եվ հաջորդ ընտրություններին, նախորդի հետ համեմատած, քաղաքական իրավիճակը փոխվել է, 2 հիմնական խաղացողներ են մնացել` ՀՀԿ եւ ՀԱԿ:

– ՀԱԿ-ում էլ կարծես թե արշալույսներն այնքան խաղաղ չեն: Կարապետ Ռուբինյանը դուրս եկավ, ներսում հավանաբար այլ տարաձայնություններ էլ կան:

– Կ.Ռուբինյանն, ի վերջո, անհատ գործիչ էր, մարդիկ հաստատ նրա հետեւից չեն գնում, գնում են ՀԱԿ-ի հետեւից: Բայց ՀԱԿ-ը պետք է որոշ դասեր քաղի եւ իր տակտիկայի մեջ որոշակի փոփոխություններ մտցնի, որովհետեւ միայն հանրահավաքներով չի կարող խնդիր լուծել, քաղաքական պայքարում միայն հանրահավաքով արդյունքի չես հասնի: Հանրահավաքներն էլեկտորատ մաշեցնելու հատկություն ունեն: ՀԱԿ-ը պետք է որոշակի եզրակացություններ անի, տակտիկական փոփոխություններ անի, հակառակ դեպքում էլեկտորատի կորուստ կունենա:

– Նախորդ հանրահավաքի ժամանակ հայտարարեցին քաղաքացիական անհնազանդություն ձեւավորելու, երկխոսության կամ ջրբաժանի մասին:

– ՀԱԿ-ի մոտ շատ թույլ է PR կամպանիան: Հիմնական միջոցառումը եղել է գազի դեմ ստորագրահավաքը եւ հանրահավաքները: Զանգվածային այլ միջոցառումներ չի կատարել: ՀԱԿ-ն էլ հիմնականում Երեւանում է երեւում, մարզերում նրա գործունեությունը դեռ ակտիվ չէ: