Երեկ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի է ունեցել քաղբանտարկյալների հարազատների ու կանանց հերթական բողոքի ակցիան: 2008թ. մարտի 1-ից մինչ օրս նրանց պահանջը նույնն է` քաղբանտարկյալների ազատ արձակում: Երեկվա ակցիայի մասնակիցները, ըստ «Ա1+»-ի` հույս են հայտնել, որ դա իրենց նախավերջին ակցիան է, քանի որ մինչեւ ՀԱԿ-ի ապրիլի 28-ի հանրահավաքը բոլոր քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն:
Հիշեցնենք, որ «Սեւան» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արամ Բարեղամյանի պատժաժամկետն արդեն լրացել է եւ նրան պայմանական-վաղաժամկետ ազատ արձակման որոշումն անկախ հանձնաժողովը պետք է քննարկեր եւ ուղարկեր դատարան` որոշում կայացնելու: Սակայն այդ գործընթացն ինչ-ինչ պատճառներով ձգձգվում է: Հիշեցնենք, որ ազատազրկման վայրերում այսօր 7 քաղբանտարկյալ կա: