Երեկ ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ակսել Ֆիշերը հանդես են եկել հայտարարությամբ, որում Հայաստանի իշխանություններին կոչ են արել նախաձեռնություններից անցնել գործողությունների: Նրանք իշխանություններին հորդորել են իրականացնել հայտարարվող բարեփոխումները` մտահոգություն հայտնելով, որ հակառակ դեպքում իրավիճակը կարող է հանգեցնել «սոցիալական խռովությունների»: Համազեկուցողները շեշտել են, որ միայն օրենսդրական փոփոխությունները բավարար չեն, եւ դրանք պետք է ուղեկցվեն գործող պրակտիկան եւ մտածելակերպը փոխելուն ուղղված քաղաքականությամբ: «Այժմ այդ նախաձեռնությունները գործողությունների վերածելու ժամանակն է»,- նշել են նրանք` վերահաստատելով Հայաստան կատարած վերջին այցից հետո իրենց հնչեցրած այն գնահատականը, որ 2008-ի մարտիմեկյան իրադարձություններում դերակատարություն ունենալու համար որոշ մարդկանց դեռ անազատության մեջ պահելը եւ 10 անձանց մահվան հանգամանքների ոչ բավարար հետաքննությունը «շարունակում են թունավորել Հայաստանում քաղաքական միջավայրը» եւ կարող է «բացասական ազդեցություն ունենան հաջորդ տարի կայանալիք ընտրությունների վրա»: Այսինքն` ԵԽ ԽՎ-ն արդեն գրեթե ուղիղ տեքստով ՀՀ իշխանություններին զգուշացնում է, որ «հանդուրժելու» ռեսուրսն արդեն սպառվել է: «Նախաձեռնություններից գործողությունների անցնելու» մասին հորդորը այլ կերպ նշանակում է` այլեւս «լոլոներ» լսելու ժամանակը լրացել է, եւ ՀՀ իշխանությունները կամ պետք է կոնկրետ քայլեր իրականացնեն, կամ լուրջ խնդիրներ կունենան` «սոցիալական խռովությունների» տեսքով: Ի դեպ, զարմանալի «պատահականությամբ» երեկ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը հայտարարել է, որ Հայաստանն այս պահին չի կարող դիմել ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային նոր ծրագրի համար, քանի որ ընտրությունների եւ մի շարք այլ պատճառներով Հայաստանի ցուցանիշները չեն համապատասխանում հիմնադրամի պահանջներին: «Այս պահին Հայաստանը չի կարող դիմել երկրորդ ծրագրի համար` որոշ ցուցանիշների պատճառով: Կարծում եմ` սա նաեւ խթան պետք է լինի, որպեսզի աշխատանք իրականացվի այն ցուցանիշների մասով, որոնք չեն համապատասխանում հիմնադրամի պահանջներին, մասնավորապես` լավ կառավարման ասպարեզում»,- ասել է նա` ավելացնելով, որ հիմա, երբ Հայաստանը մուտք է գործում ընտրական նոր շրջան` հաջորդ տարի խորհրդարանական ընտրություններ են, 2013 թվականին` նախագահական ընտրություններ, ապա հնարավորություն կա բարելավելու այս ցուցանիշները: «Իհարկե, ընտրությունների անցկացումը կարեւոր ցուցանիշ է, բայց կարեւոր է նաեւ մամուլի ազատությունը, հավաքների ազատությունը եւ այլ հարցեր, որոնք լավ կառավարման հիմք են կազմում»,- հայտարարել է Մ. Յովանովիչը: