Հայաստանը չի կարող դիմել

16/04/2011

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ Արագածոտնի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը` պատասխանելով լրագրողների հարցին, ասել է, թե Հայաստանն այս պահին չի կարող դիմել ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային նոր ծրագրի համար, քանի որ ընտրությունների եւ մի շարք այլ պատճառներով Հայաստանի ցուցանիշները չեն համապատասխանում հիմնադրամի պահանջներին: Նաեւ հավելել է, թե միգուցե հետագայում հնարավոր լինի «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի նոր ծրագիր իրականացնել Հայաստանում. «Ամեն տարի քննարկվում է, թե տվյալ երկիրը կարո՞ղ է դիմել: Այս պահին Հայաստանը չի կարող դիմել երկրորդ ծրագրի համար` որոշ ցուցանիշների պատճառով: Կարծում եմ` սա նաեւ խթան պետք է լինի, որպեսզի աշխատանք իրականացվի այն ցուցանիշների մասով, որոնք չեն համապատասխանում հիմնադրամի պահանջներին, մասնավորապես` լավ կառավարման ասպարեզում»,- ասել է Մարի Յովանովիչը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` դեսպանը պարզաբանել է. «Այն, ինչ ես ցանկանում էի ասել, թե ինչ է նշանակում «լավ կառավարում»գ այդ մասին ցուցանիշները մենք կարող ենք տրամադրել, դրանք հրապարակային տվյալներ են, եւ դրանք առնչվում են տարբեր ոլորտներին ու, այդ թվում, ակնհայտորեն, ընտրություններին: Եվ հիմա, երբ Հայաստանը մուտք է գործում ընտրական նոր շրջան` գալիք տարի խորհրդարանական ընտրություններ են, 2013 թվականին` նախագահական ընտրություններ, ապա հնարավորություն կա բարելավելու այս ցուցանիշները: Իհարկե, ընտրությունների անցկացումը կարեւոր ցուցանիշ է, բայց կարեւոր է նաեւ մամուլի ազատությունը, հավաքների ազատությունը եւ այլ հարցեր, որոնք լավ կառավարման հիմք են կազմում»: