ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ակսել Ֆիշերը երեկ Հայաստանի իշխանություններին կոչ են արել իրականացնել բարեփոխումները ծրագրերը` մտահոգություն հայտնելով, որ հակառակ դեպքում «իրավիճակը կարող է հանգեցնել սոցիալական խռովությունների»:
Համազեկուցողները ողջունելով Ոստիկանության, արդարադատության եւ ընտրական համակարգերում բարեփոխումների Հայաստանի իշխանությունների բազմաթիվ նախաձեռնությունները` հայտարարել են, թե «այժմ այդ նախաձեռնությունները գործողությունների վերածելու ժամանակն է»: Հայտարարության մեջ նրանք ընդգծում են, որ միայն օրենսդրական փոփոխությունները բավարար չեն, եւ «դրանք պետք է ուղեկցվեն գործող պրակտիկան եւ մտածելակերպը փոխելուն ուղղված քաղաքականությամբ»:
Ըստ հայտարարության` 2008թ. մարտիմեկյան իրադարձություններում դերակատարություն ունենալու համար որոշ մարդկանց դեռ անազատության մեջ պահելը եւ 10 անձանց մահվան հանգամանքների ոչ բավարար հետաքննությունը շարունակում են «թունավորել Հայաստանում քաղաքական միջավայրը» եւ կարող է «բացասական ազդեցություն ունենան հաջորդ տարի կայանալիք ընտրությունների վրա»: Նաեւ ասված է, որ բարեփոխումների հետ կապված ներկայիս իրավիճակը` զուգորդված քաղաքական բեւեռացմամբ, եւ սոցիալական ու տնտեսական միջավայրի վատթարացումը «կարող են հանգեցնել սոցիալական խռովության վերսկսմանը, եթե իրավիճակը չկարգավորվի, եւ տեղի չունենան թափանցիկ ժողովրդավարական ընտրություններ»: «Համազեկուցողները նախատեսում են Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների վերաբերյալ զեկույց պատրաստել` ԵԽ ԽՎ աշնանային նստաշրջանում ներկայացնելու համար»,- ասված է համազեկուցողների հայտարարության մեջ:
ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը Ստրասբուրգից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ հանձնաժողովի նիստին մասնակցել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը եւ երկու համազեկուցողներից մեկը` գերմանացի Ակսել Ֆիշերը: «Պարոն Ֆիշերը ներկայացրեց իր նկատառումները եւ տպավորությունը այցելությունից հետո, իսկ պարոն Համարբերգն իր մասով հրապարակեց, որ պատրաստվում է շուտով ներկայացնել իր զեկույցը Հայաստանի հետ կապված, եւ այս պահին այն դեռեւս գաղտնապահական է: Սակայն ուղարկել է իր զեկույցը Հայաստանի իշխանություններին, սպասում է նրանց արձագանքին, որպեսզի ամբողջականացնի իր զեկույցը»,- ասել է Դ. Հարությունյանը` հավելելով, որ այն կհրապարակվի, ամենայն հավանականությամբ, մայիսի սկզբին: Սակայն նա չի մանրամասնել փակ նիստում քննարկված խնդիրները. «Սկզբունքորեն այն բոլոր հարցերն էին, որոնք միշտ եղել են ուշադրության կենտրոնում` Մարտի 1, զանգվածային լրատվություն, ընտրական օրենսդրություն, դատաիրավական բարեփոխումներ, ոստիկանական ռեֆորմներ»,- ասել է Դ. Հարությունյանը: Հարցին, թե եղե՞լ է արդյոք անդրադարձ մարտի 1-ի սպանությունների բացահայտման խնդրին, Դավիթ Հարությունյանը պատասխանել է. «Մարտի 1-ի հետ կապված` իհարկե»: