Տիեզերքը՝ երեխաների աչքերով

16/04/2011

Երեւանի Գեղագիտական կենտրոնը պատրաստել է հատուկ ցուցահանդես, որի առանցքում տիեզերքն է։ Հայ մանուկները նկարել են իրենց պատկերացումներն ու երազները կոսմոսի անծայրածիր տարածքի մասին։ Աստղերը, մոլորակներն ու այլմոլորակայինները, ինչպես նաեւ՝ տիեզերքը հասկանալու, ընդունելու ու նվաճելու մարդու ձգտումները շատ հետաքրքիր արտահայտություն են ստացել հայ մանուկների աշխատանքներում։ Գույները, ֆորմաները, կենդանի էակների ու տարբեր տիեզերանավերի կառուցվածքները վկայում են նրանց անկաշկանդ ու պրպտող էության մասին։ Անծայրածիր երեւակայությանը միահյուսվել է տրամաբանելու պահանջը, ինչի արդյունքում էլ՝ ստեղծվել են նկար-ուղերձներ։ Որոնք, ի դեպ, ոչ միայն տիեզերքում ապրող էակներին են հետաքրքիր, այլեւ՝ հենց մեզ, քանի որ դրանք նոր գաղափարների գանձարան են։ Գեղագիտական կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանը նկատում է. «Այս ցուցահանդեսը նվիրվում է դեպի տիեզերք կատարած առաջին թռիչքի 50-ամյակին։ Եվ պետք չէ մոռանալ, որ տիեզերքը նվաճելու գործում մեծ դեր են կատարել նաեւ հայ գիտնականները՝ Գյուրզադյանը, Իոսիֆյանը։ Մենք միշտ ասում ենք, որ մեր երեխաները շատ տաղանդավոր են, եւ այս ցուցահանդեսի պատրաստման ընթացքում համոզվեցի, որ նրանք ոչ միայն տաղանդավոր, այլեւ՝ շատ խելացի են»։