Ադրբեջանական «APA» գործակալությունը` վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրին, տեղեկացնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասյեն եւ Իգոր Պոպովը հանդիպելու են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Նույն աղբյուրի հաղորդմամբ` ակնկալվում է, որ հանդիպումը կայանալու է Վաշինգտոնում` առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Հանդիպմանը միջնորդները պետքարտուղարին տեղեկացնելու են Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ընթացքի մասին: Ներկայում Մինսկի խմբի միջնորդները տարածաշրջանային այցով գտնվում են Բաքվում, որտեղ նրանք հանդիպելու են Ադրբեջանի ղեկավարության հետ: Հիշեցնենք, որ նախօրեին նրանք հանդիպել էին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հետ: