Ասա՛ դու ինձ, հայելի

14/04/2011

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով եռամյա գործունեության ընթացքում լրագրողների հետ շփվում էր բացառապես «face control»-ից հետո, երեկ ԱԺ-ում պատասխանել է լրագրողների բոլոր հարցերին: Չնայած նա խոսել է գրեթե ամեն ինչի մասին, սակայն ակնհայտորեն երեկվա «հրապարակայնության» նպատակը իր հնարավոր պաշտոնանկության մասին տեղեկություններին պատասխանելն էր: Նշենք, որ մեր թերթում էր հրապարակվել տեղեկությունը, որ իշխանական շրջանակներում քննարկվում է մայիս ամսին Տ. Սարգսյանին պաշտոնանկ անելու եւ նրա փոխարեն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին նշանակելու սցենարը: Ստեղծված ներքաղաքական իրավիճակում դա տրամաբանական եւ հավանական է այնքան, որքան հումորով երեկ Տ. Սարգսյանն է պատասխանել դրան վերաբերող հարցին: «Հենց նոր Հ.Աբրահամյանին ես դիմեցի այդ առաջարկով, ասացի, թե այդ նպատակով «168 Ժամ» թերթը մեր` այսպիսի գեղեցիկ նկարներն էր դրել: Նա եւս մեկ անգամ հրաժարվեց: Իսկ եթե կատակից վերանանք, ոչ մի վարչապետ չի խուսափել այդպիսի հարցադրումներիցգ»,- ասել է Տ. Սարգսյանը: Կարծում ենք` սեփական լուսանկարի` գեղեցիկ լուսանկարի հերթական հրապարակումը կամրապնդի Տ. Սարգսյանի դիրքերը, եւ, որ ավելի կարեւոր է` ինքնավստահությունը: Վարչապետի պաշտոնում: