Պատասխան են սպասում

14/04/2011

«Նման սադրանքները չեն նպաստում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը: Դրանք սադրիչ գործողություններ են` իրականացված Հայաստանի կողմից, որոնց պետք է վերջ տրվի: Դա կնպաստի նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի միջեւ բանակցությունների խթանմանն ու առավել արագ ընթացքին»,- Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի թուրքական նախագահության նիստում նախօրեին ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն` նկատի ունենալով Ստեփանակերտի օդանավակայանի կառուցումը:

Հարցուպատասխանի ընթացքում «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը հարցրել էր` «Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան զավթել է Արեւմտյան Հայաստանն ու Հյուսիսային Կիպրոսը` տեղահանելով այս շրջանների բնիկ ժողովուրդներին: Ի՞նչ եք ձեռնարկել Նախարարների կոմիտեն ղեկավարելու ընթացքում, որպեսզի թուրքական կառավարությունն առաջին քայլերն անի Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ինչպես նաեւ` վերացնի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը»: Ի պատասխան` նա ասել է. «Ես չգիտեմ` ինչ պատասխանել, քանի որ սա միակողմանի, թղթից ընթերցված հայտարարություն էր, որը կրկնում է բազմիցս հնչեցված մեղադրանքները: Կարծում եմ` ավելի լավ կլիներ, եթե դուք միջազգային իրավունքի նորմերին ծանոթանայիք` հասկանալու համար, թե ինչով է զբաղված եւ ինչպես է գործում այս կառույցը, ինչպես նաեւ` դա ձեզ թույլ կտար հասկանալ, թե ինչով են մեղադրանքները տարբերվում փաստերից»:

Նշելով, թե որպես գիտնական` պատրաստ է քննարկել պատմական իրողությունները, Դավութօղլուն հավելել է. «Հայ եւ թուրք ժողովուրդների համար ավելի լավ կլինի, եթե ստեղծվի պատմաբանների համատեղ հանձնաժողով: Մենք առաջարկել ենք սա դեռ 2005թ.: 2005-ից ի վեր մենք դրական պատասխան ենք սպասում, որպեսզի սկսենք համատեղ կերպով` երրորդ կողմի մասնակցությամբ, քննել պատմական իրադարձությունները` հիմնվելով արխիվային փաստերի, այլ ոչ թե միակողմանի հիշողությունների վրա: Մենք ձեզ խնդրում ենք` եկեք համատեղ ուժերով քննենք պատմությունը: Հույս ունեմ, որ երկու կողմից էլ նոր սերնդի ներկայացուցիչները, ի վերջո, կկարողանան միասնաբար կիսել անցյալի ցավերը` այդ իրադարձությունները քաղաքական նպատակներին ծառայեցնելու փոխարեն»: