ՀԱԿ ընդդիմադիր դաշինքի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ փորձել է հերքել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի այն հայտարարությունը, թե ՀԱԿ-ը իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերել արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ:
«Ես կտրականապես հերքում եմ, ոչ մի նման բան գոյություն չունի: Ավելին` երկրում ծավալվում է մի կողմից` անհաշտ պայքար բռնապետության, եւ մյուս կողմից` ժողովրդի ազատագրական պայքարի միջեւ»: Ավելին, Զուրաբյանն ասել է, թե ՀԱԿ-ը իր քննադատության միակ թիրախը համարում է իշխանություններին, եւ ՀԱԿ-ն ունի քաղխորհրդի որոշում` չներքաշվել կոալիցիայից դուրս որեւէ ուժի հետ բանավեճի մեջ, որովհետեւ, ըստ ՀԱԿ-ի որոշման` դրա նպատակն այն է, որ ՀԱԿ-ը դադարեցնի քննադատությունն իշխանությունների նկատմամբ: Թերեւս այս «որոշումն» ընդունվել է միայն վերջին օրերին, քանի որ ՀԱԿ-ի մարտի 17-ի եւ ապրիլի 8-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդի «թիրախը» նախ «Ժառանգությունն» էր, հետո` «երրորդուժականները»: Ինչեւէ: Հարցին, թե ապրիլի 28-ին սպասվող հանրահավաքի ժամանակ ի՞նչ է անելու ՀԱԿ-ը, եթե իշխանությունները չկատարեն իրենց պահանջները, ՀԱԿ համակարգողը պատասխանել է. «Մենք չունենք արդեն մշակած քայլեր, ունենք տարբեր նախագծեր եւ առաջարկներ, մենք պետք է տեսնենք` ժողովուրդն ինչի՞ է պատրաստ, ինչ է ցանկանում»: Իսկ ինչ վերաբերում է ապրիլի 8-ի հանրահավաքի ժամանակ իր կողմից քաղաքացիական անհնազանդություն սկսելու մասին հայտարարությանը, ապա նա ասել է, թե այն կարող է տարբեր դրսեւորումներ ունենալ, որոնցից մեկը կարող է լինել հանրահավաքի տեղափոխումը Բաղրամյան պողոտա, ինչպես նաեւ անժամկետ նստացույցները, հարկերը չվճարելը, բոյկոտելը։ Պատասխանելով ՀԱԿ-ին հասցեագրվող այն մեղադրանքներին, թե իրենց օրակարգից այլեւս դուրս է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, Լ. Զուրաբյանն ասել է. «Քանի անգամ եւ ինչքան հստակ մենք պետք է ձեւակերպենք մեր այդ պահանջը, որ նման բան ասողները հասկանան, որ իրենք բռնաբարում են ճշմարտությունը: Մեր առաջնային պահանջը Հայաստանում օր առաջ լեգիտիմ իշխանություն ձեւավորելն է, իսկ դրա ամենաճիշտ ուղին նախ` արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումն է, որին պետք է հետեւի արտահերթ, միգուցե` նաեւ հերթական խորհրդարանական ընտրությունների անցկացումը»:
Միաժամանակ Լ. Զուրաբյանն ասել է, թե ՀԱԿ-ը մտադիր է իշխանությունների հետ խաղաղ բանակցությունների միջոցով հասնել իր առջեւ դրված նպատակների իրագործմանը, սակայն չի բացառում նաեւ պատերազմի տարբերակը: Մեջբերելով հին հռոմեացիների ասացվածքը, այն է` եթե ցանկանում ես հասնել խաղաղության, ապա պատրաստվիր պատերազմի, նա ասել է, «Եթե այդ պատերազմում մենք ցանկանում ենք հասնել խաղաղության, ուրեմն մենք պետք է պատրաստվենք պատերազմի եւ պատրաստվելու ենք»:
Նա անդրադարձել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյան-իշխանություն գործարքի մասին խոսակցություններին` ասելով. «Վաղուց ժամանակն է հասկանալու համար, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժառիթները մի քիչ ավելի բարձր են, քան քաղաքական վերնախավի շարժառիթները: Տեր-Պետրոսյանը պայքարել է սովետական բռնաճնշումների եւ տանկերի դեմ: Նա նորից դուրս եկավ պայքարի, մի բան, որն իրեն անձնապես բացարձակապես պետք չէր, քանի որ տեսավ, որ երկիրը թաղվել է ավազակապետության մեջ»: