Կլինի նաեւ երրորդ դաշինք

14/04/2011

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կանխատեսմամբ` քաղաքական դաշտում ռեալ վերաձեւավորումներ տեղի կունենան սեպտեմբեր ամսից, իսկ այժմ տեղի ունեցող գործընթացները, նրա դիտարկմամբ` զուտ տեղաբաշխման գործընթացներ են:

Այնպես որ` Արամ Կարապետյանը կարծում է, որ Հայաստանում քաղաքական տեսանկյունից «հետաքրքիր» աշուն է սպասվում, իսկ տարեվերջին` «լուրջ խնդիրներ» իշխող կոալիցիայի կուսակցությունների միջեւ:

Իսկ ինչ վերաբերում է 2012թ. խորհրդարանական ընտրություններին, ապա Ա. Կարապետյանի ասելով` ընտրություններին կմասնակցեն նախընտրական դաշինքներ, իսկ մինչ ընտրությունները կստեղծվի նաեւ երրորդ նախընտրական դաշինքը` ի դեմս «Ժառանգության», Դաշնակցության, Ժողովրդական կուսակցության եւ այլ ուժերի, որոնք այսօր արդեն բանակցություններ են վարում: Ի դեպ, Ա. Կարապետյանի ասելով` ինքն այդ բանակցություններին չի մասնակցում: Նրա խոսքով` իր կուսակցությանը նոր բեւեռ ստեղծելու առաջարկներ եղել են տարբեր ուժերի կողմից, սակայն նա հրաժարվել է ասել, թե կոնկրետ որ ուժերի` ասելով, թե հնարավոր է` այդ բեւեռի միավորումը չկայանա: Ա. Կարապետյանի հավաստմամբ` ինքը դեռեւս որեւէ դաշինքի մեջ մտնելու մասին չի մտածում, քանի որ նախորդ ընտրություններին չորս տոկոս ձայն է ստացել եւ կարծում է, որ այս անգամ էլ կարող է միայնակ մասնակցել խորհրդարանական ընտրություններին: «Եթե ամեն ինչ այսպես մնա, ես չեմ միանա ՀԱԿ-ին, եւ ընտրություններին կա՛մ կմասնակցեմ միայնակ, կա՛մ որեւէ դաշինքով»,- ասել է Արամ Կարապետյանը: Ի դեպ, նա հերքել է այն լուրերը, թե ինքն այդ նպատակով հանդիպել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ. «Ես Րաֆֆի Հովհաննիսյանի հետ չեմ հանդիպել, վերջին անգամ նրա հետ հանդիպել եմ հացադուլի ժամանակ, վրան դնելու օրը»: Նա երեկ անդրադարձել է նաեւ ընդդիմադիր ուժերի միջեւ ընթացող հրապարակային քննադատություններին` ասելով, թե նախընտրական իրավիճակներում դա նորմալ երեւույթ է: «Ընդդիմության ընտրազանգվածն էլ նույնն է, ընդհանուր է, որի համար քաղաքական ուժերը պայքարում են տարբեր մեթոդներով: Միակ սխալն այստեղ այն էր, որ ընդդիմադիր ուժերի միջեւ այս ամենը մի քիչ շուտ սկսվեց, եւ որից իշխանությունն օգտվեց»,- նկատել է Ա. Կարապետյանը:

Նրա կարծիքով` Հայաստանում գոյություն ունեն ռեալ եւ վիրտուալ կյանք: Ըստ նրա` իշխանություններն ապրել եւ շարունակում են ապրել վիրտուալ կյանքում` համարելով, որ երկրում ամեն բան հիանալի է: «Իշխանությունները, ապրելով վիրտուալ կյանքում, մշտապես մեկ բան են մտածում, այսինքն` ինչպես ինտրիգների միջոցով դաշտում ստեղծեն համապատասխան իրավիճակ: Քննարկվում են հարցեր, որոնք կապ չունեն ռեալ քաղաքականության հետ: Օրինակ, թե ինչո՞ւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը բարեւեց կամ չբարեւեց Րաֆֆի Հովհաննիսյանին: Չնայած սրան` իշխանության շարքերում էլ կան բավական գրագետ մարդիկ, ովքեր գիտակցում են, որ կյանքի որակը գնալով վատթարանում է, երկրում իրավիճակը փակուղային է դառնում, մարդիկ հեռանում են երկրից»,- ասել է նա: Նաեւ հավելել է. «Երեկ ես կարդում էի մեր հարգարժան վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցը: Նա գրագետ մարդ է, եւ շատ լավ հասկանում է Հայաստանում ստեղծված իրավիճակը, բայց երբ կարդում ես հարցազրույցը, թվում է` Հայաստանը Շվեյցարիա է: Տպավորություն է ստեղծվում, թե կյանքը մեր երկրում շատ լավ է, ամեն բան շատ ճիշտ է: Սակայն այս ամենը բացառապես տերմիններ են»: Անդրադառնալով իշխանություն-ընդդիմություն հնարավոր երկխոսությանը, Ա. Կարապետյանն ասել է, թե քանի դեռ բացահայտված եւ ձերբակալված չեն «Մարտի 1»-ի գործով մեղավորները, եւ պարզ չէ, թե ի՞նչ է լինելու օլիգոպոլիաների հետ, երկխոսություն սկսելու մասին խոսելն իմաստ չունի. «Սրանք են այն հարցերը, որոնք կարող են երկխոսության առարկա դառնալ, սակայն ընդդիմությունը եւ իշխանությունը մտածում են միայն մեկ հարցի շուրջ` կլինե՞ն արտահերթ ընտրություններ, թե՞ ոչ»: