Եթե առաջներում «երկաթե վարագույրը» շատերի հնարավորությունները սահմանափակում էր, ապա այսօր այդ վարագույրի դերում միայն դեսպանատունն է: Քիչ չեն այն դեպքերը, երբ արդեն բուհ ընդունված երիտասարդը մերժում ստանալով՝ չի կարողանում մեկնել (այսպիսի պատմության զոհի մասին հոդված եղել է մեր թերթի նախորդ համարներից մեկում): «Մենք նման խնդիր չենք ունեցել մինչեւ օրս: Աշխատել ենք Հունգարիայի դեսպանատան հետ Մոսկվայում եւ Բիրտանական դեսպանատան հետ` Երեւանում: Հատկապես վերջինից մեկ-երկու օրում ստանում ենք «վիզան»: Բանն այն է, որ մեր մասնակիցները գրեթե միշտ վերադառնում են եւ անօրեն չեն մնում Եվրոպայում»,- ասում է «Բաց հասարակության ինստիտուտի» կրթաթոշակների եւ հանրային առողջապահության ծրագրերի պատասխանատու Անահիտ Պապիկյանը:
Շատերին «Բաց հասարակության ինստիտուտը» հայտնի է SOROS-ի հիմնադրամ անունով, որի հայաստանյան մասնաճյուղը 1996 թվականից իրականացնում է մի շարք ծրագրեր սոցիալական եւ հումանիտար ոլորտներում՝ կրթություն, արվեստ, ինտերնետ, իրավունք, քաղաքացիական հասարակություն, հանրային առողջապահություն: Բոլոր ծրագրերը գրանտային են, իրականացվում են ոչ կառավարական կազմակերպությունների ռեսուրսներով: Գրանտները տրվում են նաեւ անհատներին: Ծրագրերը նախատեսված են դպրոցի, բուհերի շրջանավարտների եւ այն մասնագետների համար, որոնք հումանիտար ու սոցիալական ոլորտներում են աշխատում եւ ցանկություն ունեն վերապատրաստվել կամ հետազոտական աշխատանքներ անցկացնել այլ երկրներում: «Դպրոցականների համար հիմա ծրագրեր չունենք, ունենք ուսանողների համար: Առաջինը` Հունգարիայի «Կենտրոնական Եվրոպական համալսարանն» է, այնտեղ 1 տարում կարող են ստանալ մագիստրոսի կոչում եւ 3-6 տարում՝ դոկտորական կոչում»,- ասում է Ա. Պապիկյանը: Դիմումները ուղարկվում են միանգամից Հունգարիա, այս տարի վերջնաժամկետը հունվարի 6-ն է: Առաջին փուլից հետո անցկացվում է քննություն՝ TOEFL, նաեւ` տարբեր մասնագիտական քննություններ: Հատուկ փորձագետ է հրավիրվում քննություններն անցկացնելու համար: Վերջնական որոշումը լինում է հարցազրույցներից հետո: «Ցավոք, հիմա կրթաթոշակներ շատ քիչ են լինում: Բայց որոշ կրթաթոշակներ կան, երբեմն կրթական ծախսերը մասնակի հոգում է դիմորդը»,- ասում է Ա. Պապիկյանը:
Մեկ այլ ծրագիր` կապված Մարդու իրավունքների ոլորտի հետ, կա Անգլիայում: Սա մեկ տարվա ուսուցում է մագիստրոսի կոչում ստանալու համար: Ընդունելության համակարգը նույնն է: Բոլոր ծախսերը, ի տարբերություն Հունգարիայի, հոգում է «Բաց հասարակության ինստիտուտը» եւ Անգլիայի բուհը: Այս դեպքում նախընտրելի է, որ դիմորդն աշխատանքային փորձ ունենա, այսինքն՝ աշխատած լինի մարդու իրավունքներով զբաղվող ոչ կառավարական կազմակերպությունում:
Տարեկան մոտավորապես 14-15 մարդ «Սորոսի» հիմնադրամի միջոցով մեկնում է Եվրոպա՝ սովորելու: Համաձայն Ա. Պապիկյանի` թեպետեւ դիմորդների թիվը քչացել է, սակայն որակական աճ կա: «Այսօր անգլերենին լավ տիրապետողները շատացել են»,- ասում է Ա. Պապիկյանը:
Բոլոր ծրագրերը սկսվում են աշնանը, բացառությամբ մի երկուսի: Այս տարի երկու նոր ծրագիր էլ կա, որոնցից մեկը հնարավորություն կտա Օքսֆորդի Համալսարանում մագիստրոսի կոչում ստանալ եւ հետազոտություններ անել:
Այսօր գործազրկությունն այնքան լուրջ խնդիր է դարձել, որ չի բացառվում, որ արեւմտյան կրթություն ունենալու դեպքում էլ լավ աշխատանք չգտնես: «Վերադարձողները, բնականաբար, փորձում են աշխատել միջազգային կազմակերպություններում: Նրանց հնարավորություններն ավելի մեծ են, քան մնացածինը: Մենք ունենք ծրագիր շրջանավարտների համար, որով աջակցում ենք նրանց` իրականացնել գրանտային ծրագրեր: Պետք է ոչ միայն կադրեր պատրաստել, այլեւ հոգ տանել նրանց համար հետագայում եւս: Սրանք դեռ առաջին քայլերն են, պետք է այնպես անել, որ Հայաստանը կարողանա պահել իր կադրերը»,- ասում է Ա. Պապիկյանը:
Մեր ընթերցողին ենք ներկայացնում այս տարվա ծրագրերից մի քանիսը.
1. Յորքի եւ Օքսֆորդի համալսարանը մագիստրոսի կոչման եւ հետազոտական աշխատանքների իրականացման համար 2006-2007թթ. ուսումնական տարվա մրցույթ է հայտարարում: Ապահովվում է մեկ անձի կրթավարձը, ճանապարհածախսն ու ապրուստը: Անգլերենի վարժ իմացությունն ու ակադեմիական առաջադիմությունը պարտադիր են:
2. OSI/FCO CHEVENING UNIVERSITY OF ESSEX-ը 2006-2007թթ. ուս. տարվա մրցույթ է հայտարարում Մարդու իրավունքների ոլորտում մագիստրոսի կոչման համար: Ապահովվում է մեկ անձի կրթավարձը, ճանապարհածախսն ու ապրուստը: Մասնակիցները պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ, ոչ ավելի, քան 35 տարեկան: Դիմումներն ընդունվում են մինչեւ 2006թ. հունվարի 26-ը:
3. The John Smith Memorial Trust-ը մրցույթ է անցկացնում 2006 Fellowship Programme-ի շրջանակներում: 6-շաբաթյա ուսուցման նպատակն է ժողովրդավարական իրազեկություն ապահովելը: Մասնակիցները պետք է լինեն 25-35 տարեկան՝ լրագրողներ, քաղաքական առաջնորդներ, իրավաբաններ, կառավարության աշխատակիցներ եւ այլ հասարակական ոլորտների աշխատողներ: