Երբ պատերազմի սլաքը թեքվում է դեպի տուն

14/04/2011

Պատերազմի սլաքը թեքվում է դեպի տուն: Խնդիրը մոտեցող ընտրություններն են: Իմ կարծիքով, սրանք (թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական) առաջին լուրջ ընտրություններն են լինելու մեր երկրում: Մեզանից յուրաքանչյուրը պետք է հորդորի իր ծանոթ-հարազատներին` անպայման մասնակցել գալիք ընտրություններին` բացառապես սեփական խղճի ձայնին ու սկզբունքներին հետեւելով` առանց կաշառքի (դրամով) ու գայթակղության (կեղծ խոստումներով): Բացատրել, որ մի քանի հազար դրամի դիմաց նա, մենք, ես` ռիսկի ենք դիմում տարիներ տեւող ստրկության դատապարտվելու, ընդ որում` մեր երեխաների ձեռքը բռնած:

Համոզված եմ, որ նախորդ ընտրություններում այս իշխանություններն իրականում ընտրվել են. հիմնվում եմ այն փաստի վրա, որ ծանոթներիս ճնշող մեծամասնությունը հոգով կողմ լինելով ընդդիմությանը` իշխանության շանտաժներին եւ հորդորներին տեղի տալով, իրենց ձայները տվեցին ներկայիս կուսակցական մեծամասնությանը եւ գործող նախագահին: Գրեթե ամեն ընտանիք պետական համակարգում աշխատող ինչ-որ մեկն ունի եւ այդ մարդիկ ակամայից դառնում են ժողովրդից վերցված պատանդներ իշխանության ձեռքում: Այսինքն, մեկ մարդուց նրանք հարյուր կամ քիչ ավելի, քիչ պակաս ձայն էին ապահովում: Ա՛յ այդ վախը մենք պետք է հաղթահարենք, պետք է սովորենք մենակ մնալ մեր խնդիրների հետ, ոչ մեկին չկցենք մեր ճակատագրի կայացմանը, կուլ տանք մեր բաժինը մենակ:

Ուսումնասիրելով այս երեւույթը եւ տարածելով մյուս մարդկանց վրա` ստանում ենք հետեւյալ պատկերը. նախագահին ընտրել ենք ու խորշում ենք մեր ընտրությունից` մեզնից: Անձնական կամ մերձավորի շահից դրդված, ընտրատարածքում միայնակ կանգնած ընտրաթերթիկի առաջ` մեզ համոզում ենք, որ մեր ձայնից չի կախված հայկական պետականության լինել-չլինելը, ու կատարում ենք այդ ինքնուրացումը: Ուստի` թաքուն ընտրելով այս նախագահին, առանց ինքներս մեզնից խորշելու` ներկայացնում ենք, թե իբր նա չի ընտրվել: Թունավոր միջավայրը մենք ենք ստեղծել, նրան մենք ենք ընտրել ու ատում ենք մեր ընտրությունը:

Քննարկելով հինը` մի բան պարզ է դառնում. ընտրելով այս իշխանությանը, նրանից հրաժարական կամ արտահերթ ընտրություն չենք տեսնի, որովհետեւ ինքը գիտի, որ ընտրված է, ներքնապես մենք էլ գիտենք: Պահում է իր օրինական իշխանությունը եւ ճիշտ է անում. չէի ցանկանա` եւս մի նախագահ հրաժարվեր իր բաժին անելիքն անելուց, թեկուզեւ ապաշնորհ, մենք էլ ապաշնորհ ենք մեր կյանքը տնօրինում:

Եթե տարիներ առաջ Հայաստանի Հանրապետությունն ուներ տնտեսական աճի շոշափելի արդյունքներ եւ դրսի հայերի համար Հայաստանում ինչ-որ գործունեություն ծավալելը դարձել էր մի տեսակ վարակիչ ու պաթետիկ նախադեպ, ինչն ապահովում էր կապիտալի ներհոս` հիմա դա չկա: Ոչ, պատճառը տնտեսական ճգնաժամը չէ. պարզապես պաթոսը ջախջախված է կոռուպցիայի եւ ապաշնորհ կառավարման ծանրության տակ: Հիմա մեր երկիրը դրսի մարդու համար դարձել է կամ ռիսկային գոտի (կխաբեն ու կկողոպտեն` առանց աչք թարթելու), կամ էլ անհրապույր, անհեռանկար ու դատարկ աշխարհագրական տարածք: Միգուցե իշխանության կարծիքով` այդ մարդիկ կարող են դառնալ վտանգավոր մրցակի՞ց, չգիտեմ:

Արդեն ասացի, որ նախագահական արտահերթ ընտրությունները բացառվում են, ուրեմն` մնում են հերթական ընտրությունները: Շատերը մտածում են, որ իշխանության լծակները կրկին կանեն իրենց գործը. կկեղծեն ու կվերարտադրվեն: Չեն կարող: Չենք թողնի: Հիմա ուրիշ է վիճակը. մենք հասունացել ենք մերը պահանջելու համար: Մեծ աշխատանք է պահանջվում յուրաքանչյուրիցս. գիտակից ընտրող է պետք ձեւավորել: Ժամանակ դեռ կա, մեկ-երկու տարվա հետեւողական աշխատանք ընկերների (իրական ու վիրտուալ), հարազատների, ծանոթների, հարեւանների հետ, այնպես, ինչպես իշխանությունն էր մի մարդուց սկսում իր գործը: Արդյունքն անկաշառ ընտրություններն են լինելու: Սա է մեր անելիքը, սա է մեր վաղը: Դեռ չեմ կողմնորոշվել` քաղաքական ո՞ր ուժի հետ կլինեմ, ո՞ւմ կտամ իմ ձայնը: Քաղաքական համակրանք ունեմ «Սարդարապատ» շարժման հանդեպ: Նրանք նոր են ու թարմ հայացքով են երեւույթներին մոտենում:

Ընտրություններին պատրաստվելու ժամանակը ոչ ավել է, ոչ պակաս: Հիմա է պետք սկսել աշխատանքը եւ ուժգնացնելով լարվածությունը` հասցնել գագաթնակետին ընտրությունների օրը:

Ընտրությունները չեն կեղծվի, եթե արվեն ամենամսյա համակարգված հասարակական հարցումներ, եւ դա դառնա քաղաքական բոլոր ուժերի համար պրակտիկա, յուրաքանչյուրն իր եւ մյուսների քաղաքական վարկին (ռեյտինգ) տեղյակ լինի: Հանրահավաքներ` առանց դատարկ ու սպորտային մրցակցության, թե ում հանրահավաքին ավելի շատ մարդ կհավաքվի: Սոցիալական ցանցերը շատ լավ գործիքներ են: Խոչընդոտների ու արգելքների դեպքում, հին ու բարի թռուցիկներին դիմելն էլ լավ կլինի: Նման աշխատանքների բարեխիղճ անցկացման դեպքում ապահովվում է գիտակից ընտրողի քանակը, որը, համոզված եմ, որակ է: Այդ տեսակ մարդկային որակ ստեղծելու դեպքում, իսկ դրա նախադրյալներն ակնհայտ են, թող որեւէ մեկը չհանդգնի ընտրություն կեղծել: Նա հաստատ պետք է իմանա, որ դա իր կյանքի ամենաճակատագրական սխալն է, որովհետեւ չենք ների, կտապալենք այդ իշխանությունը` գուցեեւ դաժանորեն: Ես ցանկացած անհնազանդության կոչի կարձագանքեմ: Թող ոչ ոք չփորձի հետ պահել Ղարաբաղով, Ադրբեջանի հետ սպառնացող պատերազմով, հայ լինելու փաստով: Հենց այդ արժեքների եւ մեր մարդկային արժանիքների պահպանման համար էլ մարտակոչ է հնչեցվելու: Ագահությունն ու իշխանության մարմաջն էլ հենց կլինեն քաղաքացիական պատերազմի հրահրիչը. Կստանա՛ն այդ պատերազմը:

Մեր ժողովուրդը երբեք չի կարողացել նվիրվել քաղաքակիրթ հասարակություն կառուցելուն, դրան խանգարել են արտաքին կամ ներքին գաղութարարները, իսկ ստեղծագործ ժողովրդից անապատում էլ թալանելու բան կգտնվի: Սրանից հարմար ժամանակ չկա, ամեն ինչ սկսվում է հենց հիմա եւ այստեղ: Անցած քսան տարիները նվիրված էին սովետիզմի թոթափմանը. հիմա մեզանով զբաղվենք:

Հայաստանն իր ձեւական, ստորադասված ու քամահրված անկախությունից պետք է անցնի իսկական ինքնիշխան, գիտակից եւ ստեղծագործ հասարակությամբ անկախության: Նման ժողովուրդների ու պետությունների ուժը քանակով ու աշխարհագրական ծավալներով չի որոշվում, այլ` եղածի որակով: Մեր իշխանավոր մարդուկները դա չեն հասկանում. հետեւաբար` ճնշվելով` փորձում են ճնշել:

Աշխարհում բոլոր կայացած երկրներն ու ժողովուրդները, ուր մեր հայրենակիցները հաճույքով ձգտում են վայելելու անաշխատ արդարությունն ու բարեկեցությունը, տվել են իրենց պատերազմը, այդ ծանր գինը, տվել են իրենց միջի լավագույնը, որ այսօր ունենան այդպիսի կյանք ու հասարակություն: Մեր կռիվը մեր հետ տալու ժամանակն էլ է մոտեցել:

Հրաչյա ՄՈՐԻՍԻ
08.04.2011թ.