Nymphaeaceae-ջրաշուշանազգիներ։
Ջրաշուշանազգիները պատկանում են բոլոր ժամանակների եւ ժողովուրդների ամենահանելուկային եւ հմայիչ խոտաբույսերի շարքին։ Հին հույները համարում էին, որ շուշանազգիներն առաջացել են Հերա աստվածուհու կաթի կաթիլներից։ Ըստ սկանդինավյան հավատալիքի` յուրաքանչյուր ջրաշուշան ունի իր պահապան բարի ոգին, որը պահպանում է ծաղկին` ծնվում եւ մահանում է ծաղկի հետ։ Սլավոնները համարել են, որ յուրաքանչյուր ջրաշուշան մի ջրահարս է։
Սպիտակ ջրաշուշան (Nymphaea alba)
Կարլ Լիննեյն այս բույսն անվանել է սպիտակ հավերժահարս։ Ըստ ավանդազրույցի` ձյունասպիտակ հմայիչ հավերժահարսը սիրահարվում է դյուցազն Հերակլեսին։ Տառապելով անպատասխան սիրուց` նա փոխակերպվում է մուգ ջրերի վրա բացված սպիտակ ծաղկի։ Ջրաշուշանը կարծես արեգակի ծաղիկ լինի. արեւի առաջին ճառագայթներով բացվում է, մայրամուտով` փակվում։ Եթե առավոտյան ծաղիկը չի բացվում, ապա` կանձրեւի։
Սպիտակ ջրաշուշանը բազմամյա խոտաբույս է, խոշոր ծաղիկների տրամագիծը հասնում է 15 սմ-ի։ Լուսնի շողերի ներքո դրանք նման են սպիտակ լուսարձակների։ Ծաղիկները միշտ միայնակ են, չափազանց գեղեցիկ` մեկը մյուսի հանդեպ տեղադրված են ճառագայթաձեւ։ Ունեն բազմաթիվ բաժակատերեւիկներ, ծաղկաթերթեր, առէջքներ։
Ծաղկում է մայիսից-սեպտեմբեր, ունի նուրբ բուրմունք։ Պտուղը կանաչ է` սափորի տեսքով։ Սպիտակ ջրաշուշանի կոճղարմատը կարող է հասնել մի քանի մետրի, իսկ տրամագիծը` մինչեւ 15 սմ-ի։ Տերեւները լողացող են, կլորավուն, հիմքում` սրտաձեւ, ամբողջաեզր, կաշվետիպ, խոր փոսիկով, որը կապված է ջրի հատակին նստած կոճղարմատի կոթունի հետ։ Տերեւների տրամագիծը հասնում է մինչեւ 30 սմ-ի։ Բույսը ունի նաեւ կիսաթափանցիկ ջրասույզ տերեւներ։ Բույսը հանդիպում է Հայաստանի բնական եւ արհեստական ջրամբարներում` 1-2,5 մ խորությամբ ջրի վրա, երբեմն առաջացնում է մացառուտներ։
Ճանապարհորդները պահել են բույսը հատուկ կարված պարկի մեջ, որպես հուռութ, դրել են հիվանդոտ երեխաների տեղաշորի տակ։
Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում են սպիտակ ջրաշուշանի բոլոր մասերը։ Կոճղարմատը պարունակում է մինչեւ 20 տոկոս օսլա, 8 տոկոս սպիտակուց, 20 տոկոս շաքարներ, 10 տոկոս դաբաղանյութ, խեժանյութ, դառնանյութ, եթերային յուղ, ալկալոիդներ։ Սերմերը պարունակում են 47 տոկոս օսլա, 1 տոկոս դաբաղանյութեր, 8 տոկոս ճարպային թթուներ, ճարպայուղ։
Ալկալոիդ նիմֆեինը բարերար ազդեցություն ունի կենտրոնական նյարդային համակարգի վրա, իսկ գլիկոզիդ նիմֆալինն ունի ցավազրող հատկություն։ Ծաղիկների թուրմն ու խաշուկն օգտակար են նյարդացավի եւ մկանային ցավերի դեպքում, իջեցնում են ճնշումը եւ ջերմությունը, օգնում պեպենների, կորյակների վերացմանը։
Կոճղարմատից պատրաստված եփուկն ու թուրմն ունեն ճնշումն իջեցնող, արյունարգել հատկություն։ Օգտագործում են երիկամների, միզապարկի որոշ հիվանդությունների դեպքում։
Նյարդացավի դեպքում
Լավ աղացած չոր կոճղարմատի փոշին փոխարինում է մանանեխի կպչուն սպեղանուն։
Նույն դեղափոշին կարելի է օգտագործել թարախային վերքերի եւ լուծի դեպքում։
Ծաղկաթերթերի թուրմն օգնում է դողէրոցքի, անքնության, նյարդային գրգռվածության, սրտային թուլության դեպքում. – ջրաշուշանի եւ կարմիր ալոճի ծաղիկների խառնուրդի (1։1) 4 ճ/գ թրմեք 15 րոպե 200 մլ եռջրի մեջ, խմեք մեկական դեսերտային գդալ, 2 ժամը մեկ։
Սնունդը` դեղ
Հիշեք, որ խոտաբույսի կոճղարմատները հում վիճակում թունավոր են։ Չորացնելուց հետո թունավոր հատկությունը նվազում է, իսկ ջերմային մշակման դեպքում համարյա անհետանում։
Տարբեր արտադրության մեջ, թխվածքներ թխելու համար – 1։1 քաշային հարաբերությամբ ալյուրատիպ (նախօրոք սրճաղացով աղացած) կոճղարմատների վրա ավելացրեք եգիպտացորենի եւ աշորայի ալյուրի խառնուրդը։
Որպես առանձին կերակրատեսակ կամ լրացում մսեղենին եւ ձկնեղենին – Ջրաշուշանի կոճղարմատները եփեք, տապակեք բուսայուղի մեջ։
Լոսյոն մաշկի համար – 50 մգ չոր հումքը 24 ժամ թրմեք 700 մլ խաղողի սպիտակ գինու մեջ, եփեք 5-10 րոպե, հովանալուց հետո պահեք սառնարանում։ Բարակ շերտով, մերսեք մաշկը, 10-15 րոպեից լվացեք գոլ ջրով։ Որպես հումք կարող է օգտագործվել բույսի տերեւը, ցողունը, կոճղարմատը, ծաղիկը։
Յուղամզվածք։ Ջրաշուշանի հումքը թրմեք արեւածաղկի չզտված ձեթի մեջ (1։10)։ Օգտագործեք պեպենների, կորյակների վերացման համար։
Ջրաշուշան դեղին (Nuphar lutea)
Այն հաճախ է հանդիպում սպիտակ ջրաշուշանի հարեւանությամբ, որոնց տերեւները շատ նման են, սակայն դեղին ջրաշուշանի ծաղիկները դեղին են, գնդաձեւ եւ ավելի փոքր։ Կոճղարմատների երկարությունը հասնում է 10 մ-ի։ Դրանք պարունակում են ալկալոիդ նուֆարիդին, նուֆլեին այլ, օսլա, շաքար, խեժանյութ, դառնանյութ, դաբաղանյութեր։ Ծաղիկները պարունակում են գլյուկոզիդ նիմֆալին, որն օգտագործվում է սրտի որոշ հիվանդությունների դեպքում։
Կոճղարմատից ստանում են լյուտենուրին, որը ճնշում է անտիբիոտիկների հանդեպ կայունություն ունեցող մանրէները։ Դեղին ջրաշուշանի պտուղը չոր վիճակում պարունակում է 47 տոկոս օսլա եւ 6 տոկոս ճարպ։ Բույսը հին ժամանակներից կիրառվել է ժողովրդական բժշկության մեջ։
Թեոֆրաստն իր «Բույսերի հետազոտություն» գրքում նկարագրել է այս բույսը, հատկապես նշելով, որ այն բուժում է արյունալույծ հիվանդությունը (դիզենտերիա), ունի արյունարգել հատկություն։
Բույսի կոճղարմատի եւ ծաղիկների եփուկով բուժել են հազը, տերեւների եւ ցողունի թուրմով` երիկամների որոշ հիվանդություններ։ Կոճղարմատը եւ ցողունը համատեղ (1։1) կիրառվում են ռեւմատիզմի, պոդագրայի դեպքում։ Կոճղարմատի թուրմով եւ եփուկով բուժում են տղամարդկային անկարողությունը։ Ծաղիկների պատրաստուկները խմել են նյարդացավի, երիկամային քարերի դեպքում։
Կոճղարմատների եփուկի փոքր չափաբաժիններն օգտագործում են երիկամների, միզապարկի եւ միզուղիների բորբոքման դեպքում։ Բույսը ունի քնաբեր, հանգստացնող հատկություն։
Կոճղարմատով եփուկ – 1ճ/գ չոր հումքը թրմեք 200 մլ եռջրի մեջ, եփեք 30 րոպե եռացող ջրային բաղնիքի վրա։ Հովանալուց հետո քամելով սեղմեք հումքը, վերականգնեք եփուկի նախնական ծավալը եռման ջրով։ Խմեք սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ, 1-2 ճ/գ, օրը 3 անգամ։
Վիտիլիգոյի դեպքում – 3 ճ/գ տերեւները 15 րոպե եռացրեք 1 լ ջրի մեջ։ Վերականգնեք եփուկի նախնական ծավալը եռման ջրով։ Խմեք 50-ական գրամ, սնունդ ընդունելու ընթացքում։
Դժվար բուժվող վերքերի դեպքում – Փոշիացրեք խոտաբույսի հումքը, դրանով մշակեք վերքը։
Հետաքրքիր է իմանալ, որ 18-րդ դարում Ֆինլանդիայում դեղին ջրաշուշանի կոճղարմատը լայնորեն օգտագործվել է սննդի մեջ։ Այն թրջել են աղաջրի մեջ, ապա եփել։ Այդ եղանակով մարդիկ հեռացրել են բույսում պարունակվող թունավոր նյութերը եւ պատրաստել սննդարար ուտեստներ։ Բույսի աղացած սերմերը կարող են փոխարինել սուճին։
Լոտոս
Տարբերում են լոտոսի երկու տեսակ` եգիպտական Nymphaea lotus եւ ընկուզակիր կամ հնդկական Netumbium nuciferum։
Լոտոսը, ինչպես եւ ջրաշուշանը, իրեն լավ է զգում մի քանի տարերքներում` ջուր, հող, օդ։
Հին եգիպտացիները, հնդիկները, չինացիներն աստվածացրել են այս բույսը` համարելով այն նվիրական, առեղծվածային։ Լոտոսը վաղուց ի վեր համարվել է Աստվածների ծաղիկ։ Մեր թվարկությունից 3000 տարի առաջ չինական տեղեկագրքերում կա հիշատակում այս դեղաբույսի բուժիչ հատկությունների, բարձր սննդային արժեքի վերաբերյալ։ Նկարագրված է լոտոսի ձգողական գեղեցկությունը եւ դեպի արեգակը պտույտ կատարելու հատկությունը։
Լոտոսը բազմամյա, ցամաքաջրային խոտաբույս է։ Ունի հզոր ճյուղավորվող կոճղարմատ, որի ընդհանուր երկարությունը չափվում է կիլոմետրերով։
Տերեւները երկու տեսակի են` կանգուն եւ լողացող, ծածկված մոմափառով, որի վրայից ջուրը ցած է գլորվում, ինչպես սնդիկի կաթիլներ` մաքրելով տերեւները։ Այդ է պատճառը, որ լոտոսը համարվել է մաքրության խորհրդանիշ, Բուդդա Աստվածը հաճախ է պատկերվել տերեւի վրա նստած։ Եգիպտական վերջին թագուհի Կլեոպատրան, շողշողացող թանկագին քարերով զարդարված, ձեռքում պահում էր լոտոսի ծաղիկը։
Լոտոսի ծաղկեպսակը շրջապատված է մի քանի շերտ վառ վարդագույն կամ դեղին ծաղկաթերթերով։ Ներքնացողունի մեջ պարունակվում են օսլա, շաքար, ճարպ, վիտամին C, ալկալոիդներ։
Սերմերը` մուգ են, ամուր, պատված փայտանման կեղեւով։ Արտաքին տեսքով նման են ընկույզի, որի տրամագիծը 1 սանտիմետր է, իսկ բարձրությունը` 1,5 սմ։ Հայտնի է դեպք, երբ դարեր առաջ տորֆաճահճում մնացած սերմերը ծլել են եւ ծաղկել։ Լոտոսը հայտնի է եղել Հին Հայաստանում, ներկայումս այն աճում է Քուռի գետաբերանում։
Ա. Ամասիացին նկարագրել է ջրաշուշանազգիների (նիլուֆար, նունուֆար) բուժիչ հատկությունները: Հատկապես նշել է, որ Բաղդադում աճում է նունուֆար կապույտը։
Չինական, վիետնամական, հնդկական, արաբական եւ տիբեթյան բժշկարաններում նկարագրված են բույսի կոճղարմատի, ցողունի, տերեւների, ծաղկաթերթերի եւ առէջքների բուժիչ հատկությունները։ Փոթոթահամ, քաղցր առէջքներն օգտակար են սրտին, երիկամներին, միզապարկի բորբոքման դեպքում։ Դրանք պարունակում են ֆլավոններ եւ ալկալոիդներ։
Այրվածքի դեպքում – Լոտոսի մանրացրած տերեւն այրեք կրակի վրա, մինչեւ սեւանալը, խառնեք վազելինի հետ (1։1), զգուշորեն քսեք այրվածքին։
Թուրմի պատրաստման ձեւը – 1 թ/գ լոտոսի սերմերին ավելացրեք 200 մլ զտված ջուր, թրմեք 24 ժամ, 5 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 1 ժամ անց քամեք։ Խմեք սնունդ ընդունելուց առաջ 50-ական գրամ, օրը 3-4 անգամ։
Կա լոտոսին նվիրված հավատալիք. եթե շնչեք լոտոսի ծաղկի բուրմունքը եւ երազանք պահեք, ապա այն անպայման կկատարվի։