Երկար աշխատանքային օրը վտանգավոր է սրտի համար

14/04/2011

Լոնդոնի համալսարանի մի խումբ գիտնականներ հրապարակել են իրենց հետազոտության արդյունքները, համաձայն որոնց` 11 ժամից ավելի ձգվող աշխատանքային օրը 67 տոկոսով մեծացնում է սրտի կաթվածի հավանականությունը: 1985-ից ի վեր հետազոտության անցկացման ընթացքում գիտնականները հետազոտել են 7000 պետական աշխատակցի: Վերջին 11 տարում հետազոտման մասնակիցներից 192-ը սրտի կաթված է տարել: Պրոֆեսոր Միկ Կիվիմեկի խոսքով` հետազոտության արդյունքները պետք է մտահոգեն ու ստիպեն մտածել նրանց, ովքեր շատ են աշխատում: Ուսումնասիրություն կատարելիս գիտնականները հաշվի են առել այլ գործոններ եւս` ինֆարկտի հավանականության մեծացում, բարձր ճնշում: Փորձագետները ենթադրում են, որ ընտանեկան բժիշկները պարտավոր են իմանալ, թե օրական քանի ժամ է աշխատում իրենց հիվանդը: Այդ դեպքում միայն հնարավոր կլինի կանխարգելել Մեծ Բրիտանիայում ամեն տարի գրանցվող ինֆարկտի 125.000 դեպքից 6000-ը: «Մեր նպատակն է` մարդկանց ստիպել փոխել իրենց կենսակերպը, որը վնասում է առողջությանը: Այս ուսումնասիրությունը մեզ հիշեցնում է, որ պետք է մտածել ոչ միայն դիետաների եւ մարմնամարզության մասին»,- հայտարարել է Բժշկական հետազոտությունների միության ներկայացուցիչ Սթիվեն Հոլգեյթը:

Բացի այդ` կան բժշկական ցուցիչներ, որոնք մեծացնում են սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը: Օրինակ` շաքարային դիաբետը մեծացնում է զարկերակային ճնշման ու խոլեստերինի առաջացման հավանականությունը: Սրտային հիվանդությունների բրիտանական հիմնադրամից պրոֆեսոր Փիթեր Վայսբերգն ասել է, որ հարկավոր է շարունակել հետազոտությունը, որը եւս մեկ անգամ կհաստատեր երկար աշխատանքային օրվա ու ինֆարկտի առաջացման կապը: Ավելի վաղ Բիրմինգհեմի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ սրտային հիվանդությունների առաջացման պատճառը ոչ թե ֆիզիկական ծանրաբեռնվածության մեծացումն է, այլ օդի աղտոտվածությունը: