Երեկ ԱԺ-ում «2010թ.օգոստոսի 20-ին Երեւանում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 5 արձանագրության քննարկման ժամանակ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի դեպքում Ռուսաստանը կմասնակցի Ղարաբաղի անվտանգության ապահովմանը: «Իմ կարծիքն այն է, որ օգնում են ուժեղին, իսկ թույլին խղճում են, կարեկցում եւ օգտագործում սեփական խնդիրների լուծման համար»,- ասել է Դալլաքյանը: Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն ասել է, թե արձանագրությամբ նախատեսվում է, որ Հայաստանի անվտանգության ապահովման համար Ռուսաստանը պետք է Հայաստանին ապահովի ժամանակակից եւ համատեղելի սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով: Հիշեցնենք, որ արձանագրության մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է երկարացնել Հայաստանում գործող ռուսական ռազմաբազաների գործունեության ժամկետը` 25 տարուց դարձնելով 49 տարի: