Հիշեցնեմ, որ ինձ համար ակնհայտ էր, որ եթե մինչեւ ապրիլի 8-ը իրավիճակը մեղմելու, շտկելու ուղղությամբ քայլեր չձեռնարկվեն, ապա ցուցարարների քանակն ավելացնելու հույսեր փայփայել չարժեր: Կոնգրեսը, սակայն, մեծ մարդկային ռեսուրս եւ կազմակերպչական ջանքեր գործադրեց` այլ ճանապարհներով թվի էական աճ ապահովելու համար: Թվաբանական բանավեճի մեջ չմտնելով, ասեմ, որ, ցավոք, չսխալվեցի եւ գոնե Լեւոն Տեր-Պետրոսյանի` նախորդ հանրահավաքում հայտնած համոզվածությունը, որ հաջորդին 150.000 մարդ է մասնակցելու, չիրականացավ: Եթե վերլուծենք կայացած հանրահավաքը` մինչ այդ հնչած, այդ թվում եւ` մեր քննադատությունների եւ առաջարկների լույսի ներքո, ապա կարող ենք անել հետեւյալ եզրահանգումները` 1. Ցավոք, ոչ միայն փորձ չարվեց մեղմել ընդդիմադիր դաշտի ներքին հակամարտությունը, այլեւ նորից «վերլուծական» հարվածներ տեղացին «երրորդուժականների» պիտակին արժանացած բոլոր այլախոհների ուղղությամբ: Հասկացությունների փոքրիկ փոխատեղում անելով` ընդդիմադիր դաշտը մենաշնորհացնելու ձգտման համար քննադատությունը, որպես մենաշնորհի կայացած փաստի արձանագրում ներկայացնելով, հզոր եւ տրամաբանական հակահարված տրվեց դրան: Նույն մեթոդաբանությամբ Հայաստանի քաղաքականապես ակտիվ զանգվածի թվաքանակը փոխարինվեց չափահաս բնակչության ընդհանուր թվաքանակով եւ եզրակացվեց, որ 18 երրորդուժական միավորման համար հանրահավաքային ռեսուրս կա: Չնայած Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ չկամորեն է անդրադառնում «երրորդուժականների» թեմային, ելույթի մոտավոր թվային վերլուծությունը ցույց է տալիս, որ Կոնգրեսի պահանջների կրկնակի պարզաբանմանը նա նվիրել էր իր ելույթի մոտ 38 տոկոսը, իսկ «երրորդուժականների» հետ «բանավիճելուն»` մոտ 43 տոկոսը, իսկ մնացած մոտ 19 տոկոսը կազմում են ներածությունն ու Կոնգրեսի քաղաքական օրակարգի հստակեցումը: Կարո՞ղ ենք ասվածից հետեւություն անել, որ ճառի ամենակարեւոր մասը «կողքից խանգարողների» թեման էր: Կարո՞ղ ենք արձանագրել, որ անհանդուրժողական մթնոլորտը խտանում է: Անհանդուրժողականության դրսեւորումներից մեկը չէ՞ր, արդյոք, Ժիրայր Սէֆիլյանի` հանուն ընդդիմադիր դաշտի միասնության` «Լեւոն, նախագահ» միտինգային կոչից հրաժարվելու տրամաբանական առաջարկին «չեմբերլենավարի» պատասխանելը:
2. Այնուամենայնիվ, հնչած քննադատություններից որոշակի հետեւություններ արվել էին, այն առումով, որ այլեւս չհնչեցին Կոնգրեսին եւ Լ. Տեր-Պետրոսյանին անվերապահորեն հավատալու կոչեր, իսկ Լ. Տեր-Պետրոսյանի ելույթի ներածականում հնչեց. «… ես չեմ ուզում, որ դուք կույր հավատ ու անվերապահ վստահություն տածեք Կոնգրեսի նկատմամբ, այլ, որ այդ հավատն ու վստահությունը խարսխված լինեն բանականության ու համոզմունքի վրա, ինչից եւ, առաջին հերթին, կախված է ցանկացած մեծ գործի հաջողությունը»: Ուրախալի է նաեւ, որ Լ. Զուրաբյանի ելույթում հնչեց քաղաքացիական անհնազանդության համազգային գործողությունների նախապատրաստվելու կոչ, բայց, ցավոք, այդ միտքը որեւէ զարգացում չունեցավ եւ այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչի՞ն եւ ինչպե՞ս պետք է նախապատրաստվի ժողովուրդը: Անցնելով հանրահավաքից ընդհանուր տպավորությանս շարադրմանը, ասեմ, որ, ինչպես միշտ, շատ հաճելի եւ գեղեցիկ հայերենով հնչած ելույթի հիմնական իմաստն այն էր, որ ժողովրդին համոզեն, որ նախորդ հանրահավաքում «պայմանավորվեցինք նաեւ, որ մենք իրադարձությունները չենք փութացնելու» ու պետք է էլի սպասենք մինչեւ ապրիլի 28-ը: Հատկանշական է, որ երեք պայմանների վերաշարադրումը շատ մեղմ էր: Գոնե հարյուր հազար ցուցարարների դիմումը մերժած եւ Ազատության հրապարակում հանրահավաքը հերթական անգամ ապօրինաբար արգելած քաղաքապետը որեւէ թթու խոսքի արժանանար: Նոր նրբերանգներ է ձեռք բերում քաղբանտարկյալների ազատագրման հարցը: Փաստորեն, ոչ թե համաժողովրդական պայքարի հետեւանքով է ակնկալվում նրանց ազատագրումը, այլ Սերժին ուղղված ողջախոհություն դրսեւորելու կոչերով: Ես լինեմ Սերժի տեղը, հրամանագիր կարձակեմ` հետեւյալ ձեւակերպմամբ. «Հաշվի առնելով Կոնգրեսի ղեկավար Լ. Տեր-Պետրոսյանի երկու հաջորդական հանրահավաքներում մի շարք բանտարկյալների ներում շնորհելու վերաբերյալ հրապարակային դիմումները` ներում շնորհել… թվարկում»: Մենք իրավամբ հպարտանում ենք ներման խնդրագիր գրելու առաջարկները մերժող մեր քաղբանտարկյալ եղբայրների կեցվածքով, բայց չտեսնելու ենք տալիս, երբ Կոնգրեսի առաջնորդն արդեն երկրորդ ներման դիմումն է հնչեցնում հանրահավաքում:
Եվ վերջում` երկու լուրջ խնդիրների մասին: Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման վտանգի մասին Տեր-Պետրոսյանն ասում է. «Եթե ինչ-որ մարդիկ թերահավատությամբ են վերաբերվում այս մտավախությանը, ես կասկած չունեմ, որ Ադրբեջանը վայրկյան անգամ չի հապաղելու օգտվել Հայաստանում ծագած որեւէ լուրջ խառնակությունից»: Այս պնդումն անողը ո՞նց է ապրիլի 28-ին վերջնագիր ներկայացնելու Սերժին, ո՞նց է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ կազմակերպելու: Սա պայքարից հրաժարվելու հայտարարության տակ դրված պարզ ստորագրություն չէ՞: Եվ եթե այդ պնդումը ճիշտ է, ավելի ազնիվ չի՞ լինի մարդկանց տներից չհանել հանրահավաքի: Տեր-Պետրոսյանն ասում է. «Երեւույթի ընդհանուր գնահատականից բացի, կա նաեւ մի կոնկրետ հանգամանք, որով բացատրվում է Երրորդ ուժի կողմնակիցների այսօրվա ակտիվացումը: Նրանք, ըստ երեւույթին, չափազանց անհանգստացած են իշխանության եւ Կոնգրեսի միջեւ երկխոսության կայացման հեռանկարից, որի հետեւանքը կարող են լինել արտահերթ ընտրությունները: Իսկ քանի որ այդ մարդիկ նման հեռանկարն այլ կերպ չեն պատկերացնում, քան պաշտոնների ու պատգամավորական մանդատների շուրջ պայմանավորվածությունները, ուստի համաձայն կլինեն, որ քաղբանտարկյալները հավերժ մնան բանտերում, որ Ազատության հրապարակը երբեք չվերադարձվի ժողովրդին, որ մարտի 1-ի սպանությունները չբացահայտվեն, միայն թե երկխոսությունը տեղի չունենա»: Հիմա հարցադրման ճշմարտացիությունը չվիճարկող ու դրա հետ կապ չունեցող մեկ հարց: Ո՞ր, նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական ընտրությունների մասին է հռետորի խոսքը: Պատասխանը, կարծում եմ, ակնհայտ է` խորհրդարանական: Ահա եւ եւս մի ապացույց, որ ՀԱԿ-ը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների: Կապ չունի` հերթակա՞ն, թե՞ արտահերթ: Կարեւոր է գիտակցել, որ դրանք լինելու են Սերժի նախագահության ներքո` այդտեղից բխող բոլոր հետեւանքներով: Ուստի ճշմարտացի էինք, երբ, մասնավորապես, վերաբերմունքը «Ժառանգության» ու Րաֆֆու հանդեպ բացատրում էինք նախընտրական հովերով:
Կարապետ ՌՈՒԲԻՆՅԱՆ
Հ.Գ. 1. Մինչեւ հրապարակելը, այս գրառումս ուղարկեցի մի շարք մարդկանց` ստուգելու համար` գնահատականներս օբյեկտի՞վ են, թե՞, ինչպես վերջերս սիրում են մերձկոնգրեսական շրջանակներում խոսել, տրիվիալ «օբիժենիկ» եմ: Թեստի արդյունքները, ինչպես հասկանում եք, դրական էին: Ուղղակի հարցեր եղան` բա ի՞նչ անենք: Ի՞նչ անելը ազգովի որոշելիք հարց է, իմ համեստ կարծիքը դրա վերաբերյալ արտահայտված էր «3Ա»-ի վերջին հայտարարությունում:
Հ.Գ. 2. Ժպիտով ավարտելու համար` մի փոքր լրացում էլ անեմ` նոր հիշեցի: Տեր-Պետրոսյանն ասում է. «Մենք միշտ էլ պնդել ենք, որ մարտի 1-ի իրադարձությունների քննության ամենաարդյունավետ ու անաչառ մարմինը կարող էր լինել անկախ միջազգային հանձնաժողովը, ինչը, սակայն, մերժվեց թե՛ Հայաստանի իշխանությունների, թե՛ միջազգային կազմակերպությունների կողմից: Հարց է ծագում, թե ինչու այդ բանը հնարավոր էր անել Հարիրիի ու Բհուտտոյի սպանությունների պարագայում, բայց նույնը չէր կարելի անել մեր դեպքում»:
Այս համեմատության համատեքստում պատասխանն ակնհայտ է: Որովհետեւ մեր դեպքում, ի տարբերություն Ռաֆիկի ու Բենազիրի, Լեւոնը, բարեբախտաբար, չսպանվեց: