Ձեռքբերումներ չի տեսնում

12/04/2011

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` երեկ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 3 տարիների գործունեությանը, ասել է, թե որեւէ ձեռքբերումներ չի տեսնում: «Արտաքին քաղաքականության մեջ մենք ակնհայտ նահանջի մեջ ենք, երկրի տնտեսական վիճակն էլ, անկախ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներից, ի վերջո, բերել են նրան, որ նախագահը ստիպված է իր կառավարության հետ արդեն խոսել կոշտ տոներով, պահանջներ դնել եւ այլն: Միգուցե դա արժե՞ր 3 տարի առաջ անել: Սա այլ հարց է: Բայց ես մեծ նվաճումներ չեմ տեսնում»: Նաեւ հավելել է, թե ինքը մտավախություն ունի, որ հայ-թուրքական արձանագրությունները մի օր կվավերացվեն, քանի դեռ Հայաստանը ետ չի վերցրել իր ստորագրությունները. «Ես վախենում եմ, որ իշխանության մտքում դեռ կա դա վավերացնելը: Եվ քանի այդ վտանգը կա, ասել, որ փոսն ընկնելու վտանգը վերացած է, ես դեռ չեմ կարող»: