Հայաստանում արդեն թեւակոխել ենք այն փուլ, երբ իշխանությունները, ընդդիմությունը, հասարակությունը, հոգեւոր բարձրաստիճան ղեկավարությունը խոսում են միայն իրե՛նց հասկանալի լեզվով: Մեկը մյուսին չի հասկանում: Իրականությունն ավելի անողոք է` ոչ ոք մյուսին հասկանալ չի ցանկանում: Երբ փորձում ես հասկանալ մեկի քայլերի տրամաբանությունը, նրա խոսքի անգամ ուշադիր ընթերցումն արդյունք չի տալիս: Հետեւություններ անելու միակ արդյունավետ միջոցը մնում է գործողություններին հետեւելը:
Մինչ Շվեյցարիայի նախագահի այցը Հայաստան` այդ երկրի հայկական համայնքի անդամները դիմել էին Ամենայն Հայոց կաթողիկոսին` խնդրելով հարգել համայնքի խնդրանքը` Շվեյցարիայում չբացել Հայ Առաքելական եկեղեցու թեմ եւ թույլ տալ, որ որպես քահանա իր գործունեությունը շարունակի իրականացնել հայր Աբել Մանուկյանը: Սակայն Էջմիածինը, հասկանալի է, կարեւորություն չի տվել իր այդ հեռավոր հոտի անդամների կարծիքին եւ Շվեյցարիա է գործուղել հարգարժան երկու հոգեւորականի` արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանին` Լոս Անջելեսից, եւ հայր Մեսրոպ Պարսամյանին` Էջմիածնից: Երեկ արդեն տարածվեց Շվեյցարիայի հայ համայնքի հայտարարությունը: Այնտեղ նախ` ասված է. «Մենք վկայում ենք, որ Շվեյցարիայի Հայ Առաքելական եկեղեցին ժողովրդի եկեղեցին է, եւ Գլխավոր ասամբլեայի 2010թ. մարտի եւ 2011թ. մարտի 6-ի քվեարկությունները` Շվեյցարիայում հայկական թեմ ստեղծելու դեմ եւ հայր Աբել Մանուկյանին քահանա վերանշանակելու վերաբերյալ, անցկացվել են դեմոկրատ կերպով, իրակապես ներկայացնելով բացարձակ մեծամասնությունը»: (Շվեյցարիայի մեր հայրենակիցներն ակնհայտ թյուրիմացության մեջ են` կարծելով, թե արդար քվեարկության պարագան շեշտելով` կարող են դիպչել Հայաստանում գործող քաղաքական կամ հոգեւոր գործչի նուրբ լարերին): Համոզվելով, որ իրենց խնդրանքն անարձագանք է մնացել, որպես իրենց հիասթափության եւ զայրույթի արտահայտություն` «մեր համայնքում խաղաղություն պահպանելու նպատակով Եկեղեցու խորհուրդը որոշեց եկեղեցու դռները փակել կիրակի, 2011թ. ապրիլի 10-ին»: Վե՛րջ: Հասկանալի է, որ փակ դռներով եկեղեցի որեւէ հայ, հատկապես, եթե նա Շվեյցարիայի հայ է, իրեն թույլ չի տա մտնել: Եվ մենք կունենանք հերթական եկեղեցին` առանց մարդկանց: Գուցե ուշ չէ՞ հավատալ, թե Ամենայն Հայոց կաթողիկոսը դեռ կարող է վնասի կեսից ետ դառնալ, հարգել իր հոտի խնդրանքը եւ խաղաղությամբ լուծել խնդիրը: Հակառակ դեպքում` ի լուր ամենքի` հիմնավորել իր նախաձեռնության իրավացիությունը: Իսկ առայժմ Շվեյցարիայի հայ համայնքը, կրկնենք, փակել է եկեղեցու դռները: Նույն մեթոդներով գործում են նաեւ աշխարհիկ իշխանությունները: «Փոխզիջում», «ընդառաջ գնալ» եզրաբանությունը կիրառվում է միայն հայ-թուրքական, հայ-ադրբեջանական խնդիրների լուծման մասին զրույցներում: Ներքին բոլոր ճակատներում մեզ մոտ պատերազմ է: Հայաստանում ժամանակի հետ մեծանում է այն տարածքների մակերեսը, ուր մարդ չի բնակվում: Կան հեկտարներով անմշակ վարելահողերը, կան արոտավայրերը, լեռները, սակայն պակասում են մարդիկ: Իշխանություններն այսօր լրջագույն խնդիր ունեն` երկրում պահել դեռեւս արտագաղթել չհասցրած մարդկանց: Սակայն երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներից ակնհայտ է, որ նրանք ժամանակի հետ ոչ թե լրջանում են, փորձում հասկանալ դառը իրականությունը, այլ գտել են խնդրի լուծման փիլիսոփայական (եւ, նկատենք, խիստ արդյունավետ) տարբերակ: Իշխանությունն իր վերաբերմունքն է փոխում իրականության հանդեպ: Հայտնի է` երբ խնդիրն անլուծելի է, ոչինչ փոխել չես կարող, փոխում ես վերաբերմունքդ, ու ամեն բան իր տեղն է ընկնում: Այլ կերպ ասած` փորձում են ավելի թեթեւ նայել իրականությանը: Նախագահի հանձնարարությամբ դեպի գյուղ են շտապում գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները: Մայող գառների եւ բառաչող կովերի ֆոնին` գյուղն իդիլիա է թվում: Անձրեւից թրջված հոտի բույրն արբեցնում է պաշտոնյաներին, եւ նրանք սկսում են իրենց անկեղծ զրույցը գյուղացիների հետ` վստահ, որ գյուղն այլեւս փրկման ճանապարհին է: Ի վերջո, նախագահի հանձնարարականները` գյուղական մոտիվներով, դատարկ զրնգոց չէ… Գրեթե նույն ինքնախաբկանքն է մյուս ոլորտներում:
Որքան բարդ է հասկանալ հոգեւոր դասին եւ աշխարհիկ իշխանություններին, նույնքան ռեբուսներով է հարուստ ընդդիմության գործունեությունը: Հղում անելով ՀՀ նախագահին Սահմանադրությամբ ընձեռված հնարավորությանը` ընդդիմությունն առաջարկում է նրան` ցուցաբերել բարի կամք եւ ներում շնորհել քաղբանտարկյալներին: Եթե քաղբանտարկյալներն արդեն երեք տարուց ավելի է` ազատազրկված են, երեք տարի անց դրսեւորած կամքը ամենեւին հնարավոր չէ «բարի» համարել` նույնիսկ մեծ ցանկության դեպքում: Նախագահին, արդեն երեք տարի է, հորդորում են բոլորը` ներում շնորհել քաղբանտարկյալներին: Նախագահը, պատկերացրեք, դեմ չէ, միայն առաջարկում է ներումը հայցել գրավոր: Իսկ «Խնդրում եմ, ներեք» խոսքերով ավարտված նամակն ընթերցելուց հետո նա չի զլանա դրսեւորել իր բարի կամքը: Սակայն քաղբանտարկյալները ներման անհրաժեշտություն չունեն, նրանք ունեն ազատ արձակվելու խնդիր: Այստեղ կա հոգեբանական փոքրիկ, բայց կարեւոր տարբերություն: Ներում ստանալուց հետո գործողություններդ այլ տրամաբանություն ունեն, ազատ արձակվելուց հետո` այլ: Ինչ վերաբերում է Երրորդ ուժի` վերջին պահին հօգուտ իշխանություններին հակվելու պնդմանը, ապա բոլոր կուսակցություններն էլ անցումն իշխանական ճամբար հիմնավորել են արտաքին մարտահրավերներով, Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման հնարավորությամբ, հետեւաբար` իշխանության հետ երկխոսության մեջ մտնելու անհրաժեշտությամբ: Իշխանությունների հետ երկխոսության անհրաժեշտություն զգում է նաեւ ՀԱԿ-ը. «Նրանք (Երրորդ ուժ կոչվածները.- Լ.Ա.), ըստ երեւույթին, չափազանց անհանգստացած են իշխանության եւ Կոնգրեսի միջեւ երկխոսության կայացման հեռանկարից, որի հետեւանքը կարող են լինել արտահերթ ընտրությունները» (ապրիլի 8-ին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից): Ոչինչ են իշխանությունների, ընդդիմության, հոգեւոր վերնախավի շուրթերից հնչող մտքերը, ելույթները… Ոչինչ են, քանի որ այդ ելույթների թիկունքում դատարկվող Հայրենիքն ու դատարկվող եկեղեցիներն են: Իսկ թե ում ելույթն է ակադեմիական, ումը` միջակ, ումը` հարուստ աստվածաշնչյան մեջբերումներով, արդեն հետաքրքիր չէ: Ժամանակի հետ իրեն սպառում է քաղաքական ելույթներ մեջբերելու, դրանք համեմատելու եւ հակասություններ փնտրել-գտնելու սովորությունը: Սա դառնում է դիագնոզ` կյանքի անխնա վատնում ախտանիշով: