Երբ նախարարը Հասմիկ Պողոսյանն է

12/04/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Քանի դեռ բոլորս հեռուստացույցի գերին ենք, իսկ եթերով միայն երգում եւ գովազդում են, ապա շատերիս մոտ կարծիք է ստեղծվում, թե դա է միակ իրականությունը: Ինձ շատ զարմացրեցին վերջերս մեծ աղմուկ բարձրացրած մրցանակաբաշխության հետեւանքները: Փաստորեն, քանի դեռ այդ մարդկանց տուն չէին նվիրել, ոչ ոք չէր նկատել, որ նրանք չգիտեն երգել, ոչ ոքի չէր հետաքրքրում, թե այդ ցածրորակ երաժշտությունն ինչ ճանապարհներով է հայտնվում եթերում: Պետք է գտնել ակունքը, թե ինչո՞ւ է շոու-բիզնեսը դարձել բոլորիս տան խոսակցության թեման: Ի վերջո, պետք է հասկանալ, թե ո՞րն է իրական մտավորականի տեսակը»,- երեկվա ասուլիսում ասել է երգահան Դավիթ Ամալյանը: Իսկ երգահան Ռուբեն Հախվերդյանն էլ հավելել է. «Եթե մեր մշակույթի նախարարը Հասմիկ Պողոսյանն է, մեր շոու-բիզնեսը հազիվ թե լինի այն, ինչ տեսնում ենք այսօր: Եթե մեր կրթության նախարարը, ժողովրդի լեզվով ասած` Ֆանտոմասը լինի, ի՞նչ սպասելիքներ կարող ենք ունենալ»: Ռ. Հախվերդյանն անդրադարձավ նաեւ քաղաքում ամեն քայլափոխի հանդիպող պաստառներին` ասելով. «Չեմ հասկանում, թե ո՞րն է քաղաքը տխմար խորագրեր կրող պաստառներով լցնելու իմաստը` «Մենք հայկական բանակն ենք», «Իմ դուդուկն իմ զենքն է»,«Ես սիրում եմ քեզ»: Չես հասկանում, թե ո՞վ ո՞ւմ է սիրում, միգուցե դա խմբակային սե՞ր է, ո՞վ գիտի: Այդ պաստառներին պետք է պատկերված լինեին Մոնթեի, Դուշման Վարդանի եւ նման բարոյական բարձր մակարդակի մարդկանց նկարները, որ մեր երեխաներն իմանային իրենց հերոսների անունները: Ես պատահականություն չեմ տեսնում, որ պատերազմում զոհվեցին բարոյական, կարգին մասնակիցները, որոնք գաղափարական հերոսներ էին: Դա, ըստ իս, զուգադիպություն է: Նրանք էին իսկական մտավորականները: Շատերը կարծում են` եթե փողկապ են կրում, կարող են մտավորական կոչվել: Նույն տրամաբանությամբ, եթե կապիկին փողկապ հագցնենք եւ խորհրդարանում նստեցնենք, նա եւս իրեն մտավորական կհայտարարի»: Խոսելով պատգամավորների մասին, Ռ. Հախվերդյանն ասաց. «Երեսփոխանը շատ ճիշտ բնորոշում է պատգամավորի էությունը: Այսօր ՀՀՇ-ական են, վաղը` հանրապետական. հանգիստ փոխում են երեսները: Իրենց հետաքրքրում է միայն իրենց երթուղային տաքսիների գծերը, սուպերմարկետները… Իզուր ենք կարծում, թե վերացել են խորհրդային կարգերը: Քանի դեռ մեր ղեկավարների ուղեղները խորհրդային են, նրանք շարունակելու են գռփել: Ես զարմանում եմ, որ մեր երկրի նախագահը մինչ օրս բաց ու ազատ խոսքով չի դիմել ժողովրդին: Որեւէ նախագահ մինչ օրս չի ասել` «Ներողություն, ժողովուրդ, այսինչ հարցում սխալ ենք եղել»: Ստացվում է, որ բոլորը ճիշտ են: Իսկ դա նշանակում է, որ շատ լավ է, որ գնաճը շարունակվում է, սպառողական զամբյուղը լցվում է դատարկությամբ, իսկ երկիրը զրկվում է իր բնակիչներից, որոնց արտահոսքը սարսափելի աստիճանի է հասել: Ակնհայտ է, որ մեր ղեկավարները սպասում են, թե ռուս «ձաձան», ինչ կասի, որ ըստ այդմ էլ քայլեր ձեռնարկեն: Լուռ հետեւում են, թե ինչ ծրագրով է նույն ռուս «ձաձան» հայ ընտանիքներին արտահանում, որպեսզի աղա իր «արգանդում» եւ դարձնի ռուս»: Իսկ Դ. Ամալյանի ասելով` մենք ինքնաճանաչման խնդիր ունենք, քանի որ մենք կորցրել ենք մեր դեմքը: «Քանի դեռ չենք հասկացել մեր ազգային արժեքները, դավաճանություններն անխուսափելի են լինելու: Իսկ անդեմ ազգը որեւէ երկրի հետ չի կարող դաշնակցել, նա կարող է լինել միայն` որպես ստրուկ: Մենք վաղուց միասնական չենք»,- ասաց նա: Հարցին, թե հեռուստաեթերով կհնչե՞ն արդյոք այն նախարարների անունները, որոնք նշեցիք, եւ որքանո՞վ է օբյեկտիվ մեր մամուլը, Ռ. Հախվերդյանը պատասխանեց. «Եթե ուզում ես լսել վերջին լուրերը` պետք է նստես տաքսի: Տաքսու վարորդը կհայտնի միայն օբյեկտիվ ճշմարտությունը: Այն, ինչ երբեք չենք լսի Հանրային հեռուստատեսությամբ կամ ռադիոյի եթերով»: