Իրանի նախագահի հայտարարությունը, թե «Իսրայելը պետք է ջնջվի աշխարհի երեսից», սուր արձագանքներ է գտել աշխարհում: Հազարավոր իրանցիներ են դուրս եկել Թեհրանի փողոցներ՝ բողոքելու պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի վարած քաղաքականության դեմ: Իսրայելի արտգործնախարարը հայտարարում է, որ դիվանագիտական ճակատում խոշորածավալ հարձակում են սկսելու: Ադրբեջանում նախընտրական իրադարձությունները կոշտ դրսեւորումներ են ստանում: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեզ շատ ծանոթ խոսքեր է ասում՝ «…Ադրբեջանի հետագա առաջընթացը ժողովրդավարության ուղիով կախված է հենց Ադրբեջանից»: Նույն խոսքերն է կրկնում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը: ԱՄՆ-ը կարծես հաշտվել է ՀՀ հանրաքվեի հնարավոր արդյունքների հետ եւ սպասում է 2007թ. նախագահական ընտրություններին: Խոշոր քաղաքականության մեջ երկուսուկես տարին մեծ ժամանակ չէ: Ողջ աշխարհում խառը ժամանակներ են: Անհայտ մեկն այս օրերի մասին ասել է՝ «Աշխարհը խելագարվել է, որովհետեւ լավագույն գոլֆ խաղացողը սեւամորթ է, լավագույն ռեփ երգիչը՝ սպիտակամորթ, ֆրանսիացիք խոսում են ամերիկացիների սնոբիզմի մասին, գերմանացիք՝ իրենց խաղաղասիրության»: