Արկածախնդիր առաջարկ

09/04/2011

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանի կարծիքով` Հայ Ազգային կոնգրեսի հանրահավաքներն առաջիկայում մարման միտումներ կունենան, քանի որ Հայաստանում առկա դժգոհությունը զուտ սոցիալական է, սակայն ՀԱԿ-ը ցանկանում է այն վերածել քաղաքականի: «Ընդդիմությունն ընդհանրապես ցանկանում է երկրի սոցիալական խնդիրները քաղաքականի վերածել, ինչը նրան չի հաջողվի: Բոլոր հանրահավաքների ժամանակ նույն առաջնորդներն են խոսում, նույն թեմաներով, ինչը չի կարող իր հետեւից մեծ զանգվածներ տանել եւ ընդվզում առաջացնել»,- ասել է Մելիքյանը: Նա համոզված է, որ ժողովուրդը կգնա այն առաջնորդի հետեւից, ով վեր կհանի սոցիալական խնդիրներն ու կգնա դրանց լուծման հետեւից։ «Իսկ սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ այսօր աշխատում է միայն իշխանությունը»,- ասել է Գ. Մելիքյանը: Ի դեպ, ըստ նրա` ՀԱԿ-ի կողմից արտահերթ ընտրությունների մասին հայտարարություններն արվում են բացառապես «ժողովրդին սպասման մեջ պահելու» նպատակով: Անդրադառնալով ՀԱԿ որոշ ներկայացուցիչների հայտարարություններին, թե 200.000 մարդ փողոց դուրս բերելու պարագայում իշխանությունը կհեռանա, Գ. Մելիքյանն ասել է. «Դուք էլ հավատացիք, որ այդքան մարդ դուրս կգա փողոց, կամ էլ իշխանությունը կհեռանա՞: Դա ժողովրդին հավաքելու հերթական արկածախնդիր առաջարկն է, ուրիշ ոչինչ»: