Ընդունելի փաստաթուղթ չկա,- ասում է նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը

09/04/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Ձեր կարծիքով` ներքին խնդիրները կարգավորելուց հետո միայն կկարողանանք արտաքին խնդիրները լուծել: Երբ Դուք արտգործնախարար էիք, այդ 10 տարիներին էլ նույն խնդիրները կային, արդյո՞ք դրանք խանգարում էին ԼՂ հարցի կարգավորման բանակցություններում:

– Միանշանակ, ես միշտ էլ ասել եմ, որ ՀՀ ներքաղաքական կյանքում բոլոր կտրուկ կամ շրջադարձային դեպքերից հետո այդ իրադարձությունները բացասական ազդեցություն են ունեցել մեր արտաքին գործունեության վրա: Կասկած չկա, ինչքան զորավոր է, միասնական է երկիրը, զարգանում է, ժողովրդավար ու արդար է, այնքան ուժեղ ենք դրսում:

– Կոնկրետ ի՞նչ առիթներով կամ ե՞րբ եք զգացել ներքին խնդիրների բացասական ազդեցությունն արտաքին գործունեության վրա: Կարելի՞ է ասել, որ գործող նախագահն այս առումով ավելի վատ վիճակում է եղել, քան Ռ.Քոչարյանը:

– Դժվար է նման համեմատություններ անցկացնել: Կոնկրետ էպիզոդներ են եղել, որ, երբ Հայաստանում խնդիրներ ենք ունեցել, դրսում էֆեկտիվությունն ընկել է: Իմ պաշտոնավարման 10 տարիներին, մեծ հաշվով, ես կարծում եմ, որ արտաքին քաղաքականությունը շատ էֆեկտիվ է եղել: Դրա ամենավառ ապացույցն այն է, որ իմ պաշտոնավարման գոնե վերջում մենք կարողացանք ԼՂ ինքնորոշման իրավունքն առաջին անգամ լինելով` ամրագրել բանակցային փաստաթղթում, եւ միջազգային հանրությունն ամբողջությամբ դա պաշտպանեց եւ դրա ջատագովը դարձավ: Խոսքը Մադրիդյան սկզբունքների մասին է: Այսօր արտաքին քաղաքականությունը, կարծում եմ, բոլորովին այլ ուղղությամբ է զարգանում, նմանությունները շատ քիչ են, դրա համար էլ ես շատ հաճախ քննադատություններ եմ հնչեցնում: Ինձ մեղադրում են, թե, վերջիվերջո, այդ բոլորի հիմքերն այն ժամանակ են դրվել, բայց այդպես չէ: Ես կարող եմ միանշանակ արձանագրել, որ այսօրվա արտաքին քաղաքականության շեշտադրումները բացարձակ կապ չունեն այն ամենի հետ, ինչ որ արվում էր 1998-2008 թվականներին:

– Օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռուդոլֆ Փերինան հայտարարեց, որ, երբ Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիեւն առաջին անգամ հանդիպել են, ինքը տպավորություն է ստացել, թե նախագահները պայմանավորվել են բանակցությունները շարունակել, բայց արդյունքի չհասնել:

– Ռ.Փերինայի ասածը հայր Ալիեւի հետ կարճ շրջանի մասին է, դրանից հետո շատ բան է փոխվել: Նույնիսկ այդ շրջանում գոնե ինձ վրա հարցի կարգավորմանը հասցնելու շատ հստակ խնդիրներ էին դրվել, բայց Ի.Ալիեւի օրերին արդեն շատ կոնկրետ փաստաթղթային գործունեություն է ծավալվել: Կարող եմ ասել, թե ինչ-որ տեղ բավականին մոտ էինք հարցի լուծմանը, եւ այն փաստը, որ մենք կարողացանք ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն ամրագրել փաստաթղթում, դա մեր ձեռքբերումներից մեկն է:

– Դուք խոսում եք Մադրիդյան սկզբունքների մասին, որի 6 կետերը հրապարակվեցին Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների կողմից: Այնտեղ ԼՂ կարգավիճակի հարցը բավականին հետ էր կետերի հերթականության մեջ, առաջին կետում ԼՂ հարակից տարածքների վերադարձն է: Արդյո՞ք գերտերությունների նախագահների մասնակցությամբ այդ սկզբունքների նման բացահայտումն ուղղակի պատահականություն էր:

– Ծանոթ եմ այն դասավորմանը, որ ես եմ բանակցել: Վերջին փաստաթուղթը, որին ծանոթ եմ, այնտեղ առաջին տեղում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն էր:

– Կետերի հերթականությունը փոխվե՞լ է:

– Այն փաստաթուղթը, որ ես հանձնել եմ այսօրվա իշխանություններին, այնտեղ առաջինը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն է:

– Հենց այդպես` «ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի» մասին հստակ ձեւակերպո՞ւմ է եղել, թե՞ պարզապես խոսք է գնացել ԼՂ կարգավիճակի ճշգրտման մասին:

– Այո, հստակ ձեւակերպում` նույնիսկ բազմաթիվ մանրամասներով:

– ԼՂՀ հարցով բանակցություններում հիմա հավասարակշռությունը հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական կողմի օգտին է:

– Դժվար է ասել, այսօր ինձ համար ամենամեծ անհայտը կամ զարմանքն այն է, որ վեճն այսօր ոչ թե ինչ-որ փաստաթղթի բովանդակության շուրջ է, այլ փաստաթղթերի շուրջ: Այսօր ուղղակի համաձայնություն չկա, թե որ փաստաթուղթն է սեղանի վրա: Ո՞րն է այդ փաստաթուղթը, նորացվա՞ծը, Սանկտ Պետերբուրգում առաջարկվա՞ծը, թե՞ օրիգինալ Մադրիդյանը: Վեճն այսօր դրա շուրջ է: Չկա այսօր մի փաստաթուղթ, որի համար կողմերն ասեն, թե սա մեզ համար ընդունելի է` որպես բանակցային հիմք: Նախկինում կար փաստաթուղթ, որ բոլորն ասում էին, թե սա որպես բանակցությունների հիմք` ընդունելի է: Մենք քննարկում, վիճում էինք այդ փաստաթղթի բովանդակության շուրջ:

– Բայց Արտգործնախարարությունից երբեմն հայտարարում են, թե Հայաստանը բանակցություններում որպես հիմք է ընդունում Մադրիդյան սկզբունքները:

– Այո, հայկական կողմը դա ասում է, բայց դեռ քիչ է ասել` Մադրիդյան սկզբունքները: Ինչ-որ կոնկրետ փաստաթղթի վրա պետք է լինի հղումը: Ես կարծում եմ, որ մեր դիվանագիտությունն առաջին հերթին պետք է սա հստակեցնի, այլապես կարելի է համարել, որ բանակցությունները մտել են շատ լուրջ փակուղի:

– Ավելի ակտիվացել են ՌԴ նախաձեռնությամբ հայ-ադրբեջանական եռակողմ հանդիպումները: Շատերը դա գնահատում են` որպես ՌԴ-ի կողմից ԼՂ հարցի լուծման ղեկը վերցնելու փորձ, Արեւմուտքը համեմատաբար պասիվ դիրքերում է:

– Ոչ, միշտ էլ համանախագահող երկրների նախագահները տարբեր առիթներով ակտիվ ներգրավվածություն ունեցել են: Եղել է մի պահ, որ Ժակ Շիրակը նախաձեռնեց մի քանի հանդիպումներ, Քի Վեսթից հետո Բուշն էր, որ ընդունեց նախագահներին: Նաեւ հաճախ Պուտինն է կազմակերպել: Այս վերջին շրջանում կարծես թե նախագահների մակարդակով հանդիպում լինում է միայն ռուսական նախաձեռնությամբ: Մինսկի խումբը դեռ ակտիվ է, 3 համանախագահներն աշխատում են: Բայց, այո, դիտարկելով, որ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ նախագահների մակարդակով 8 հանդիպումներ են, կարելի է այն տպավորությունը ստանալ, որ հիմնական նախաձեռնությունը ՌԴ-ն իր ձեռքն է վերցրել:

– ՀՀ իշխանություններն այսօր շատ են բարձրաձայնում ԼՂՀ-ն հակամարտության լիիրավ անդամ դարձնելու մասին: ԼՂՀ-ն բանակցություններից դուրս է եկել Ձեր պաշտոնավարման տարիներին: Հիմա ինչո՞ւ չի ստացվում ԼՂ-ն վերադարձնել բանակցային սեղանի շուրջ:

– Ադրբեջանն է հիմնականում մերժում բանակցություններին ԼՂ մասնակցությունը: Երբ դա նախապայման դարձնես, կարող է արդյունքն այն լինել, որ ընդհանրապես բանակցություններ չլինեն, ինչը լավ բան չէ: Հարցն այլ ճանապարհներով լուծելու վտանգը մեծանում է: Այնպես որ, բանակցություններն անհրաժեշտ են: Մյուս կողմից էլ` մենք մեզ չհամոզենք, թե ԼՂ-ն ընդհանրապես դուրս է բանակցություններից: Համանախագահները հանդիպում են ԼՂ իշխանությունների հետ: Եվ այն, որ հայկական կողմը հայտարարում է, թե առանց ԼՂ ստորագրության որեւէ փաստաթուղթ չի ընդունի, դա ինքնին արդեն ԼՂ ժողովրդի կամքի արտահայտման երաշխիք է: Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, որ մեր ժամանակ է ԼՂ-ն դուրս մնացել, գիտեք, ես այդ հարցին բազմիցս եմ անդրադարձել, առանց մեղադրանքներ հնչեցնելու, թե ով ինչ սխալ է արել: Ուղղակի պատմական փաստն եմ արձանագրում, որ Մինսկի խումբն իր գործունեությունը դադարեցրել է 1997-ի մարտին` տարբեր նկատառումներից ելնելով: Երբ ես արտաքին գործերի նախարար էի, արդեն Մինսկի գործընթաց չկար: Բայց մինչ այդ նախագահների ֆորմատը, որ 1995թ. գոյություն է ունեցել, շարունակվում էր: Ու երբ Մինսկի գործընթացն արդեն ընդհատվել էր, իսկ նախագահականը շարունակվում էր, մենք այդպես էլ շարունակեցինք: Բայց նախագահների մակարդակով գործընթացը վերջիվերջո տվեց այն արդյունքը, որ մենք երբեւիցե չէինք կարող իրականացնել: Այն, որ ԼՂ ինքնորոշման իրավունքն ամրագրվեց բանակցային փաստաթղթում:

– Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան է հայտարարել, որ Ռ.Քոչարյանի ցանկությամբ է ԼՂ-ն դուրս մնացել բանակցություններից:

– Ես դա չեմ կիսում, կարծում եմ, որ ինքն ինչ-որ շփոթության մեջ է, հատկապես, որ ինքն այն ժամանակ դեռ համանախագահ չի եղել: