Որպեսզի չսպառվեն

09/04/2011

Պարույր Հայրիկյանի ԱԻՄ կուսակցությունը հայտարարություն է ընդունել` հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: Հայտարարության մեջ ասվում է, որ ընտրություններին կուսակցության մասնակցությունը կախված է այն բանից, թե արդյոք ժողովուրդը պատրա՞ստ է սատարել ԱԻՄ-ին, թե՞ ոչ: Եվ դա պարզելու համար ԱԻՄ-ը որոշել է դրամահավաք կազմակերպել: «Նվազագույն նախնական անհրաժեշտ դրամագլխի ապահովումը, որով իրենց գործունեությունը կվերսկսեն երեւանյան եւ մարզային գրասենյակները, անառարկելի վկայությունը կլինի այն բանի, որ հասարակությունը պատրաստ է սատարել երկրում իրավիճակն արմատապես բարեփոխելու ԱԻՄ ծրագրերին»,- ասված է ԱԻՄ-ի հայտարարությունում: Պ. Հայրիկյանը երեկվա ասուլիսում ասել է, որ ինքը մի քանի օրում իր ընկերներից կարող է հավաքել այնքան գումար, որքան իրեն անհրաժեշտ է, սակայն հանգանակությունը կվկայի այն մասին, որ ժողովուրդն իսկապես ցանկանում է տեսնել ԱԻՄ-ի մասնակցությունն ընտրություններում: Նա նաեւ տեղեկացրել է, թե մարտին սկսված հանգանակության արդյունքում արդեն իսկ հավաքվել է 1 մլն դրամ: Ի դեպ, Հայրիկյանը նաեւ խոստովանել է, որ ԱԻՄ-ը որոշել է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, որովհետեւ, նրա խոսքով` մի քանի ընտրությունների չմասնակցելը ԱԻՄ-ի համար կարող է շատ ծանր լինել` հանգեցնելով «կուսակցության դերակատարման սպառման»: