Երեւանի ավագանու երեկվա նիստի ժամանակ ավագանու անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանն առաջարկել է ընդհանրապես արգելել Ազատության հրապարակում որեւէ քաղաքական միջոցառում, հանրահավաքներ անցկացնելու ավանդույթը: Նա նույնիսկ դժգոհել է միտինգներից հետո իրենց «պադեզդների մոտ առաջացած կեղտից»: «Ազատության հրապարակում պետք է մեկընդմիշտ արգելել որեւէ քաղաքական միջոցառում անցկացնել, մասսայական միջոցառումները պետք է միայն արվեստի վերաբերյալ լինեն, որովհետեւ արդեն ամոթ ա, մայրաքաղաքը դառել ա… չեմ ուզում բառը արտասանեմ»,- ասել է Իգիթյանը: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն էլ պատասխանել է. «Մեր իրավաբանների հետ կքննարկենք, թե ինչքանով է դա մեր գործառույթը, թե` ոչ, ու հաջորդ ավագանու նիստին Ձեզ կտեղեկացնենք»: Քաղաքապետարանի Իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանն, ի պատասխան, ասել է. «Զանգվածային միջոցառումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սահմանադրությամբ եւ օրենքով: Այսինքն` որեւէ սահմանափակում` մասնակցելու որեւէ հանրահավաքների, այդ թվում` քաղաքական, կարող է լինել բացառապես օրենքով: Նաեւ Ազգային ժողովում կա «Հավաքների անցկացման մասին» օրենքի նախագիծ, եւ այդ հարցերը կարգավորվում են: Տվյալ դեպքում, իմ կարծիքով, քանի որ Սահմանադրությամբ կանոնակարգված է, սա այդ դեպքը չէ»: