Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը հանրահավաքում

09/04/2011

Ս.թ. մարտի 1-ի հանրահավաքում մենք ձեզ հետ միասին ընդունեցինք 15 կետից բաղկացած պահանջների ու գործողությունների մի իրավիճակային ծրագիր: Մարտի 17-ի հանրահավաքում առանձնացրինք այդ ծրագրի իրականացման առաջին փուլի այն երեք հրատապ խնդիրները` քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հավաքների անցկացման վրա դրված ապօրինի արգելքի վերացումը եւ 2008թ. մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պատրաստակամության վերաբերյալ պաշտոնական հավաստիացումը, որոնք անհրաժեշտ են իշխանության հետ ֆորմալ երկխոսություն սկսելու եւ հասարակության կողմից առաջ քաշված մյուս խնդիրները լուծելու համար: Պայմանավորվեցինք նաեւ, որ մենք իրադարձությունները չենք փութացնելու, գործելու ենք Սահմանադրության ու օրենքների շրջանակում, եւ մեր պահանջների իրականացմանը հասնելու ենք քայլ առ քայլ, սահուն ընթացքով` երկիրը զերծ պահելով սոցիալական ընդվզումներից ու քաղաքական ցնցումներից, ոչ ամենեւին պայքարի հեղափոխական մեթոդների օրինականությունը մերժելու, այլ բացառապես Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման վտանգը չմեծացնելու նկատառումով: Եթե ինչ-որ մարդիկ թերահավատությամբ են վերաբերվում այս մտավախությանը, ես կասկած չունեմ, որ Ադրբեջանը վայրկյան անգամ չի հապաղելու օգտվել Հայաստանում ծագած որեւէ լուրջ խառնակությունից:

Թեեւ անցյալ հանրահավաքի բանավոր ելույթում ես հանգամանորեն անդրադարձա առաջին փուլում իրականացվելիք երեք խնդիրներին, սակայն հարկ եմ համարում, չխուսափելով որոշ կրկնություններից, կրկին կանգ առնել այդ խնդիրների վրա` նրանց կարեւորությունը լիովին բացահայտելու եւ Հայ Ազգային կոնգրեսի ներկա պահին որդեգրած մարտավարությունը ողջ հասարակությանը հասկանալի դարձնելու նպատակով:

Որովհետեւ ես չեմ ուզում, որ դուք կույր հավատ ու անվերապահ վստահություն տածեք Կոնգրեսի նկատմամբ, այլ, որ այդ հավատն ու վստահությունը խարսխված լինեն բանականության ու համոզմունքի վրա, ինչից եւ, առաջին հերթին, կախված է ցանկացած մեծ գործի հաջողությունը: Կարճ ասած, ես կուզեի, որ ձեզանից յուրաքանչյուրին, ոչ թե հավատի ու վստահության, այլ սառը դատողության մակարդակով, կատարելապես ընկալելի դառնար ինձ համար աքսիոմատիկ այն ճշմարտությունը, որ եթե թվարկված երեք խնդիրները մոտակա օրերին չլուծվեն, ապա մարտի 1-ի հայտարարության պարունակած մնացյալ պահանջները երբեք չեն իրականանա եւ իշխանություն-հասարակություն երկխոսությունն այդպես էլ չի կայանա` ի չիք դարձնելով ազգային համերաշխության վերականգնման ճանապարհով Հայաստանի միջազգային վարկի բարձրացման եւ արտաքին մարտահրավերների դիմագրավման թերեւս վերջին հնարավորությունը: Ու թեեւ այդ հնարավորության բացթողնման պատասխանատվությունը կընկնի, առաջին հերթին, իշխանության, եւ ապա` կողքից մեզ խանգարող տարաբնույթ ուժերի վրա, սակայն ողջամտության ու կարգապահության պակասի պարագայում մենք եւս, ձեզ հետ միասին, զերծ չենք մնա պատասխանատվության մեր բաժնից:

Ինչո՞ւ ենք մենք առանձնացրել եւ առաջնային համարել հենց այս խնդիրները: Որովհետեւ, ինչպես ի վերջո նաեւ Եվրախորհրդի համազեկուցողներն են հասկացել, սրանք են Հայաստանի քաղաքական միջավայրը թունավորող հիմնական գործոնները, եւ մինչեւ նրանք չվերանան, այդ միջավայրի առողջացման ու իշխանությունների հետ երկխոսություն սկսելու մասին խոսք չի կարող լինել: Իսկ այժմ մեկ առ մեկ անդրադառնանք նշված երեք խնդիրներին` ոչ այնքան նրանց կարեւորությունը եւս մեկ անգամ շեշտելու, որքան նրանց լուծման մեխանիզմները պարզաբանելու նպատակով:

ա. Քաղբանտարկյալներ. Երբ որեւէ երկրում բանտարկյալների հարցը ստանում է հասարակական հնչեղություն կամ հանգեցնում ճգնաժամային իրադրության, ապա այն, անկախ իրավական հանգամանքներից ու գնահատականներից, վերածվում է քաղաքական հարցի ու պահանջում քաղաքական լուծում: Դրա համար Սահմանադրությամբ նախագահին տրված է ներման իրավասություն, որը բացարձակ իրավունք է, այսինքն` ոչ մի օրենքով չի կարգավորվում եւ ոչ մի օրենքով չի սահմանափակվում: Ելնելով քաղաքական կամ հումանիտար նպատակահարմարությունից, նախագահը, երբ եւ ում ուզի, կարող է ներում շնորհել, առանց դրան արժանացողի մասին սեփական կարծիքը փոխելու կամ իր որոշումը հիմնավորելու եւ որեւէ բացատրություն տալու: Սա պետության կարգավորող գործառույթին առնչվող կարեւոր մեխանիզմ է, որը սովորաբար կիրառվում է պայթյունավտանգ իրավիճակների հաղթահարման` պատանդների փրկության, գերիների, լրտեսների, այլախոհների փոխանակման, դիվանագիտական բանակցությունների հեշտացման, զինադադարների կնքման, ներքաղաքական լարվածության թուլացման նպատակով: Կարելի է թվարկել պետությունների կյանքում նշված մեխանիզմի կիրառման բազմաթիվ դեպքեր, բայց բավարարվենք մի քանիսով: Գրեթե ամեն տարի, արաբա-իսրայելական հաշտության գործընթացը խթանելու նպատակով, Իսրայելն ազատ է արձակում հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների: Ամիսներ առաջ, Իսպանիայի արտգործնախարար Մորատինոսի միջնորդությամբ, Կուբայի իշխանությունները ազատ արձակեցին շուրջ վաթսուն քաղբանտարկյալի: Նախագահներ Մուբարաքն ու Ասադը, հասարակական կարծիքի ճնշման տակ, թեեւ ուշացած, վերջերս ազատ արձակեցին հազարավոր քաղբանտարկյալների: Այս առումով բացառություն չի կազմում նաեւ Հայաստանը. հիշենք, թեկուզ, Ադրբեջանի հետ մշտապես տեղի ունեցող գերիների փոխանակումը կամ 1998-ին, իրավիճակի փոփոխության հիմնավորմամբ, տասնյակ դատապարտյալների ազատ արձակումը: Նշված օրինակների լույսի ներքո ինքնըստինքյան հասկանալի է, որ ներկա իրավիճակում Հայաստանի քաղբանտարկյալների հարցի լուծման հարմարագույն միջոցը, իրավաբանական խրթնաբանությունների փոխարեն, նախագահին վերապահված այս պարզ մեխանիզմի կիրառումն է, ինչի դրական ազդեցությունը ներքաղաքական լարվածության լիցքաթափման վրա միանգամայն ակնհայտ է:

բ. Ազատության հրապարակ. Վերջին տարիների ընթացքում իրար հաջորդած Երեւանի երեք քաղաքապետերը, օրենքի կոպիտ խախտմամբ, հարյուրից ավելի անգամ մերժել են Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու վերաբերյալ ընդդիմության ներկայացրած իրազեկման դիմումները: Քաղաքապետարանի որոշումներից շատերը նաեւ բողոքարկվել են դատարանում, բայց առանց բացառության` թողնվել ուժի մեջ: Հասկանալի է, որ վաղ թե ուշ թե՛ ապօրինի որոշումներ կայացրած քաղաքապետերը, թե: այդ որոշումներն ուժի մեջ թողած դատավորները կանգնելու են արդարադատության առջեւ: Բայց այս պահին դա չէ կարեւորը, այլ այն, որ իշխանությունները ոչ միայն ցինիկաբար շարունակում են կատարել այդ աղաղակող ապօրինությունները, այլեւ, Խորհրդարանի միջանցքներում պտտվող խոսակցությունների համաձայն, մտադիր են Ազատության հրապարակն ընդհանրապես ընդգրկել քաղաքական միջոցառումների անցկացման համար արգելված տարածքների ցանկում: Թեեւ «Հավաքների ազատության մասին» ՀՀ նոր օրենքի առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծի համապատասխան հոդվածում, որը, նախկինի համեմատ, արդեն իսկ բավականին ընդարձակված է, Ազատության հրապարակը դեռեւս նշված չէ արգելված տարածքների շարքում, բայց դա արված է միայն հասարակությանը նախապես չգրգռելու նպատակով, եւ այդ առաջարկն, ըստ երեւույթին, արվելու է գաղտագողի, օրինագծի վերջնական քվեարկությունից անմիջապես առաջ: Եթե իշխանություններն իսկապես այդպիսի մտադրություն ունեն, ապա դա, 2008թ. մարտի 1-ի սպանդից ու համատարած քաղաքական հալածանքների սանձազերծումից հետո, կլինի նրանց ամենամեծ սխալը, որն ուղղակի կպայթեցնի երկրի առանց այդ էլ գերլարված ներքաղաքական իրավիճակը: Եթե իշխանությունները մինչեւ հիմա չեն հասկացել, թե հայ ժողովրդի համար ինչ նշանակություն ունի Ազատության հրապարակը, ապա ժամանակն է հասկանալ: Դա ոչ թե քաղաքական միջոցառումների անցկացման սովորական վայր է, այլ խորհրդանիշ: Այստեղ է ծնունդ առել հայկական ժողովրդավարությունը, այստեղ է կերտվել Հայաստանի անկախությունը, այստեղ է դրվել Արցախի ազատագրության հիմքը: Եվ ոչ մի իշխանություն, որքան էլ ամենազոր, չի կարող ժողովրդից խլել այդ խորհրդանիշը: Դա նույնն է թե` անգլիացիներին արգելեն հանրահավաքներ անցկացնել Տրաֆալգարի հրապարակում կամ ֆրանսիացիներին` Բաստիլի եւ Կոնկորդի հրապարակներում:

գ. Մարտի 1-ի սպանությունները. Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները, կրելով 2008թ. մարտի 1-ի ոճրագործության ողջ պատասխանատվությունը, ամենեւին շահագրգռված չեն այն բացահայտելու գործում եւ անցած երեք տարիների ընթացքում ոչ միայն որեւէ ջանք չեն գործադրել այդ ուղղությամբ, այլեւ, ընդհակառակը, ամեն ինչ արել են այն պարտակելու համար: Սպանության մեջ մեղադրվող որեւէ ոստիկան կամ անօրինական հրաման արձակած ոչ մի պաշտոնատար անձ առայժմ դատարանի առջեւ չի կանգնել, սպանությունների հանգամանքներն անգամ դեռ մինչեւ վերջ չեն բացահայտվել, կասկածյալների ինքնությունը եւս կամ չի պարզվել, կամ, եթե պարզվել է, հասարակության համար գաղտնիք է մնացել: Ավելին, մինչ օրս լուծված չէ նաեւ զոհերի ընտանիքների եւ հրազենային ու բեկորային վնասվածքներից տուժածների լիարժեք նյութական փոխհատուցման հարցը: Մենք միշտ էլ պնդել ենք, որ մարտի 1-ի իրադարձությունների քննության ամենաարդյունավետ ու անաչառ մարմինը կարող էր լինել անկախ միջազգային հանձնաժողովը, ինչը, սակայն, մերժվեց թե՛ Հայաստանի իշխանությունների, թե՛ միջազգային կազմակերպությունների կողմից: Հարց է ծագում, թե ինչու այդ բանը հնարավոր էր անել Հարիրիի ու Բհուտտոյի սպանությունների պարագայում, բայց նույնը չէր կարելի անել մեր դեպքում: Ինչեւէ, միջազգային հանձնաժողովի փոխարեն, երկար դիմադրությունից հետո, ստեղծվեց Փաստահավաք խումբը, որի գործունեությունը, սակայն, անմիջապես խափանվեց իրադարձությունների վերաբերյալ նրա առաջին իսկ օբյեկտիվ զեկույցի հրապարակումից հետո: Այսօր կրկին հրատապ է դարձել անկախ միջազգային հանձնաժողովի ստեղծման կամ առնվազն միջազգային փորձագետների ընդգրկմամբ Փաստահավաք խմբի գործունեության վերականգնման հարցը: Մարտի 1-ի էջի փակված լինելու վերաբերյալ պնդումները դատարկ խոսակցություններ են, որովհետեւ իրականության անտեսումը դեռեւս չի նշանակում, որ այդ իրականությունը գոյություն չունի: Մարտիմեկյան սպանդը մի այնպիսի ողբերգություն է, որը հարյուր տարի էլ անցնի, «հոկտեմբերի 27»-ի ոճրագործության նման, չի ջնջվելու ժողովրդի հիշողությունից, եւ դրա իրագործողները, եթե ոչ քրեական պատասխանատվությունից, ապա առնվազն պատմության դատաստանից, միեւնույն է, չեն խուսափելու: Հետեւաբար, քանի դեռ մարտի 1-ի ոճրագործության բացահայտման գործը տեղից չի շարժվել, այն շարունակելու է թունավորել Հայաստանի քաղաքական մթնոլորտը եւ լրջորեն խոչընդոտելու է ազգային համերաշխության վերականգնմանը, ինչից իշխանությունները պարտավոր են շուտափույթ կերպով եզրակացություններ անել:

Որքան էլ չէի կամենա, բայց չեմ կարող չանդրադառնալ եւս երկու հարցի, որոնց, թեեւ բազմիցս սպառիչ կերպով պատասխանել ենք, բայց նրանք համառորեն շարունակում են մնալ ներքաղաքական բանավեճի զինանոցում: Դա հարկադրված եմ անել ոչ այնքան մեր ընդդիմախոսներին տարհամոզելու, որքան, գլխավորապես, հասարակությանը թյուրիմացություններից ու մոլորություններից հեռու պահելու նպատակով: Ցավոք, փորձը ցույց է տալիս, որ մեր իրականության մեջ ընդդիմախոսին տարհամոզելն անիմաստ զբաղմունք է, որովհետեւ որեւէ բանական փաստարկ ի զորու չէ խախտել նրա կարգախոսային տրամաբանությունը: Ինչ ուզում ես արա, նա թութակի պես շարունակելու է կրկնել իր հանգերգը եւ խուսափել փաստարկին փաստարկով պատասխանելու տարրական պահանջից: Այս ամենն ասելով, ես նկատի ունեմ ոչ թե կոնկրետ մարդկանց, այլ բուն երեւույթը, որը խեղում է քաղաքական բանավեճի էությունը եւ, իրերի դրության մեջ հստակություն մտցնելու փոխարեն, ավելի մեծ շփոթ առաջացնում:

Ակնարկածս հարցերից առաջինը վերաբերում է մշտապես կրկնվող այն անհեթեթ պնդմանը, որ Հայ Ազգային կոնգրեսը մոնոպոլիզացրել է ընդդիմության դաշտը: Փորձենք անկեղծորեն ջանքեր գործադրել` որսալու այս պնդման իմաստը: Որ որեւէ քաղաքական ուժ կարող է մոնոպոլիզացնել իշխանության դաշտը, ինքնըստինքյան հասկանալի է, քանի որ դա սովորական երեւույթ է պետությունների կյանքում եւ ապացուցվում է անթիվ-անհամար բռնապետական ռեժիմների գոյությամբ: Իսկ որ ինչ-որ ուժ ի վիճակի է մոնոպոլիզացնել ընդդիմության դաշտը, դա արդեն այնպիսի հանճարեղ գաղափար է, որը կարող էր ծագել միայն հայ քաղաքական մտքի անդաստանում: Համենայն դեպս, համաշխարհային քաղաքական մտքի պատմության մեջ նման գաղափար ինձ հայտնի չէ: Ինչպե՞ս կարող էր ՀԱԿ-ը մոնոպոլիզացնել ընդդիմության դաշտը` վարչական ռեսուրսներո՞վ, ֆինանսական անսահման հնարավորություններո՞վ, տեղեկատվության սեփական էլեկտրոնային միջոցներո՞վ, արտաքին ուժերի աջակցությա՞մբ, մրցակիցներին ահաբեկելով ու բանտերը նետելո՞վ, թե՞ հոգեխանգարմունքի ու նեւրոլինգվիստիկայի արվեստով: Ու եթե այս ամենը չունենալով եւ, ընդհակառակը, երեք տարի շարունակ ենթարկվելով դաժանագույն քաղաքական հալածանքների, Կոնգրեսին հաջողվել է ընդդիմության դաշտում գրավել գերիշխող դիրք, ինչն իրենց վերոհիշյալ պնդմամբ խոստովանում ու հաստատում են նաեւ մեր ընդդիմախոսները, ապա դրա պատճառը պետք է փնտրել բոլորովին այլ հարթությունում:

Այդ դիրքը Կոնգրեսը վաստակել կամ ձեռք է բերել անհրաժեշտ ինտելեկտուալ կարողությունների դրսեւորման, ամենօրյա տքնաջան աշխատանքի, համառ ու հետեւողական պայքարի, ժողովրդի հետ երկխոսելու ունակության, զոհողությունների գնալու պատրաստակամության, եւ վերջապես, կազմակերպվածության, կարգապահության ու նպատակասլացության շնորհիվ: Իսկ գուցե, մոնոպոլիզացիա ասելով, նկատի ունեն, որ ՀԱԿ-ը զբաղեցրել է հրապարա՞կը: Բայց նախ` Երեւանում բազմաթիվ հրապարակներ կան, եւ երկրորդ` եղել են ժամանակներ, երբ Կոնգրեսը ամիսներ շարունակ հանրահավաքներ չի անցկացրել (2008թ. հոկտ. 17. 2009թ. մարտ. 1, 2010թ. ապր. 6-սեպտ. 17): Ինչո՞ւ այդ ընթացքում որեւէ ուժ չի փորձել զբաղեցնել հրապարակը եւ վերացնել մոնոպոլիզացիա ասվածը: Եթե այս բացատրություններից հետո էլ շարունակելու են պնդել, թե ՀԱԿ-ը մենաշնորհ է հաստատել ընդդիմության դաշտում` իրենց գործն է, թող պնդեն: Ես այլեւս երբեք այս խնդրին չեմ անդրադառնալու, որովհետեւ ոմանց կողմից Կոնգրեսին հասցեագրված այդ դատարկ մեղադրանքն իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական ապաշնորհությունն արդարացնելու էժան միջոց:

Մյուս հարցը, որը մասամբ բխում է նախորդից, առնչվում է Հայաստանի քաղաքական դաշտում Երրորդ ուժի ստեղծման անհրաժեշտության մասին չդադարող խոսակցություններին: Փորձենք հասկանալ նաեւ այս գաղափարի իմաստը:

Նախեւառաջ արձանագրենք, որ եթե խոսվում է Երրորդ ուժի ստեղծման անհրաժեշտության մասին, դա նշանակում է, որ առայժմ գոյություն ունի երկու ուժ` իշխանությունը եւ ՀԱԿ-ը: (Շնորհակալություն հաճոյախոսության համար): Երկրորդ` այդ դեպքում հարց է ծագում, թե ինչո՞ւ երեք տարուց ավելի տեւող խոսակցությունների ու նույնիսկ փորձերի արդյունքում այդ Երրորդ ուժն այդպես էլ չի ձեւավորվում: Ո՞վ է մեղավոր: Բնականաբար` ՀԱԿ-ը, որն, ինչպես արդեն նշվեց, Երրորդուժականների կարծիքով, մոնոպոլիզացրել է ընդդիմության դաշտը` իր ետեւից տանելով ժողովրդին: Ինչ մեղքներս թաքցնենք, այո՛, Կոնգրեսն իսկապես իր ետեւից տանում է ժողովրդի մի զգալի զանգված: Նրա հանրահավաքներին վերջին շրջանում մասնակցում է ավելի քան 100.000 քաղաքացի: Ի՛նչ է, սրանով հայ ժողովուրդը սպառվե՞ց, ուրիշ հարյուր հազար չկա՞: Հայաստանի չափահաս բնակչության թիվը կազմում է շուրջ 1.800.000 մարդ: Դա նշանակում է, որ Երրորդ ուժի հավակնություն ունեցող առնվազն 18 կազմակերպություն կարող է համախմբել 100.000-ական մարդու: Այսինքն: Հայաստանի մարդկային պոտենցիալը տվյալ պահին բավարարում է ստեղծել ոչ թե մեկ, այլ տասնութ Երրորդ ուժ: Այդ դեպքում ինչո՞ւ, այսքան խոսակցություններից հետո, թեկուզ դրանցից մեկը չի ձեւավորվում: Դա, իմ կարծիքով, տեղի է ունենում հետեւյալ պարզ պատճառով: Երրորդ ուժի դերի հավակնորդներն ուզում են իրենց նպատակին հասնել ոչ թե հասարակության հետ տարվող երկարատեւ ու համառ աշխատանքի եւ նրա վստահությունը շահելուն ուղղված հսկայական ջանքերի գործադրման գնով, այլ պարզապես Կոնգրեսին վարկաբեկելու ու նրան ասպարեզից հեռացնելու հեշտ թվացող ճանապարհով: Նրանք համոզված են, որ եթե Կոնգրեսը գոյություն չունենա, իրենք ինքնաբերաբար կգրավեն նրա տեղը, եւ Երրորդ ուժի հավակնորդներից միանգամից կվերածվեն Երկրորդ ուժի: Նույնիսկ չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը ոչ թե իշխանության, այլ Հայ Ազգային կոնգրեսի այլընտրանք դառնալն է: Եվ սա բնական է, որովհետեւ, ինչպես ցույց է տվել Հայաստանի անկախության շրջանի պատմությունը, Երրորդ ուժ կոչվածը վերջին պահին միշտ էլ անցել է ոչ թե ընդդիմության կողմը, այլ լծվել իշխանությունը բռնազավթողների կառքին: Այդպես է եղել 1998, 2003 եւ 2008 թվականների նախագահական ընտրությունների ժամանակ, եւ հավանաբար այդպես է լինելու նաեւ հաջորդ ընտրություններում: Թեեւ բարոյական առումով մերժելի, բայց զուտ ժողովրդավարության տեսակետից, սա չի կարելի դատապարտելի արարք համարել: Երրորդ ուժ կոչվածներն իրենք են կատարում իրենց ընտրանքը` դրա համար վճարելով սեփական վարկանիշի կորստյան կամ նույնիսկ քաղաքական դիակի վերածվելու գնով:

Երեւույթի ընդհանուր գնահատականից բացի, կա նաեւ մի կոնկրետ հանգամանք, որով բացատրվում է Երրորդ ուժի կողմնակիցների այսօրվա ակտիվացումը: Նրանք, ըստ երեւույթին, չափազանց անհանգստացած են իշխանության եւ Կոնգրեսի միջեւ երկխոսության կայացման հեռանկարից, որի հետեւանքը կարող են լինել արտահերթ ընտրությունները: Իսկ քանի որ այդ մարդիկ նման հեռանկարն այլ կերպ չեն պատկերացնում, քան պաշտոնների ու պատգամավորական մանդատների շուրջ պայմանավորվածությունները, ուստի համաձայն կլինեն, որ քաղբանտարկյալները հավերժ մնան բանտերում, որ Ազատության հրապարակը երբեք չվերադարձվի ժողովրդին, որ մարտի 1-ի սպանությունները չբացահայտվեն, միայն թե երկխոսությունը տեղի չունենա: Եթե այդպես չեն էլ մտածում, ապա իրենց գործողություններով նպաստում են կարեւորագույն այդ խնդիրների լուծման վիժեցմանը կամ հետաձգմանը: Իմ տպավորությամբ` իշխանության եւ Կոնգրեսի միջեւ երկխոսությունը ձեռնտու չէ ոչ միայն ներքին, այլեւ արտաքին որոշ ուժերի, որովհետեւ այն, ՀՀ իշխանություններին հանելով խոցելի վիճակից, կամրապնդի մեր երկրի դիրքերը միջազգային հարաբերություններում, մասնավորապես, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Ինչեւիցե, այս ամենը նշելով հանդերձ, մենք, հավատարիմ լինելով ժողովրդավարական արժեքներին, կողջունենք ոչ միայն Երրորդ, այլեւ Չորրորդ, Հինգերորդ եւ Վեցերորդ ուժերի ստեղծումը: Կազմակերպեք ձեր հանրահավաքները, ժողովրդին համոզեք, որ Կոնգրեսը սխալ է, որ ճիշտը դուք եք, տարեք նրան ձեր ետեւից, մենք էլ թող հայտնվենք ձեզ հետեւող հարյուրհազարանոց բազմության վերջին շարքերում: ՀԱԿ-ն ամենայն անկեղծությամբ ձեզ հաջողություն ու կանաչ ճանապարհ է մաղթում:

Ամփոփելով ելույթս` ես ուզում եմ մեկ անգամ եւս հստակեցնել մեր քաղաքական օրակարգը: Մենք ակնկալում ենք, որ մինչեւ հաջորդ հանրահավաքը, որ կկայանա ապրիլի 28-ին, հանուն երկխոսության մեր կողմից առաջ քաշված երեք նվազագույն պահանջները, որոնք են` քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնումը եւ մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացումը, կատարված պետք է լինեն: Եթե դա տեղի չունենա, ապա ՀԱԿ-ը, սպառված համարելով երկխոսության հնարավորությունը, հարկադրված է լինելու կտրուկ փոխել իր մարտավարությունն ու գործողությունների բնույթը: Մենք դեռեւս հակված չենք իշխանության հետ վերջնագրի լեզվով խոսելու, բայց ժողովրդի համբերությունն էլ չափ ու սահման ունի: Ապրիլի 28-ը պետք է դառնա կա՛մ երկխոսության սկզբնավորման, կա՛մ էլ` իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր: