Այն, ինչ գրված է գրիչով, չես ջնջի բրիչով

09/04/2011 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Որերորդ դեպքն է, երբ օլիգարխները, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմում են դատարան` խոցված արժանապատվությունը, պատիվն ու բարի համբավը վերականգնելու պահանջով: Նրանց արժանապատվությունը խոցում են ոչ թե երկրում ներքաղաքական լարվածությունը, տնտեսության եւ քաղաքականության վրա օլիգարխների ունեցած զգալի բացասական դերը, այլ այն, երբ այդ մասին գրվում է մեր մամուլում: Ամեն դեպքում, ռուսաստանյան լրատվամիջոցները բավականին լուրջ մեղադրանքներ էին ներկայացրել քաղաքական եւ տնտեսական մեր վերնախավին, նրանց մեղադրել կոռուպցիայի, երկիրն ուղղակիորեն թալանելու, ապօրինի հարստություն դիզելու մեջ, սակայն որեւէ բարոյական վնասի ակնկալիք իշխանությունը, օլիգարխները ռուսաստանյան ԶԼՄ-ներին չներկայացրեցին: «Wikileaks»-ը տպագրեց Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի եւ գործող դեսպան Մարի Յովանովիչի որոշ անդրադարձներ հայ իրականության մասին, մեր իրավապահներին, բարձրաստիճան պաշտոնյաներին: Եվ որեւէ մեկը դարձյալ իրեն վիրավորված չզգաց, ոչ մեկի արժանապատվությունը չխոցվեց:

Ստացվում է, որ հային բարոյական վնաս կարող է հասցնել միայն եւ միմիայն հայը: Ստացվում է, որ հայը խիզախություն ունի վիրավորվել միայն իր ազգակցից: Այլազգիների անգամ ամենակծու մեղադրանքները մենք ընկալում ենք` որպես մեր փոքր, չնչին գոյությունը նկատելու նեղություն, ջանք, որի համար անգամ ներքուստ շնորհակալ ենք:

Եվ այսպես` հայ օլիգարխներն ու բարձրաստիճան պաշտոնյան խոցվում են, երբ իրականությունը տպագրվում է հայերենով: Ինչո՞ւ: Գուցե այն պատճառով, որ պոտենցիալ ընտրողներն առայժմ նաեւ հայերե՞ն են կարդում: Դժվար թե, քանի որ ընտրողների քաղաքական նախապատվություններն ընտրությունների ժամանակ այնքան անլուրջ են դիտվում, որքան լուրջ են ընկալվում բարոյական վնաս պատճառող արտահայտությունները: Խնդիրն այն է, որ հայերիս արհամարհանքը միմյանց հանդեպ երկու ծայրահեղ դրսեւորում ունի: Կան պաշտոնյաներ, ում մասին անգամ ամենազազրելի բաները գրելիս է հայտնի, որ նրանք այնքա՜ն չեն կարեւորում հասարակական կարծիքը, որ իրենց թույլ չեն տա այդ կարծիքն ինչ-որ չափով նորոգելու ճիգեր գործադրել: Մյուս դեպքում` բարդույթներն ու անձնական ինչ-ինչ հատկանիշներ կարող են պատճառ դառնալ` ցանկացած լուր ընկալել որպես քեզ հասցված մահացու վիրավորանք:

Դատարան դիմելու հիմնավորումն այն է, որ մամուլում հրապարակված հոդվածներն արատավորում են իրենց անունը, գործարար համբավը: Այլ կերպ ասած` բարոյական վնաս են տալիս: Բարոյական վնասը ենթադրում է հոգեկան տառապանք, զայրույթ, նյութական անհարմարություններ: Հետեւաբար` դժվար չէ գլխի ընկնել, որ բարոյական վնասն ունի իր կոնկրետ նյութական էկվիվալենտը` մի քանի միլիոն դրամ:

Դատելով հայտնի նախադեպերից` բարոյական վնասի փոխհատուցում ակնկալում են միայն նրանք, ովքեր ունեն հայաստանյան չափանիշներով զգալի հարստություն եւ այդ մեծ հարստությանն անհամարժեք` ոչ այնքան զգալի հեղինակություն: Այդ մարդիկ խոցելի են, եթե կուզեք, որպես սոցիալական խումբ: Վիրավորանքների հանդեպ զգայուն են հենց նրանք:

Ժամանակին, երբ Քրեական օրենսգիրքն էր կանոնակարգում զրպարտությունը, զրպարտության համար վճարվելիք գումարը գնում էր պետական բյուջե: Քաղաքացիական օրենսգրքով բարոյական վնասի գումարի չափը որոշում է ինքը` տուժողը, ով իրավասու է այդ գումարը տնօրինել, ինչպես հարկ կհամարի: Երբ օլիգարխները կամ մեծահարուստը դատի են տալիս որեւէ թերթի, նախադեպերը ցույց են տալիս` նրանք խնդիր չունեն վերականգնել իրենց, ինչպես իրենք են պնդում, բարի համբավը: Նրանք խնդիր ունեն ֆինանսական լուրջ հարված հասցնել թերթին: Հակառակ դեպքում տպագրված հերքումը պիտի որ ամբողջությամբ հանգստացներ նրանց լարված նյարդերը: Սակայն` ոչ: Մի քանի միլիոն դրամ` ահա՛ հասցված բարոյական վնասի գինը: Պնդումները, թե այդ գումարները գնալու են մանկատուն, բնավ սփոփիչ չեն. եթե բարի գործ ես անում մեկ ուրիշի միջոցներով, մի գումարով, որը քոնը չէ, դա արդեն բարեգործություն չէ:

Չի կարելի ժխտել փաստը, որ մամուլում այնքան էլ հազվադեպ չեն մարդկանց արժանապատվությունը վիրավորող ակնարկները, դիտարկումները: Կարող եմ կոնկրետ եւ շատ թարմ օրինակ բերել: Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը սափրել էր բեղը, մամուլում եւ հեռուստատեսությամբ հնչող շատ մեկնաբանություններից ակնհայտ էր, որ հեղինակները դաստիարակության, բարեկրթության լուրջ պակաս ունեն: Սակայն վստահ էին նաեւ, որ նրանց վատ դաստիարակության համար դատի չեն տա: Անհիմն չէ «Ինտերնյուզ» ցանցի ներկայացուցիչ Մանանա Ասլամազյանի այն դիտարկումը, թե «հայկական մամուլում շատ քիչ է ապացույցը, փաստը», եւ այդ բացը երբեմն լրացվում է այս կամ այն գործչին անձնական վիրավորանքներ հասցնելով:

Չթաքցնենք, որ յուրաքանչյուր ԶԼՄ ունի իր նախապատվությունները, անձնական համակրանքն ու հակակրանքը այս կամ այն գործչի հանդեպ, ինչը եւս պայմանավորված է շահախնդրության էլեմենտներով: Սակայն խնդիրը լոկալ լուծում չունի: Դատարանները, կառավարությունը, ԱԺ-ն, ՍԴ-ն, իրավապահ համակարգն` առհասարակ, հեռուստատեսությունը, մամուլը, մյուս ինստիտուտները նույն սկզբունքով աշխատող գործիքներ են, սակայն ունեն տարբեր թիրախներ: Բոլորը միմյանց արատները հրաշալի գիտեն, սակայն արատների դեմ պայքարում են ընտրովի:

Երբ օլիգարխը կամ բարձրաստիճան, մեծահարուստ չինովնիկն իրենց պատիվն են փնտրում տեղական մամուլում ու, որպես կանոն, չեն գտնում, հրաշալի գիտեն, թե իրենց կուսակիցները, գործընկերները, հասարակ մարդիկ ինչ են մտածում իրենց մասին: Դրանք ամենեւին ականջահաճո խոսքեր չեն: Իրենք ավելի վատ ածականներով են միմյանց բնորոշում նեղ շրջանակում: Հետեւաբար` փարիսեցիություն է դիսկոմֆորտ զգալ, երբ այն, ինչ մտածում են քո մասին, հանկարծ հրապարակվում է: Լայն մտահորիզոն, իրականության ճիշտ, այսինքն` փիլիսոփայական ինտերպրետացիա, եւ դու երբեք չես դիմի դատարան` բարոյական վնասներ փոխհատուցելու ակնկալիքով: Դատարանում այն, ինչ համարվում է վիրավորանք, մի տեսակ լեգալացվում է: Եվ անգամ հարց է առաջանում` հասցված վնասը բարոյակա՞ն էր, թե՞, ինչպես Սերժ Սարգսյանը կասեր, անբարոյական: