«Մեզ կռվացրել են»

09/04/2011

Դերասան Արմեն Ջիգարխանյանը վրացական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում` պատասխանելով հարցին, թե ինչն է իրեն կապում Վրաստանի հետ, ասել է. «Իմ մայրը համարյա վրացուհի էր, նա վրացուհի էր, նա Վրաստանում է մեծացել: Նա ավելի լավ խոսում էր վրացերեն, քան հայերեն, որովհետեւ Վրաստանում էր ապրել: Այնպես որ` դրանում ես մասնաբաժին ունեմ: Դա գենետիկական կոդն է: Պապս հայտնի կինտո էր: Ուրեմն իմ գեներն էլ են այնտեղից գալիս»: Նախօրեին Ռուսաստանի «Երկրամաս» թերթին տված հարցազրույցում ԽՍՀՄ ժողովրդական դերասան, «Համազգային թատրոնի» ղեկավար Սոս Սարգսյանը` մեկնաբանելով Արմեն Ջիգարխանյանի վերոնշյալ հայտարարությունները, ասել է. «Ես անձամբ ցավում եմ, որ չեմ կարող ազդել նրա վրա այդ հարցում, որովհետեւ մենք մի ժամանակ բավականին մտերիմ էինք: Կա այսպիսի հասկացողություն` իմաստուն միմոսներ: Իմաստուն միմոսի պատյանը հագնելով` Արմեն Ջիգարխանյանն ինքն էլ չգիտի` ինչ է խոսում: Ես շատ վատ եմ վերաբերվում այս ամենին: Կարծում եմ, որ մարդը չպետք է կորցնի իր ակունքները, դավաճանի հոր ու մոր արյունը: Դավաճանությունը բոլոր ժամանակներում պատժվել է»:

Իսկ ռուսական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում` Ա. Ջիգարխանյանն` անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, ասել է, թե ինքը չի «կարողանում հասկանալ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը». «Մի ժամանակ երգչուհի Խանլարովան Երեւանում համերգ էր տալիս, եւ ամբողջ ստադիոնը լեփ-լեցուն էր, եւ… հետո պարզվեց` նրանք թշնամիներ են: Ինչո՞ւ: Ես կարծում եմ` մեր մեջ ինչ-որ թուլություն է եղել, ու դրանից օգտվել են եւ մեզ կռվացրել են»: Ա. Ջիգարխանյանի խոսքով` ընդհանրապես մենք ունենում ենք այն, ինչի արժանի ենք. «Ուրեմն մենք ինչ-որ բան այնպես չենք արել կամ չենք անում: Կամ` մեզ խաբել են, ու մենք գնացել ենք այդ մարդկանց ետեւից: Չգիտեմ: Չեմ կարող դատել»: Իսկ վերջում նա հավելել է, թե անկախ ամեն ինչից` պետք է «հաշտվել» ու կարողանալ ներել: