«Դրախտային տեսիլքներ»

09/04/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Բյուրոկրատ» գրախանութում ներկայացված «Դրախտային տեսիլքներ» լուսանկարների ցուցահանդեսի հեղինակ Արթուր Սախկալյանը ութ տարի լուսանկարելուց հետո է միայն որոշել առաջին անգամ կազմակերպել իր աշխատանքների ցուցահանդեսը: Սակայն, նա հիմա էլ, հնարավոր է, չկազմակերպեր նման միջոցառում, եթե «Բյուրոկրատ» գրախանութում ցուցահանդեսների կազմակերպիչը նրան նման առաջարկ չաներ:

Մեր զրույցի ընթացքում Արթուրն ասաց, թե ինքն իրեն լուսանկարիչ չի համարում: «Նկարում եմ միայն այն, ինչը լուսանկարչության միջոցով ֆիքսելու արժանի եմ համարում: Ես դիտարկող եմ, այլ ոչ` պրոֆեսիոնալ լուսանկարիչ: Չէ՞ որ, եթե մեկը սիրում է պարել, նա դեռ իրավունք չունի պարող կոչվելու»,- ասում է Արթուր Սախկալյանը: Արթուրը 2003 թվականից լուսանկարել է ռոք համերգներ, որոնցից մեկի նկարահանումների ժամանակ ծանոթացել էր ազգությամբ գերմանացի մի կոմպոզիտորի հետ: Վերջինս Արթուրին առաջարկել էր ստեղծել լուսանկարչական հավաքածու` խաղաղության թեմայով, որի նկարահանումները կատարվել էին Ղարաբաղում: Այնուհետեւ այդ աշխատանքները ցուցադրվել են Գերմանիայում, սակայն, հեղինակը ներկա չի գտնվել: Ավարտելով համալսարանի «ռադիոտեխնիկա եւ կապ» ֆակուլտետը, նա գիտակցաբար ընտրել է բոլորովին այլ ոլորտ: «Ուսումն, անշուշտ, հարստացնում է մարդու աշխարհայացքը, սակայն, եթե դու սովորում ես հացթուխի մասնագիտությամբ, բոլորովին էլ պարտադիր չէ, որ ավարտելուն պես` զբաղվես միայն հաց թխելով: Ըստ իս, դա պարզամիտ մարդու մտածելակերպ է»,-ասում է Արթուրը:

– Այդ դեպքում` ո՞րն է սովորելու իմաստը:

– Էական չէ` հետագայում կզբաղվե՞ս քո մասնագիտությամբ, թե՞ ոչ: Կարեւորն այն է, որ գիտելիքը մնում է քո մեջ եւ իր ծիլերն է տալիս` ինչ գործով էլ որ զբաղվես: Գիտելիքն ապրում է քո մեջ` իր կյանքով: Պարզունակ մտածելակերպով մարդիկ սովորում են, որպես, օրինակ` տնտեսագետ, աշխատում են` որպես տնտեսագետ եւ այդպես տնտեսագետ էլ մեռնում են:

– Մեկը որպես տնտեսագետ է մեռնում, մյուսն էլ` որպես լուսանկարիչ: Պարզապես շատերը սիրում են իրենց մասնագիտությունը եւ այլ ուղի չեն փնտրում: Դա դեռ չի նշանակում, որ նրանք պարզամիտ են: Որպես լուսանկարիչ` կարողանո՞ւմ ես ֆինանսապես քեզ ապահովել:

– Լուսանկարչությամբ գումար բացարձակ չեմ աշխատում: Ես զբաղվում եմ եռաչափ գրաֆիկայով` դա է իմ ֆինանսական աղբյուրը: Արվեստը մտքեր արտահայտելու շատ հզոր միջոց է, որին պետք է գիտակցված մոտենալ: Ընդհանրապես մեզ շրջապատող մարդկանց մեծամասնությունն «անգիտակից» է ապրում` քնած: Շատ անգամ մարդիկ փորձում են մի տեղից մյուսը տեղափոխվել` նոր զգացողություններ, նոր իրականություն գտնելու հույսով: Սակայն այդ նորը շատ կարճ ժամանակ անց կրկին ձանձրացնում է իրենց, քանի որ դատարկ է այդ մարդկանց ներաշխարհը: Ներքուստ աղքատ լինելով, երբեք չես կարող հարստանալ դրսից: Մարդիկ նայում են իրենց շրջապատող աշխարհին, ասես, այն պարզապես ֆոն է, որտեղ իրենք գոյատեւում են:

– Եթե դու լուսանկարել ես կովի դեմք կամ ձիու պոչ, ապա հանդիսատեսը, որը պարզապես նայում է լուսանկարին` առանց խորանալու քո երեւակայության մեջ, ինչի՞ց պետք է կռահի, որ դա «Դրախտային տեսիլք» է, ինչպես դու ես անվանել քո ցուցահանդեսը:

– Երբ փորձում ես տեսնել պատկերի ավելի խորը շերտերը, մակերեսային շերտն ակամայից անհետանում է: Կենդանու նույնիսկ ամենասովորական հայացքի մեջ, եթե մենք փորձենք ավելի խորը թափանցել, ապա կտեսնենք, թե որքան իդեալական է բնությունը եւ նրա կողմից ստեղծված յուրաքանչյուր գույնը եւ գիծը, շարժումը եւ դադարը: Պետք է զգալ իրականությունը` ողջ էությամբ, գիտակցաբար: