«Նաիրին» պաշտոնապես դեռ կինոթատրոն է

09/04/2011

Երեւանի ամենահին եւ գեղեցիկ շինություններից մեկը` «Նաիրի» կինթատրոնն արդեն մի քանի օր դադարել է գործել: Նախկինում այն վերածվելով հագուստի խանութի, այսուամենայնիվ, պահպանում էր գործող կինոդահլիճը, սակայն հիմա դահլիճը փակ է, իսկ «Մորգան» հագուստի խանութը տեղափոխվել է այլ հասցե: «Yerevan.ru» կայքը օրերը առաջ գրել էր, թե կինոթատրոնը վաճառվել է (նախկինում այն վարձակալության էր հանձնվում) «Տաշիր» ընկերությանը, սակայն նույն օրը «Նաիրի» կինոթատրոնի ադմինիստրացիան հերքեց` ասելով, որ այդ լուրն իրականությանը չի համապատասխանում: «Նաիրիի» ճակատագիրն անհայտ է, քանի որ տարբեր սեփականատերեր անընդհատ վերավաճառել են շենքը` այն դարձնելով հիմնականում սպասարկման օբյեկտ: Համենայնդեպս` շենքի ֆասադին նայելով` քչերն էին կռահում, որ այնտեղ դեռ կինո են ցուցադրում: Հայաստանի Հանրապետությունը պետական կինոթատրոն չունի, եւ քանի դեռ տարբեր պետական մարմիններ չեն վճռել, որ մեզ գոնե մեկ պետական կինոթատրոն է հարկավոր, իրավիճակը չի փոխվի: Եվ կինոթատրոնների շենքերը հեշտությամբ կսեփականաշնորհվեն` կամ գործարարներին, կամ էլ եկեղեցու սպասավորներին: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մեկնաբանելով «Նաիրի» կինոթատրոնի շուրջ ծագած մտահոգությունները` ասել է, որ պետությունը հետագա սեփականաշնորհումները կանխելու լծակներ, ցավոք, չունի: Իհարկե, ցանկության դեպքում պետությունը կրկին կարող է պետականացնել «Նաիրին» (վերջիվերջո, «պետական կարիքներ» հասկացություն գոյություն ունի) եւ դրանով իսկ կինոթատրոնների ցանցի ստեղծման առաջին քայլն անել: «Նաիրի» կինոթատրոնի շենքը ոչ միայն սոսկ կինոթատրոնն է, այլեւ` քաղաքային պատմամշակութային հուշարձան: Այն Երեւանի բրենդերից մեկն է, որն առաջին ցուցադրությունը կատարել է 1920 թվականին (կինոթատրոնն այն ժամանակ Ամիրյան փողոցում էր գտնվում), իսկ արդեն 1952 թվականին գտել է իր մշտական «բնակությունը» Մաշտոցի պողոտայի եւ Իսահակյան փողոցների խաչմերուկում: Եվ եթե պետությունը չի ցանկանում պահպանել այս գեղեցիկ շենքի պատերի ետեւում ստեղծված բովանդակությունը, ապա կարող է գոնե պարտադրել չվերապրոֆիլացնել կինոթատրոնը: Կինոն, վերջիվերջո, ոչ պակաս շահութաբեր բիզնես է, քան, ասենք` հագուստ վաճառելը կամ ռեստորան բացելը: Պարզապես սկզբում ներդրումներ են հարկավոր` եւ դահլիճը վերազինելու, եւ հանդիսատեսին գրավիչ առաջարկներ անելու համար: Իսկ պիցցան, համեղ սուրճն ու խաղային ավտոմատները բնավ էլ չեն խանգարում կինոյի գոյությանը: Եթե կինոթատրոնը պահպանելու կամք լինի, այդ ամենը կարելի է համատեղել: