Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացվեց գրող, «Շուշի» ինստիտուտի տնօրեն Բակուր Կարապետյանի «Նեռը իմ մեջ» վեպը, որը պետպատվերի շրջանակներում հրատարակվել է 2010 թվականին: Վեպի հիմքում այսօրվա կյանքն է` իր բոլոր դրսեւորումներով: Գրքի գլխավոր հերոսը երկատվում է: Հերոսներից մեկը շարունակում է ապրել գրողի սովորական կյանքով, սակայն գրի է առնում երկրորդի ապրած, տեսած իրադարձությունները: Երկրորդը, որի մեջ ապրում է նեռը, ականատես է լինում երկրում տեղի ունեցող իրադարձություններին, մասնակցում մոլորակի գաղտնի կառավարությունների տիեզերական ժողովներին, փորձում է փրկել Սիբիրի անհետացող օրոկ ժողովրդին: Հեղինակը հաճախ դիմում է գրոտեսկին, այլաբանությանը, որոնք օգնում են ընթերցողին ճիշտ ու հեշտ ընկալել նյութը: Անդրադառնալով արդի գրականության խնդիրներին, «Նեռը իմ մեջ» վեպի հեղինակ Բակուր Կարապետյանը նշում է. «Մենք ունենք շատ հետաքրքիր գրողներ, սակայն գրականության մեր այսօրվա ամենամեծ խնդիրն այն է, որ հայ արդի գրականությունը դուրս չի գալիս երկրի սահմաններից դուրս, մեր գրքերը չեն թարգմանվում, այլ երկրներ չեն արտահանվում: Լճացում է տեղի ունենում: Իսկ այդ ամենը կազմակերպելու համար անհրաժեշտ է պետական աջակցություն»: