Ձնծաղիկը` հույսի խորհրդանիշ
Galanthus nivalis-ձնծաղիկ, սպիտակածաղիկ
Երբ Աստված ստեղծեց ձյունը, վերջինս տարակուսեց, որ իր սպիտակ գեղեցկությունը չի զարդարվում որեւէ գեղեցիկ ծաղիկով։ Աստված ստեղծեց ձնծաղիկին։ Ձյունը սիրեց վերջինիս եւ պահում էր իր ծոցում, տաքացնելով հողի վրայի օդի շերտը։ Վաղ գարնանը բույսն իր ջերմությամբ հալեցնում է ձյան մերձակա շերտը` հողի մեջ փոսիկ առաջացնելով։
Եվրոպական մշակույթը պահպանում է հետեւյալ ավանդազրույցը, ըստ որի` Դրախտային այգուց վտարված Ադամն ու Եվան հյուծվել էին ցրտից եւ սովից, երբ տեսան, թե ինչպես հրեշտակը փոխակերպեց ձյունիկները ձնծաղիկների։ Այդ ծաղիկը նրանց հույս ներշնչեց, որ շուտով գարուն կգա եւ կբերի իր հետ ջերմություն եւ այլ բարիքներ։
Եվրոպական երկրներում ձնծաղիկը համարվում է Հույսի խորհրդանիշ, Ապրիլի 19-ը հայտարարված է Ձնծաղիկի օր։ Գերմանացիներն այս բույսն անվանում են ձյունե զանգակ (Schneeglockchen), անգլիացիները` ձյունե կաթիլ (Snow-drop), ֆրանսիացիները` Niveole, որը համահունչ է լատիներեն niveus` ձնե բառին։ Բույսի գիտական անվանումը բառացիորեն թարգմանվում է` կաթնային սպիտակ ծաղիկ, անվանման հեղինակն է Կարլ Լիննեյը։
Ձնծաղիկները դիմանում են մինչեւ 10 աստիճան ցրտի, նույնիսկ սառցակալելուց հետո դրանք շարունակում են ծաղկել։ Ձնծաղիկների առաքելությունն է` ավարտել ծաղկման շրջանը մինչեւ ծառերի կանաչելը։ Բնության զարթոնքի շրջանը պատկանում է այս փոքրիկ, գեղեցիկ բույսին։ Ձնծաղիկը շքանարգիզների ընտանիքին պատկանող բազմամյա սոխուկավոր բույս է։ Սոխուկները կլոր են, մսալի, տալիս են արմատներ։
Վաղ գարնանը առաջացնում է երկու` մինչեւ 15 սմ երկարության բարակ, 1,5 սմ լայնքով կապտականաչ տերեւներ, եւ ծաղկակիր ցողուն` 1 ծաղիկով։ Ծաղիկը ունի 3 արտաքին եւ ավելի կարճ կանաչ, սպիտակ եզրերով ներքին ծաղկաթերթեր։ Այս գույների համադրությունը կարծես ընդգծում է գարնան գալուստը։ Արեւմտյան Այսրկովկասում հանդիպում է Galanthus Woronowi տեսակը, որը նկարագրել է Պ.Վորոնովը. ծաղիկները փոքր են` սպիտակ, ներքին ծաղկաթերթերը ունեն ուղիղ, կանաչ գծեր։
Այսրկովկասյան ձնծաղիկն ավելի քան երեք տասնամյակ առաջ գրանցված է ՀՀ «Կարմիր գրքում», որպես հազվադեպ տեսակ։ Ունի բազմաթիվ հիբրիդային այլատեսակներ, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում որպես զարդաբույսեր այգեգործության բնագավառում։ Այդ այլատեսակների մեջ կան թեթեւակի վարդագույն երանգավորումով ծաղիկներ։
Պիրենեյներում եւ Միջին Եվրոպայում տարածված է Սպիտակածաղիկ գարնանայինը (leucojum vernum)։ Այս տեսակը նույնպես աճում է խոնավ անտառներում եւ մարգագետիններում, ունի 3 կամ 4 կանաչ տերեւներ։ Ծաղկաթերթերը 6-ն են, գույնը` սպիտակ, վերեւի մասում դեղին կամ կանաչ կետիկով։ Ձնծաղիկները բազմանում են սոխուկների եւ սերմերի միջոցով։ Սոխուկները մի քանի տարի գետնի տակ մնալուց հետո կարող են բազմանալ` առաջացնելով փոքր թփեր։ Պտուղը եռանիստ տուփիկ է։ Հասունացման շրջանում պտուղները հետզհետե կռանում են դեպի հողը եւ բացվելով` տարածում սերմերը մոտակայքում։
Ձնծաղիկը պահանջկոտ չէ խնամքի հանդեպ։ Դրանք դժվարությամբ են հարմարվում նոր տեղին, սակայն 2-3 տարի հետո ծաղկում են։ Որոշակի խնամք է պահանջում Պ. Վորոնովի ձնծաղիկը։ Սոխուկները եւ վերգետնյա մասը պարունակում են ալկալոիդներ։ Բուժական նպատակով ավանդական բժշկությունն օգտագործում է սոխուկները, որոնցից ստանում են գալանտամին։ Բացի գալանտամինից, բույսի մեջ հայտնաբերվել են նաեւ գալանտին, գալանտամիդին, միկորին։
Բույսի պատրաստուկները կիրառվում են պոլիոմելիտի, մանկական կաթվածի, ջղարմատների բորբոքման (ռադիկուլիտ), շարժողական եւ զգայական ֆունկցիաների խախտման, նյարդացավի դեպքում։
Ձնծաղիկի պատրաստուկները ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում են ծանր վնասվածքներից վերականգնվող հիվանդների բուժման համար։ Բույսը թունավոր է, հաճախ օգտագործվում է դեղաբուսային փնջերում։ Հակացուցված է առիթմիայի, սրտի իշեմիկ հիվանդության, բրոնխների ասթմայի, հիպերտոնիայի դեպքում։
Դեղատոմս
Ջղարմատների բորբոքման դեպքում ձնծաղիկի եփուկի օգնությամբ կարող եք թեթեւացնել ցավերը հոդերում։ Անհրաժեշտ է ծաղիկները խոտերի հետ միասին եռացնել 15 րոպե ջրային բաղնիքի վրա։ Այնուհետեւ ճզմելով քամել։ Ստացված հեղուկի մեջ թրջեք բամբակե խծուծը, շփեք ցավոտ մասը եւ փաթաթեք տաք բրդե շալով։ (1ճ/գ հումքին` 200 մլ եռջուր)։ Եփուկը թունավոր է։ Սկսեք փոքր չափաբաժնից եւ պահեք փաթաթանը 15 րոպեից ոչ ավելի։
Եթե ձեզ ձնծաղիկ են նվիրել, ապա այն երկար կշոյի ձեր աչքը իր թարմությամբ, եթե այն դնեք հով տեղում եւ պարբերաբար ջրի մեջ ավելացնեք սառցե կտորներ։