Երեկ հայտնի է դարձել, որ «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հայցերը Եվրադատարանը քննելու է արտահերթ կարգով: Այդ մասին ծանուցումը երեկ ստացել է Նիկոլ Փաշինյանի փաստաբան Վահե Գրիգորյանը: Նման որոշում կայացրել է Եվրադատարանի երրորդ պալատի նախագահը: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Եվրադատարան երեք հայց է ներկայացրել, որոնցով բարձրաձայնում է 2008թ. մարտիմեկյան դեպքերից հետո իր նկատմամբ իրականացված հետապնդումների, իրավունքների խախտման, նամակագրական կապի սահմանափակման, ինչպես նաեւ` բանտում իր նկատմամբ կիրառված բռնությունից հետո արդար քննություն չանցկացնելու մասին: Թեեւ նշված հայցերով գործերի քննության ժամկետները դեռ հայտնի չեն, սակայն բացառված չէ, որ դա տեղի ունենա ամենամոտ ապագայում: Եվրադատարանի նման որոշումը, թերեւս, կարելի է համարել Եվրոպայի խորհրդի դիրքորոշման հստակեցման արդյունք, եւ այդ որոշման վրա, ամենայն հավանականությամբ, ազդել է նաեւ ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների վերջին այցելությունը: Դժվար չէ կանխատեսել, որ Ն. Փաշինյանի հայցերով դատավարությունները Եվրադատարանում վերջնականապես կխայտառակեն ՀՀ իշխանություններին: Եվ բացառված չէ, որ ԵԴ-ի այս որոշմամբ ԵԽ-ն Հայաստանի իշխանություններին հերթական անգամ անուղղակիորեն, սակայն ավելի կոնկրետ ձեւով նախազգուշացնում է` քաղբանտարկյալներին, առաջին հերթին` Նիկոլ Փաշինյանին, անհապաղ ազատ արձակելու մասին: Նշենք նաեւ, որ երեկ մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ նամակով դիմել են ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին` խնդրելով հնարավորություն ստեղծել այցելել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող Նիկոլ Փաշինյանին: