«Երեւի չարժե այրել բոլոր կամուրջները ՀԱԿ-ի հետ»

07/04/2011

ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը երեկ հայտարարել է, թե «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն ՀԱԿ-ին ընդդիմադիր քաղաքական ուժեր են: Ըստ նրա` այսօր, առավել քան երբեւէ, Հայաստանում հստակեցված է քաղաքական դաշտը։

«Կա իշխանություն, կա միասնական ընդդիմություն` հանձինս ՀԱԿ-ի, եւ կան ՀԱԿ-ին ընդդիմություն հանդիսացող քաղաքական եւ հասարակական միավորներ: «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն քաղաքական դաշտում զբաղեցնում են ՀԱԿ-ին ընդդիմություն լինելու հարթակը, որը, կարծում եմ, նրանց որեւէ հաջողություն չի բերի»,- ասել է Դ.Շահնազարյանը` հավելելով, թե ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» որդեգրած դիրքորոշումը նրանց լավ քաղաքական ապագա չի խոստանում: «Երբ փորձում են այրել վերջին կամուրջները ընդդիմության կամ, որը նույնն է, ՀԱԿ-ի հետ, ես չեմ կարծում, որ նրանք քաղաքականապես ճիշտ են գործում: Նման գործելակերպը կտանի մարգինալացման, կհայտնվեն քաղաքական արխիվում կամ իշխանության դաշտում ամբողջապես: Բայց որոշումն իրենցն է, երեւի չարժի այրել բոլոր կամուրջները»,- ասել է Շահնազարյանը` կոչ անելով նրանց` «չայրել բոլոր կամուրջները ՀԱԿ-ի հետ». «Երեւի չարժե այրել բոլոր կամուրջները ՀԱԿ-ի հետ»:

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե ՀԱԿ-ը փորձում է մենաշնորհել ընդդիմության դաշտը, ապա Դ. Շահնազարյանն ասել է. «Բոլոր պահանջները հասարակության կողմից, ընդդիմադիր ուժերի կողմից ներկայացվում են ՀԱԿ-ին, նույնիսկ քննադատությունն ուղղված է ՀԱԿ-ին: Սա ուղղակիորեն ապացուցում է, որ ՀԱԿ-ն է ժողովրդավարության միակ ռեսուրսը Հայաստանում: Այսօր ընդդիմությունը եւ ՀԱԿ-ը նույնացված են: Հավատացեք, որ ՀԱԿ-ը զգում է այդ ողջ պատասխանատվությունը եւ պատասխանատվությունից երբեք չի խուսափել»: Անդրադառնալով քաղբանտարկյալների խնդրին, Շահնազարյանն ասել է, թե միջազգային հանրության եւ եվրոպական կառույցների վերաբերմունքն ու գործունեությունը Հայաստանի իշխանությունների հետ հիշեցնում են այն գործընթացները, որոնք տարվում են ահաբեկիչների հետ` պատանդների ազատ արձակման հարցում: «Նրանք որոշ պատանդների ազատ են արձակում` փոխարենն ինչ-որ բան ստանալու համար: Սա ապացուցում է, որ քաղբանտարկյալներն իշխանություններին որպես պատանդ են պետք: Հայաստանի իշխանություններն ազատ են արձակում որեւէ քաղբանտարկյալի, եւ անմիջապես գովասանքի արժանանում միջազգային կառույցների կողմից»: Իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ի կողմից խոստացված արտահերթ ընտրություններին, ապա Դ. Շահնազարյանը երեկ դարձյալ պնդել է, թե ՀՀ-ում արտահերթ ընտրություններն անխուսափելի են: Հիշեցնենք, որ 2012թ. տեղի են ունենալու` հերթական խորհրդարանական, իսկ 2013թ.` նախագահական ընտրությունները: «Որեւէ մեկը կասկած թող չունենա, որ արտահերթ ընտրություններն անխուսափելի են, որ արտահերթ ընտրություններն են լինելու այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը»: Ըստ նրա` եթե իշխանափոխությունը տեղի ունենա արտահերթ ընտրությունների միջոցով, ապա բացառվում է մարտի 1-ի ողբերգական դեպքերի կրկնությունը: