Երեկ Ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Քասախ գետում երկու հոգի խեղդվում են: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ` Ոստիկանությունը պարզել է, որ Աշտարակ քաղաքի «Վանա լիճ» ռեստորանային համալիրի մոտ գտնվող Քասախ գետն է ընկել երկու տղամարդ: Մինչ դեպքի վայր կհասնեին Ոստիկանության Աշտարակի բաժնի եւ Արտակարգ իրավիճակների նախարարության Արագածոտնի մարզի փրկարար ծառայության աշխատակիցները, քաղաքացիները կարողացել են փրկել մի տղամարդու` 48-ամյա Աշոտ Կարապետյանին, եւ նրան շտապօգնության մեքենան տեղափոխել է Աշտարակի քաղաքային հիվանդանոց: Սակայն 47-ամյա Մանվել Ավետիսյանին առայժմ չեն գտել: Նախնական տեղեկություններով, նա արդեն խեղդվել է: Ֆոտոլրագրողի փոխանցմամբ` գետը շատ վարար է եղել: Դեպքի վայրում են եղել Փրկարար ծառայության աշխատակիցները, Ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցները` ոստիկանապետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ: