Ներկել են հուշարձանը

07/04/2011

Նախօրեին գիշերը անհայտ անձը կամ անձինք գունազարդել են Կարսում տեղադրված հայ եւ թուրք ժողովուրդների բարեկամությանը նվիրված «Մարդկության եւ խաղաղության» հուշարձանը: Թուրքական «Փոսթա» թերթի փոխանցմամբ` արձանի պատվանդանը ներկել են վարդագույն, դեղին եւ կանաչ գույներով: Առայժմ պարզ չէ` անհասկանալի պատկերներն արձանի վրա արվել են ի նշան բողոքի՞, թե՞ ուշադրություն գրավելու համար: Հիշեցնենք, որ օրեր առաջ Կարսում գտնվող ադրբեջանական պատվիրակության անդամներն ի նշան բողոքի` սեւ ծաղկեպսակ էին դրել «Մարդկության եւ խաղաղության» հուշակոթողին: Մոտ երկու ամիս առաջ Կարսի քաղաքապետարանի խորհրդի նիստում քվեարկության էր դրվել արձանն ապամոնտաժելու հարցը, որին դեմ էր քվեարկել խորհրդի նիստին մասնակցող 23 անդամներից 4-ը, կողմ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության` 11, եւ «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության` 8 անդամներ: Ի դեպ, հունվարին Կարս կատարած այցի ընթացքում Էրդողանը «հրեշավոր» էր բնութագրել հայ-թուրքական բարեկամությանը նվիրված հուշարձանը եւ կարգադրել անհապաղ քանդել այն: