Ինչը սարսափելի է թշնամու համար` ուրախության աղբյուր է բարեկամների համար
Ժողովուրդներն օրհասական պահերին ծնում են պայծառ ուղեղներ: Հին Հունաստանում դրանց պակասը երբեք չի նկատվել: Այդ խելոք եւ ոչ ստանդարտ մտածողների մեջ իր հատուկ տեղն ունի Թեմիստոկլեսը (524-459 թթ.): Նա մասշտաբային քաղաքական գործիչ էր, ռազմական արվեստի լավագույն գիտակ, խորամանկ եւ խորաթափանց ստրատեգ, ով կարողանում էր ճիշտ հաշվարկել հակառակորդի քայլերը եւ կանխագուշակել դեպքերի զարգացման ընթացքը: Նա` ի տարբերություն մյուս զորավարների, գտնում էր, որ երկրի փրկությունը գալու է ծովից:
Թեմիստոկլեսը համարձակորեն դեմ էր արտահայտվում գուշակների զանազան մեկնաբանություններին, թե` այս կամ այն անբարենպաստ նախանշանների դեպքում հարկ է խուսափել նավամարտելուց, լքել Ատտիկան ու բնակություն հաստատել մեկ այլ վայրում: Նա պնդում էր, որ Հելլադան կարող է դիմակայել թշնամուն այն դեպքում, եթե ունենա հզոր ռազմածովային նավատորմ: Ապացուցում էր, որ հնարավորինս պետք է խուսափել քանակապես գերազանցող պարսկական զորքերի հետ ցամաքային բախումից եւ թշնամուն պարտադրել ծովամարտ` հատկապես նեղուցներում: Ուժեղ նավատորմը, ըստ նրա, Հունաստանին կդարձնի հզոր ծովային տերություն, կնպաստի բավարարելու նրա կայսերական ամբիցիաները: Հետագայում այս բանաձեւով շարժվեցին անգլիացիները եւ դարձան ծովային գերտերություն: Թեմիստոկլեսը նավագնացության եւ նավաշինության ֆանատ էր: Երբ դեռ արքոնտ էր` ամեն տարի ընտրվող ինը բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, Աթենքի Պիրեյ նավահանգստում կառուցեց խոշոր համալիր, որը շուտով դարձավ երկրի ամենահուսալի եւ լավ պաշտպանված ամրությունը: Սակայն ռազմական նավատորմ ստեղծելու ճանապարհին կային լուրջ դժվարություններ, ավելի` քաղաքական, քան` ֆինանսական: Աթենքի բյուջեն խիստ հարուստ էր` շնորհիվ արծաթի եւ կապարի հանքերի եւ Աթենքյան միության անդամների հարկերի: Մի խոսքով, փող կար, եւ Թեմիստոկլեսը պնդում էր, որ այն հատկացվի ռազմական նավատորմի ստեղծմանը: Իսկ նրա հակառակորդ, հայտնի քաղաքական գործիչ Արիստիդեսն առաջարկում էր դրամը բաժանել քաղաքացիներին` յուրաքանչյուրին տասը դրաքմե: Այս երկուսի միջեւ գնում էր կյանքի ու մահու կռիվ, որի ընթացքում հակառակորդ կողմերը եւ նրանց համախոհները չէին խորշում ոչ մի միջոցից` դիմացինին անվանարկելու եւ նրա նկատմամբ առավելություն ձեռք բերելու համար: Սադրանքը, բանսարկությունը, խորամանկ խաղերն ու ապատեղեկատվությունը լայնորեն կիրառում գտան այդ գոտեմարտում, որում բախվում էին նաեւ դեմոկրատ Թեմիստոկլեսի եւ օլիգարխ Արիստիդեսի շահերը: Վերջիվերջո, Թեմիստոկլեսը հաղթեց, եւ աթենացիները 482 թ. Արիստիդեսին ենթարկեցին օստրակիզմի ու արտաքսեցին երկրից: Թեմիստոկլեսը կարողացավ համոզել Ժողովրդական ժողովին` ֆինանսավորել ռազմական նավաշինությունը: Հույները սկզբում կառուցեցին ընդամենը 200 նավ: Հետո ստեղծեցին բազմաթիվ ռազմանավեր` 30 թիականի տրիակոնտեր եւ 50 թիականի պենտեկոնտեր: Այնուհետեւ կառուցեցին ամենաժամանակակից, մահաբեր եռահարկ թիակներ ունեցող ռազմանավերը` տրիերեսները, որոնք նոր որակ հաղորդեցին նավաշինությանը, հեղաշրջում մտցրին ծովային մարտերում: Բոլորովին այլ սկզբունքով սարքված բարակ եւ սուր քթով այդ նավերը զարգացնում էին այն ժամանակների համար աներեւակայելի մեծ արագություն եւ աչքի էին ընկնում արտակարգ մանեւրողականությամբ: Նրանք աբորդաժից անցնում էին խոյահարման եւ տառացիորեն կիսում հակառակորդի նավերը: Շինարարության տեմպերն անհավատալի էին. ամեն շաբաթ` երկու նավ: Յուրաքանչյուր տրիերեսի ջուրն իջնելը «սարսափ էր` թշնամու համար եւ ուրախության աղբյուր` բարեկամների համար», ինչպես գրում է Քսենոֆոնը:
Հույներն այստեղ էլ հարազատ մնացին իրենց էթնիկական հատկանիշներին: Քանի դեռ պայքար էր գնում նավաշինության կողմնակիցների եւ նրանց հակառակորդների միջեւ, աթենացիները սպասողական դիրքորոշում ունեին, նկատելիորեն պասիվ էին: Իսկ երբ համոզվեցին, որ պարսիկների հարձակումն անխուսափելի է (հունական ռազմական հետախուզությունն աշխատում էր ակտիվորեն), նրանք 180 աստիճանով փոխեցին իրենց կեցվածքը եւ ընկան հակառակ ծայրահեղության մեջ: Մեծից` փոքր, կին եւ տղամարդ իրենց պարտքը համարեցին նպաստել նավատորմի ստեղծմանը: Ով ինչով կարող էր: Նավաշինությունը վերածվեց ազգային շարժման, դարձավ յուրաքանչյուրի պատվի խնդիրը: Այս ամենն ինչ-որ մի տեղ հիշեցնում է Հայրենական Մեծ պատերազմը, երբ խորհրդային ողջ տնտեսությունն ու ինքը` ժողովուրդը, դրվեցին ռազմական ռելսերի վրա, անսալով «Հայրենիքը վտանգի մեջ է» կոչին:
Սակայն մի բան է` ռազմանավ կառուցելը, այլ բան է` այն կառավարելը, մանավանդ, երբ գործ ունես թիանավի հետ, որն ամենից առաջ պահանջում է ֆիզիկական մեծ ուժ, մարզվածություն եւ հմտություն: Անգամ հոպլիտները` հույն ծանրազեն հետեւակայինները, ովքեր սարսափ էին պատճառում թշնամու զորքերին եւ խուճապի մատնում, դժվարությամբ էին վարժվում թիավարման արվեստին: Սակայն, անկախ ամեն ինչից, հելլենները ոգեւորված սկսեցին սովորել նավազների ծանր եւ վտանգաշատ արհեստը: Ողջ Ատտիկան «նստեց թիակների վրա»: Եվ դա իզուր չանցավ: Ռազմական նավատորմը վճռական դեր էր խաղալու Հին Հունաստանը կործանումից փրկելու գործում, նրան դարձնելու էր համար մեկ ծովային տերություն:
Նա ցանկանում էր նվաճել Եվրոպան
Երբ ժամանակը եկավ` պարսից արքայից արքա Դարեհը որոշեց թագավոր կարգել իր յոթ որդիներից մեկին: Նրա ընտրությունը կանգ առավ Քսերքսեսի վրա, հայրն անմիջապես նրան ուղարկեց ճնշելու պարսիկներին ենթակա Եգիպտոսում ծագած ապստամբությունը: Նա շատ արագ եւ հաջող «կարգի հրավիրեց» անհնազանդներին, ապացուցելով, որ հայրը չի սխալվել իր ընտրության մեջ: Իսկ երբ Դարեհը հանկարծամահ եղավ, Քսերքսեսը դարձավ ընդարձակ, հարուստ ու հզոր կայսրության արքայից արքա: Նա արտակարգ գեղեցիկ երիտասարդ էր: Բայց արտակարգ էր ոչ միայն նրա արտաքինը: Գերազանց մտավոր եւ ֆիզիկական պատրաստվածություն, փայլուն հիշողություն, բնածին վերլուծական ունակություններ, ոչ ստանդարտ տրամաբանություն, պետական մտածողություն, մասշտաբային գործելակերպ, վճռականություն, ֆանատիկ նպատակասլացություն, սեր դեպի բնությունը եւ բուսական աշխարհը, հատկապես` ծաղկաբուծությունը: Նա միշտ երազում էր գրավել Եվրոպան` տեսնելու համար, թե ինչպիսին է այդ կողմերի բուսականությունը: Սա, իհարկե, նրա էքսպանսիոնիզմի ընդամենը գեղագիտական կողմն էր: Նա պետության ծավալման եւ պետականության ամրապնդման երդվյալ զինվորն էր: Այսպիսիք էին արքայից արքային բնորոշող դրական հատկանիշները: Դրան զուգահեռ` նրան հատուկ էին խորամանկությունը, նենգությունը, ուխտադրժությունը, պարանոյիկ կասկածամտությունը, գոռոզամտությունը, խարակտերի երկվությունը (դուալիզմը), բարոյական այլասերվածությունը: Քսերքսեսը բոլոր հիմքերն ուներ` իրեն համարելու Կյուրոսի ժառանգորդը, Ախուրամազդի ընտրյալը: Նա պատրաստ էր շարունակել հոր` Դարեհի կիսատ թողած գործը, եւ միանգամայն ունակ էր այդ անել: Սակայն Քսերքսեսը բոլորովին մի նոր ուղղություն հաղորդեց Պարսկաստանի արտաքին քաղաքականությանը եւ դիվանագիտությանը: Նա որդեգրեց փիլիսոփայական, եթե ոչ` ուսմունք, ապա, հաստատ, մի ամբողջ դոկտրինա, որով նա եւ նրանից հետո առաջնորդվելու էին պարսիկները: Իրեն հռչակելով Մեծ Արքա, Արքա Պարսկաստանի եւ Արքա Տարածքների` Քսերքսեսը հայտարարեց, օրինակ, որ Եգիպտոսում ինքը ոչ թե հաղթեց հասարակ մահկանացուներին, այլ` տիեզերական չարիքին: Զարգացնելով իր մտքերը` նա օրենքից դուրս հայտարարեց բոլոր այլ ժողովուրդներին: Նրանց հարկ է ուժով հնազանդեցնել: Արքայից արքան գտնում էր, որ այն երկրները, որոնք ընկել են Ստի իշխանության տակ` պետք է նոր հավատ որդեգրեն` հանուն Ճշմարտության: Եվ միակ ճանապարհը մոլորվածների համար Ախուրամազդի սահմանած Օրենքին ենթարկվելն է: Այսպես խոսեց արքայից արքան` մոռանալով, որ իր նստած գահը երեսպատված է ողջ-ողջ մարդկանցից քերթված մաշկերով: Հետո, երբ բարձր ոլորտների մասին դատողությունից Քսերքսեսն իջավ ռեալ գետնի վրա, գծեց կոնկրետ գործողության պլան. Պարսկաստանը պետք է նվաճի Եվրոպան, որից հետո, քանի որ Ասիան արդեն նվաճված է, ապա նա կսահմանի նոր աշխարհակարգ, եւ այնժամ հողագնդում կհաստատվի Pax Persica, ասել կուզի` խաղաղություն պարսկական ձեւով: Հետագայում մոդա դարձավ աշխարհը ձեւել գերտերությունների չափանիշներով` Pax Roma, Pax Americana եւ այլն: Ուրեմն, առաջ դեպի Եվրոպա: Բայց այստեղ հանդես է գալիս մի փոքր արգելք. ոտքի տակ է ընկնում Հելլադան: Դե ինչ, արգելքը ենթակա է վերացման: Սկսած այդ պահից` Հունաստանը դառնում է Պարսկաստանի արտաքին քաղաքականության դոմինանտը, նրա գլխավոր թշնամին, նրա աշխարհաստրատեգիական պլանների հիմնական թիրախը:
Սակայն պատմությունը գալիս է ասելու, որ կայսրությունների սահմաններն ունեն որոշակի չափեր, դրանց ավելի ընդարձակումը կործանարար է հենց այդ կայսրության համար, քանի որ ճնշման եւ շահագործման մեխանիզմների չարաշահումն օտար երկրներում, վերջիվերջո, դրսից եւ ներսից կազմաքանդում է նրան. Հռոմ, Բրիտանական կայսրություն, ԽՍՀՄ եւ ուրիշներ: Քսերքսեսն այդ ձգտմանը հաղորդեց համակարգված բնույթ, այն դրեց հստակ կրոնական-գաղափարախոսական հիմքերի վրա, եւ արտաքին քաղաքականության վեկտորը, որի հիմքում նույն մշտական զավթողական միտումներն էին, ուղղեց դեպի Արեւմուտք: Եվ չարաչար վրիպեց: Նա կասկած անգամ չուներ, որ իր ճանապարհին ընկած Հունաստանը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ: Սակայն հենց Հելլադան խափանեց նրա պլանները, մահացու հարված հասցրեց նրա վարդագույն երազների իրականացմանը: Եվ, վերջին հաշվով, փրկեց քաղաքակրթությունը ասիական հորդաների ասպատակությունից:
Ի դեպ, աշխարհը նվաճելու խելացնոր ձգտումներ տարբեր վարիացիաներով հանդես են բերել հին եւ նոր պատմության մեծ ու փոքր բռնակալները. Ալեքսանդր Մակեդոնացի, Չինգիզ Խան, Նապոլեոն, Լենին եւ այլք։ Նրանք բոլորն էլ կրկնել են արքայից արքայի էքսպանսիոնիստական նկրտումները, ամեն մեկն` իր ձեւով, իր չափով, իր գաղափարախոսությամբ: Եվ ճիշտ չէ, որ պատմությունը չի կրկնվում: Օրինակ, բոլոր բռնակալները տառապել են մեծապետական հովերով: Դատեք ինքներդ: Ասիայից Եվրոպա անցնելու համար արքայից արքան Հելեսպոնտոսում պոնտոնային երկու կամուրջ կառուցելու հրաման տվեց: Առաջին փորձն անհաջող անցավ` փոթորիկը քանդեց այն: Այնժամ արքան «պատժեց» ծովը, մտրակել տվեց այն եւ սպառնաց, որ, միեւնույն է, կամուրջը գցվելու է: Այնուհետեւ գլխատել տվեց ինժեներական ողջ կազմին եւ նոր մասնագետներ կարգեց, ովքեր ռեկորդային կարճ ժամկետներում կառուցեցին երկու կամուրջ` հրաշքի նման մի բան` այն դարերի տեխնիկայի պայմաններում: Արքայից արքան շատ էր զայրանում, երբ բնությունը չէր ենթարկվում իրեն, քանի որ ինքը տիրակալն էր ոչ միայն մարդկանց, այլեւ ամեն ինչի` շնչավոր կամ անշունչ: Արշավանքի ժամանակ Թեսալիայում Քսերքսեսին դուր չեկավ Պենեոս գետի հունը, եւ նա կարգադրեց փոխել այն: Խորհրդային Միության վերջին տարիներին Պոլիտբյուրոյի` զառամախտով տառապող ղեկավարների գլխում եւս ֆանտաստիկ պլաններ էին ծագել Սիբիրի գետերի հունը փոխելու վերաբերյալ, որոնք այդպես էլ մնացին թղթի վրա: Պենեոսի հունը եւս հնարավոր չեղավ փոխել: Իսկ եթե ինչ-որ հրաշքով պլանն իրագործվեր, ողջ Թեսալիան մնալու էր ջրի տակ` ասացին մասնագետները: Այդ հանգամանքն ամենից քիչ էր մտահոգում արքային. մարդը նրա համար ոչինչ չարժեր: Թեսալացիներն` առավել եւս, քանզի նրանք առաջին հելլեններն էին, ովքեր հպատակվել էին պարսիկներին: Այդպիսին են տիրակալները, եւ ոչ միայն նրանք. ենթարկվողին, պարզապես, արհամարհում են:
Շարունակելի