Արդեն մի քանի օր է` «Տաշիր-2011» մրցանակաբաշխության շուրջ մեծ աղմուկ է բարձրացել:
Հանրության ալեկոծման պատճառ են դարձել այն թանկարժեք նվերները (ավտոմեքենաներն ու բնակարանները), որոնք փոփ եւ ռաբիս երգիչները նվեր են ստացել «Տաշիր» մրցանակաբաշխության կազմակերպիչ Սամվել Կարապետյանից: Ինքնին ոչ մի թարմ երանգով ու անձերի հայտնությամբ աչքի չընկնող «Տաշիրն» իրականում ոչնչով չի տարբերվում հայկական «աստղերի» այն հավաք-խնջույքներից, որոնք տեղի են ունենում մեր ռեստորաններում կամ կորպորատիվ քեֆերի ժամանակ: Միակ տարբերությունն այն է, որ «Տաշիրը» ոչ թե ռեստորանում, այլ Կրեմլում է անցնում, իսկ մասնակիցները, հյուրերն ու կազմակերպիչները խոսում են ռուսերեն լեզվով:
Մենք, թերեւս, վաղուց պետք է համակերպված լինեինք այն մտքի հետ, որ «մշակույթ» ասելով` այդ մարդիկ միայն փոփ-երգիչներին նկատի ունեն: Եվ հենց նրանց էլ նվերներ են տալիս ու «PR» են անում: Ով` ում սիրում, նրան էլ նվեր է տալիս: Հո չի՞ կարելի նրանցից պահանջել սիրել օպերա կամ, ասենք, ջազ: Իհարկե, զարմանալին այն է, որ, ասենք, բնակարանի տեր դարձած Նունե Եսայանն ինքն իրեն եւ իր փոփ-երգիչների կուռ «համքյարության» անդամներին «արվեստագետ» է կոչում: Եթե «արվեստ» բառի անհիմն օգտագործումը չլիներ, ամեն բան իր տեղը կընկներ, եւ մի քանի միլիոն դոլար արժեցող մրցանակաբաշխության կազմակերպումն էլ` կհամարվեր փոփ-միջոցառում, որը միտված է բավարարել սոսկ կազմակերպիչների ցանկությունները, այլ ոչ թե կհռչակվեր արվեստի գնահատում: Եթե Կրեմլում համերգ կազմակերպողն ուզում է Տոտո Կուտունյոյին եւ Արմենչիկին լսել, ուրեմն նա չի կարող հրավիրել Սթինգին, Պլասիդո Դոմինգոյին կամ որեւէ կամերային երգչախումբ. դա պիտի անի պետությունը: Եվ հենց պետությունն էլ պիտի մտածի մեր «մեծ եղբոր»` Ռուսաստանի գլխավոր հարթակում` Կրեմլում ներկայացող Հայաստանի իմիջի մասին:
«Տաշիրն» իրականում ապացուցեց, որ մենք իրոք «հիվանդ» հասարակություն ունենք: Դրա սիմպտոմը մեր մեջ արմատացած նվերի հոգեբանությունն է: Համացանցում ստեղծված խումբը դիմեց բնակարանատեր դարձած մեր «աստղերին»` իրենց բնակարանները անապահով ընտանիքներին վերանվիրելու առաջարկով: Ընդ որում` այդ առաջարկը բավականին կտրուկ, պոպուլիստական կերպով արվեց (բա չե՞ք մտածում անտուն մարդկանց մասին, հասցնելով ժողովրդի հաշվին հարստանալ): Փոփ-երգիչներից շատերը «կերան» այդ խայծը, թեեւ ոչ ոք նրանց լեզվից չէր քաշում, կարող էին եւ սուսուփուս դիմավորել այդ առաջարկը: Բայց նրանք խոսեցին… Եվ պարզ դարձավ, որ մեր իրականությունը հիմնվում է նվերի գաղափարի վրա: Մեզ մոտ ամեն ինչն էլ նվեր է` բնակարանը, պաշտոնը… մշակույթը: Ոչ ոք չնշեց, որ նվեր ստանալը (աղերսելը, պահանջելը, դրդելը) միայն նսեմացնում է նվեր ստացողին: Եվ որքան խեղճ ենք մենք, որ փոփ-երգիչներից նվեր ենք ուզում: Եթե քեզ նվեր չեն տալիս, ուրեմն դու զրո ես, քանի որ սեփական ուժերով ու կամքով չես ձեռք բերել այն: Օրինակ` պաշտոնը, երգ լսելու ու երգ գնահատելու հնարավորությունը, կամ էլ` քո քվեն: