Սա է իմ բիզնեսը։ Կարո՞ղ եք, ընդօրինակեք

07/04/2011

Հարկադրված եմ գրել շահի օրենքով համախմբված «ընկերության» անդամի դեմ, որն իմ ընկերն է։ Ճշմարտությունն ավելի թանկ է։ Փա՜ռք Աստծու, Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանի թղթապանակներում պահվում են փաստաթղթերը, որոնք կրկնօրինակելու հնարավորություն ունեցանք։

Ես ակադեմիական հատորներ կազմելու հայտ ի սկզբանե չեմ ներկայացրել ու չեմ ծրագրել ակադեմիական հրատարակություն։ Ինչ վերաբերում է «մասնագիտական» քննությանը, ստիպված եմ հիշեցնել Ա.Ս. Գրիբոյեդովի հերոսի հավերժական հարցը։

Ճշմարտությունը սա է՝ ինստիտուտի տնօրենի ստորագրությամբ ու կնիքով նախարարություն է ներկայացվել ընդարձակ պլան. «Գիրքը տպագրվելու է արեւմտահայերենով, հակիրճ նախաբանը եւ կազմողի խոսքը ծանոթագրությունների բաժնում գրվելու են արեւելահայերենով։ Գրքում տպագրվելու են 1924-1960 թթ. «Հայրենիք» օրաթերթի էջերում Ա. Հայկազի հրատարակած բազմաժանր գրական ստեղծագործությունները, հոդվածները, գրախոսականները, ինչպես նաեւ գրողի հրատարակած ժողովածուների վերաբերյալ հոդվածները։ Ներկայացվող նյութը ուսումնասիրված չէ, ունի գրապատմական եւ արդիական նշանակություն եւ՛ Հայրենիքում, եւ՛ Սփյուռքում։ Գիրքը կունենա ենթագլուխներ. նյութը ներկայացվելու է ժամանակագրական կարգով՝ 1924-1960 թթ.»։ Նշված է տպաքանակը՝ 500 օրինակ, որից 150 օրինակ կտրամադրվի ՀՀ Սփյուռքի նախարարությանը։

Դեւրիկյանը փորձել է թաքցնել ճշմարտությունը։ Այո՛, «հրեշավոր մի չարակամություն եւ նախանձ է ցու-ցա-բերվել» իմ եւ գրքի նկատմամբ։ Ինստիտուտի տնօրենի ստորագրությամբ ու կնիքով հաստատված փաստաթուղթ կա. «Մեր ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բ.գ.դ. Մարգարիտ Խաչատրյանը հրատարակության է պատրաստել «Արամ Հայկազ. Մոռացված էջեր» գիրքը՝ 85 տպագրական մամուլ ծավալով։ Քանի որ, մինչեւ օրս նա Համաստեղի «Մոռացված էջեր» քառահատորը եւ Արամ Հայկազի նամակները հրատարակել է 20 տպագրական մամուլանոց գրքաշարով, նպատակահարմար է հավաքած նյութը հրատարակել 4 գրքով։ Նկատի ունենալով Արամ Հայկազի մեծ հեղինակությունը Սփյուռքում եւ մայր Հայրենիքի հետ սփյուռքահայ գրական կապերի ամրապնդումը՝ արդիական հնչողություն կունենա նաեւ ժողովածուի հրատարակումը Հայրենիքում» (05.11.2009)։

Իզուր եք փորձում սրբագրել կատարվածը. հուլիսի 16-ի գիտխորհուրդը չէր կարող ինձ հանձնարարություն տալ. արդեն ավարտել էի գիրքը, Դեւրիկյանի ստորագրությամբ ու ինստիտուտի կնիքով հաստատված երկու հաշվետվություն ներկայացրել (31.05.2010 եւ 15.07.2010), իսկ նախարարությունը փոխանցել էր գումարի առաջին մասը։ Հուլիսի 16-ին` գիտխորհրդի նիստից հետո, Դեւրիկյանը պարտավոր էր ինձ տալ որոշման քաղվածք, ու հարցը կլուծվեր։

Այնքան եք հմտացել խարդավանքի գործում, որ բաժնի չկայացած նիստերին իմ չմասնակցելու վերաբերյալ թղթեր եք գրում, ստորագրում, նկատողությամբ «զարդարում» անձնական գործս։ Գիրքը հարկադրաբար սեփական միջոցներով հրատարակելու պարտադրանքի մասին խոսել ու գրել եմ. կարդացեք 25.08.2010 թ. հաշվետվությունս։ Բայց օգոստոսի 31-ին տնօրենը վերադարձրեց գրքի օրինակը, արտահայտեց հիացմունքը, ու կազմվեց գրություն` Սփյուռքի նախարարությանը. «Մեր ինստիտուտի աշխատակցուհի, բ. գ. դ. Մարգարիտա Խաչատրյանը ավարտել եւ տպագրության է հանձնել Արամ Հայկազի «Մոռացված էջեր. հատոր Ա» գիրքը։ Այն լույս կտեսնի առաջիկա սեպտեմբերին, ուստի խնդրում ենք փոխանցել այս գրքի համար նախատեսված գումարի մնացյալ մասը»։

Պետք է մեկնեի ԱՄՆ: Որոշեցիք սպասել, որ մեկնելուցս երկու օր անց, ինստիտուտի երկու «իմաստունների» կարծիքը հիմք ընդունելով, գիրքը խոտան հայտարարեք։ Արամ Հայկազի գրքերը, հատընտիրը պատճենելու, վաճառելու եւ բիզնես անելու գործը թողնում եմ ձեզ… Փա՜ռք Աստծու, գործ ունեմ Վ. Մարկոսյանի հետ. նա երկու գիրք է հրատարակել, որ Համաստեղի ծննդյան 110-ամյակին հասցնեմ գրքերը բաժանել (հորս գրավ դրած բնակարանի գումարը չբավարարեց, մի մասը մուծել եմ ամիսներ անց)։

Սա է իմ բիզնեսը։ Կարո՞ղ եք, ընդօրինակեք։

Մ. ԽԱՉԱՏՐՅԱՆ, բ.գ.թ.