Եղինջ երկտուն – Urtica dioica
Պատկանում է եղինջազգիների ընտանիքին (Urticaceae)։ Uro- թարգմանաբար նշանակում է` «այրում եմ»։ Հայկական տարանուններն են եղինջ, եղիճ, աղինճ, աղինջ, մռմռուկ, կճան, կճան խոտ, մրմնջուկ, մրմուրախոտ, բանջար, դաղդղուկ։
Բույսի բուժիչ հատկությունների մասին իմացել են հին ժամանակներից։ Գալենն առաջարկել է օգտագործել եղինջի հյութը մազաթափության դեպքում։ Ավիցենան իր «Բժշկության կանոնները» գրքում նկարագրել է եղինջի բուժիչ հատկությունները։ Ամիրդովլաթ Ամասիացին գրել է. «Եղինջն ամենից ավելի օգտակար է այն ժամանակ, երբ բույսը դեռ կանաչ է, բայց արդեն հայտնվել են սերմերը»։ Եղինջը հին ժամանակներից օգտագործվել է տնտեսության մեջ, ստացել են մանրաթել, պատրաստել են առագաստներ, պարկեր, պարաններ, ցանցեր։ Մեր օրերում եղինջից պատրաստված գործվածքը օգտագործվում է Չինաստանում, Ճապոնիայում, Ինդոնեզիայում, Ֆիլիպիններում, հատկապես` Կորեայում։ Եվրոպայում եղինջից ստացել են «շեւիոտ» կոչվող բարձրակարգ գործվածքը, որը նկարագրված է Հյուգոյի «Թշվառները» վեպում։ Մեր օրերում այդ գործվածքն արտադրվում է միայն Հարավսլավիայում։ Եղինջը բարձրացնում է տնային թռչունների ձվատվությունը, ավելացնում ընտանի կենդանիների քաշը, կովերի կաթնատվությունը։
Ռուսաստանի Տուլայի մարզում կա կրապիվա անունով բնակավայր, որի զինանշանի վրա պատկերված է եղինջը, եւ այնտեղ ամենամյա եղինջի փառատոն է անցկացվում։
Հին ժամանակներից եղինջին մոգական հատկություններ էին վերագրվում։
Համարվում էր, որ եղինջից պատրաստված իրերը պահպանում են տունը չար ուժերից։ Նույն նպատակով եղինջն աճեցնում էին հողամասի ցանկապատերի շուրջը։ Պահել են նաեւ որպես հուռութ։
Եղինջ երկտունը բազմամյա, ծլարմատավոր մոլախոտ է, բազմանում է ոչ միայն սերմերով, այլ նաեւ կոճղարմատով։ Ցողունը ուղիղ է, խաչաձեւ կտրվածքով, մինչեւ 1 մետր բարձրությամբ, տերեւները սուր եռանկյունաձեւ են, սրտաձեւ բլթակով, սղոցաձեւ եզրերով։ Ցողունի վերին մասի յուրաքանչյուր տերեւածոցից կախված են հուրանաձեւ ծաղկափթթությունները, ծաղիկները մանր են, կանաչ, երկսեռ։ Սերմերը` ձվաձեւ, սուր եզրագծերով։ Այրող եղինջից (Urtica urens) տարբերվում է տերեւների խոշորությամբ, քիչ ճյուղավորված ցողունով։ Այրող եղինջը միամյա բույս է, ծաղիկները դեղին են, երկսեռ։
Եղինջը պատված է երկար այրող գեղձարմատներով, որի մեջ պարունակվում է այրող նյութ (գիստամին, մրջնաթթու, քոլին), երբ գեղձարմատի վերնամասը կոտրվում է, այն թափանցում է մարդու մաշկի տակ եւ առաջացնում այրոց։
Ավստրալիայում աճում է եղինջազգիների ընտանիքին պատկանող Laportea gigas ծառը, որի այրոցները շատ վտանգավոր են, իսկ Նոր Զելանդիայում` Urtica ferox տեսակը` որի այրոցը նույնպես կարող է մահացու լինել։
Եղինջն արժեքավոր է իր քիմիական բաղադրությամբ։ Եղինջի հականեխիչ հատկությունն օգնում է պահպանել սննդամթերքի թարմությունը։ Այն լցնում են մաքրած ձկան մեջ, դնում մսեղենի վրա։
Եղինջը հարուստ է կալիումի, բարիումի, կալցիումի, երկաթի աղերով։ Պարունակում է պղինձ, քրոմ, ցինկ, մանգան, օրգանական թթուներ (կիտրոնի, կաթի, սուրճի), խեժանյութ, սիտոստերին, ֆիտոնցիդներ, դաբաղանյութեր, հարուստ է սպիտակուցով։
Պրոտեինների բարձր պարունակության շնորհիվ եղինջն իր սննդային արժեքով չի զիջում լոբազգիներին։
Վիտամին C-ի պարունակությամբ քիչ է զիջում սեւ հաղարջենուն եւ գերազանցում է ցիտրուսներին։
Եղինջը հարուստ է ենթավիտամին A-ով, 50 գրամ բույսը բավարարում է մարդու 1 օրվա պահանջը։ Եղինջը պարունակում է նաեւ B1, B2, B3, B5, K վիտամիններ։ Բույսը ունի արյունարգել, լեղամուղ, միզամուղ, հակաբորբոքային, էստրոգեն ազդեցություն։ Իջեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակն արյան մեջ, կարգավորում է մարսողությունը եւ ածխաջրերի փոխանակումը։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է որպես արյունարգել միջոց ներքին արյունահոսության ժամանակ։
Սակավարյունության դեպքում ավելացնում է հեմոգլոբինը արյան մեջ։ Եղինջի պատրաստուկները խորհուրդ են տրվում ռադիկուլիտի, ռեւմատիզմի, երիկամների, միզապարկի բորբոքման, լյարդի հիվանդությունների, թութքի եւ այլ հիվանդությունների դեպքում։
Եղինջ երկտունը բարերար ազդեցություն ունի նաեւ սրտանոթային համակարգի վրա, նպաստում է վնասված հյուսվածքների ապաքինմանը, կիրառվում է գինեկոլոգիայի մեջ։ Եղինջի պատրաստուկները կիրառվում են մաշկաբուժության մեջ, նպաստում էկզեմայի, պսորիազի, կորյակների, չիբանների, վիտիլիգոյի, մազաթափության բուժմանը։
Եղինջը պահպանվում է երեք եղանակով`
– չորացնում են ծածկի տակ, օդափոխվող տեղում,
– պահում են սառնախցիկում,
– մանր կտրատում, խիտ տեղավորում (այնպես, որ հյութ տա) ապակե տարայում, փակում, պահում մութ եւ հով տեղում։
Եղինջը հակացուցված է թրոմբոֆլեբիտի, արյան բարձր մակարդելիության, տասներկումատնյա աղիի, ստամոքսի խոցի, հիպերտոնիայի, աթերոսկլերոզի, արգանդի արնահոսող ուռուցքների դեպքում, ինչպես նաեւ` հղի կանանց։
Եղինջով դեղատոմսերի եւ դեղաբուսային խառնուրդների պատրաստման եւ ընդունման չափաբաժինները պահպանելու դեպքում բարդացումներ չեն առաջանա, ցանկալի է` խորհրդակցեք բուժող բժշկի հետ։
Դեղատոմսեր
Եղնջատենդի դեպքում
– Վերցրեք հավասար քանակությամբ եղինջի թարմ ծաղիկներն ու տերեւները (3 ճ/գ)։ Թրմեք 600 մլ եռջրի մեջ` 30 րոպե, քամեք։ Թուրմը բաժանեք 3 մասի, խմեք օրվա ընթացքում։
– Պատրաստեք լոգանք նույն խառնուրդից (1կգ հումք, 10լ ջուր), 36 ջերմաստիճանի տակ, 20 րոպե տեւողությամբ։
Սննդային ալերգիայի դեպքում հոմեոպատները խորհուրդ են տալիս հետեւյալ դեղատոմսը. 10 գրամ եղինջը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրով ջերմապահի մեջ եւ խմեք չորսական ճ/գ, օրը 5 անգամ, սնունդ ընդունելուց առաջ (գոլ վիճակում)։
Երիտասարդացնող միջոց. Տաք ջրի մեջ ցայեք եղինջի տերեւները, այնուհետեւ աղացեք, լուծեք ջրի մեջ (1։3), եփեք 5 րոպե։ Խմեք օրը 3 անգամ, մեկական ճ/գ, ուտելու ընթացքում։
Վիտամինային թուրմ. Խառնեք մանրացրած մասուրի, սեւ հաղարջենու պտուղները, եղինջի տերեւները եւ գազարի արմատը (3։1։3։3)։ Խառնուրդի 1 ճ/գ վրա լցրեք 400 մլ եռջուր, եփեք 10 րոպե ջրային բաղնիքի վրա, թրմեք 4 ժամ հով տեղում։ Խմեք 100-ական մլ, օրը 2-3 անգամ։
Հակաբորբոքային միզամուղ միջոց. Խառնեք չոր, մանրացրած եղինջի տերեւը եւ արոսի պտուղը (3։7)։ Խառնուրդի 1 ճ/գ հումքին ավելացրեք 400 մլ եռջուր, եփեք 10 րոպե ջրային բաղնիքի վրա, թրմեք 4 ժամ (փակ կափարիչով)։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ։
Բրոնխիտի դեպքում. Լուծեք 1 ճ/գ եղինջի հյութը եւ 1 թ/գ մեղրը 100 մլ գոլ ջրի մեջ։ Ուժեղ հազի դեպքում խառնեք եղինջը, մատուտակը, կղմուխի արմատները (3։3։2) 2 ճ/գ, ավելացրեք 400 մլ տաք ջուր, թրմեք 12 ժամ։ Քամեք, խմեք 100-ական մլ, սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ, օրը չորս անգամ։
Լեղաքարային հիվանդություն. Խառնեք մանրացրած 2 ճ/գ վաղենակի ծաղիկներ, 1 ճ/գ կապույտ տերեփուկի ծաղիկներ, մեկական թ/գ իշառվույտի խոտ, եղինջի տերեւներ, խատուտիկի արմատ։ Խառնուրդի 1 ճ/գ-ին ավելացրեք 1 լ ջուր, թրմեք 1 ժամ, ավելացրեք 10 գ շաքար։ Բաժանեք 5 մասի, խմեք սնունդ ընդունելուց առաջ, առավելագույնը` 28 օր։
Լյարդի գործունեությունը կարգավորող միջոց
– 1ճ/գ եղինջի տերեւների վրա լցրեք 200 մլ եռջուր, թրմեք սրբիչով փաթաթած։ Միաժամանակ նույն քանակությամբ եղինջի արմատներին ավելացրեք 200 մլ եռջուր, 10 րոպե տաքացրեք (ջրային բաղնիք) մարմանդ կրակի վրա։ Թրմեք 30 րոպե։ Խառնեք թուրմն ու եփուկը, ավելացրեք ըստ ճաշակի մեղր։ Բաժանեք 4 մասի, խմեք սնունդ ընդունելուց առաջ։
– Մանրացրած մասուրի պտուղը խառնեք 2։1 հարաբերությամբ եղինջի տերեւի հետ, 1 ճ/գ խառնուրդի վրա լցրեք 400 մլ եռջուր, թրմեք, քամեք։ Բաժանեք չորս մասի, ընդունեք սնունդ ընդունելուց եւ քնելուց առաջ։
Շաքարախտի դեպքում. Խառնեք մանրացրած հապալասի, եղինջի տերեւներն եւ սեւ կտտկենու ծաղիկները (2։1։1), 1 ճ/գ խառնուրդին ավելացրեք 250 մլ ջուր, եփեք 30 րոպե ջրային բաղնիքի վրա։ Ստացված եփուկը քամեք, խմեք օրվա ընթացքում։
Նյութերի փոխանակությունը կարգավորող միջոց. Խառնեք հավասար քանակությամբ լոբու պատիճ, եղինջի, հապալասի, ազնվամորու տերեւներ եւ լորենու ծաղիկներ։ 1 ճ/գ խառնուրդը թրմեք 200 մլ եռջրի մեջ, քամեք, բաժանեք չորս մասի, խմեք օրվա ընթացքում։ Լավ միզամուղ է։ Ժամկետը` 2 շաբաթ։
Միզապարկի բորբոքման եւ ցավոտ միզարձակման դեպքում. Վերցրեք հավասար քանակությամբ եղինջ, սրոհունդ, փրփրուկի չոր խոտ։ Խառնուրդի 1 դեսերտային գդալ հումքը թրմեք 200 մլ եռջրի մեջ` 30 րոպե, քամեք։ Խմեք մեկական ճ/գ, օրը 4 անգամ, սնունդ ընդունելուց առաջ, ցավերի սրացման դեպքում։
Երիկամների բորբոքման դեպքում.
– Խառնեք մեկական ճ/գ եղինջի, կեչու տերեւները, 3 ճ/գ կտավատի սերմերը, 2 թ/գ ազնվամորու տերեւները։ Խառնուրդի 2 ճ/գ-ն թրմեք 500 մլ եռջրի մեջ, 1 ժամից քամեք։ Խմեք 3-4 անգամ` օրվա ընթացքում։
– 50 մլ եղինջի հյութը լուծեք 200 մլ կաթի մեջ, ավելացրեք 100 մլ եռջուր եւ 1 ճ/գ մեղր։ Խմեք օրվա ընթացքում։
Ռադիկուլիտի դեպքում. Մանր կտրատեք եղինջի մատղաշ խոտը եւ արմատները, խիտ շարեք ապակե տարայի մեջ, մնացած ծավալը լրացրեք օղիով։ Թրմեք 3 շաբաթ մութ եւ հով տեղում։ Քնելուց առաջ ոգեթուրմով շփեք ցավող հատվածը, ապա փաթաթեք բրդե գործվածքով։
Ռեւմատիզմի զարգացումը կանխելու նպատակով հնում մարդիկ ցավոտ հատվածը դաղել են եղինջով (դաղդղուկով)։ Նույն եղանակով բուժել են պոդագրան, կարմրուկը, քութեշը, կաթվածը (պարալիչ)։
– Խառնեք եղինջի չոր տերեւները, հավասար քանակությամբ խատուտիկի տերեւներն եւ արմատները, ձիաձետի խոտը, մասուրի մանրացրած պտուղները, կեչու տերեւները (4։4։2։1։1)։ Հումքի 2 թ/գ թրմեք 200 մլ եռջրի մեջ, քամեք, խմեք գոլ վիճակում։ Կրկնեք օրը 3 անգամ, շարունակեք 6 շաբաթ։
– Խառնեք հավասար քանակությամբ եղինջի հյութը, 90% բժշկական սպիրտը, մեղրը, 15 օր պահեք սառնարանում։ Ընդունեք օրը 3 անգամ, 1-ական ճ/գ, սնունդ ընդունելուց առաջ։ Շարունակեք 10-12 օր, ընդմիջեք։
Գեղարարական միջոցներ երկտունավոր եղինջով
Դիմակներ
Չոր եւ նորմալ մաշկի համար
– 2 թ/գ եղինջի չոր տերեւները խառնեք 1 ճ/գ տաք կաթին, թրմեք 15 րոպե։ Այնուհետեւ ավելացրեք 1 հարած ձվի դեղնուց։ Խառնուրդը քսեք դեմքին եւ պարանոցին, 15 րոպե հետո լվացեք գոլ ջրով։
– Եղինջի մատղաշ տերեւները տրորելով վերածեք շիլայատիպ զանգվածի, դա խառնեք մեկական ճ/գ ծաղկային մեղրին: Քսեք դեմքին, պարանոցին, 15 րոպե հետո լվացեք սենյակային ջերմաստիճանի ջրով։
Թարմացնող լոգանք ձեռքերի համար
1ճ/գ եղինջի խոտաբույսի վրա լցրեք 1 լ տաք ջուր, պահեք ջրային բաղնիքի վրա 15 րոպե։ Հովանալուց հետո 20 րոպե ձեռքերը պահեք եփուկի մեջ։ Չորացրեք փափուկ անձեռոցիկով եւ ձեռքերին քսեք սնուցող (ցանկացած) քսուք։
Ձեռքերի բարձր քրտնարտադրության դեպքում. Մեկական ճ/գ եղինջի եւ եղեսպակի խառնուրդին ավելացրեք 0,5 լ տաք ջուր եւ թրմեք 1-2 ժամ։ Ձեռքերը 10 րոպե պահեք այդ թուրմի մեջ։ Չորացրեք ձեռքերը անձեռոցիկով։
Լոգանք ոտնաթաթերի ճաքերի դեպքում. Խառնեք 2 ճ/գ եղինջի խոտաբույսը 1 ճ/գ վաղենակի ծաղիկներին, վրան լցրեք 1 լ տաք ջուր, պահեք 10-15 րոպե ջրային բաղնիքի վրա։ Հովանալուց հետո ոտքերը 20 րոպե պահեք այդ խառնուրդի մեջ։ Խավոտ սրբիչով ոտքերը չորացրեք, քսեք սնուցող քսուք։
Մազաթափության դեպքում.
– 3 ճ/գ եղինջի չոր տերեւների վրա լցրեք 200 մլ եռջուր, եփեք 15-20 րոպե ջրային բաղնիքի վրա։ Թրմեք 30 րոպե։ Օգտագործեք գլխամաշկի ամենօրյա ներմերսման համար։ Բուժման ժամկետը` 1 ամիս, մի քանի օր ընդմիջեք, կրկնեք։
– 4 ճ/գ եղինջի չոր տերեւների վրա լցրեք 1 լ տաք ջուր եւ եփեք 20 րոպե։ Հովացրեք 30 րոպե, քամեք։ Մազերը լվանալուց հետո եփուկով ցայեք մազերը։
Մազարմատների ամրացման համար
– 100 գրամ եղինջի տերեւների վրա լցրեք 400 գրամ եռջուր։ Լուծույթը ծածկեք չորստակ թանզիֆով, թրմեք 1-2 ժամ։ Քամեք։ Օգտագործեք մազերը լվանալու համար։ Շատ է օգնում մազաթափության դեպքում։
– Խառնեք 100 գրամ թարմ մանրացրած խոտաբույսը կեսական լ տաք ջրին եւ խնձորի քացախին։ Թրմեք 4 ժամ, քամեք։ Լուծույթով շաբաթը 2 անգամ լվացեք մազերը։