ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Կյանքը բարդ բան է: Բարդ կյանքը պարզ դարձնել ունակ է միայն զենքը: Այդ պատճառով էլ քաղաքակիրթ մարդը, քարե դարի մարդու ուղեղ ունենալով, սպանությունը գերադասում է ցանկացած բանավեճից:
Իշխանությունը հենց արտոնագիր ձեռք բերած բռնությունն է: Մեզ` մարդկանց իշխելու համար, գուցե թե եւ կա բռնության անհրաժեշտությունը, բայց գուցե եւ չկա:
ՄԱՐԴԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Որքան էլ ցավալի է, արիությունս չի բավում մարդկայնության առաջ խոնարհվելու: Ավելին, հաճախ ես քամահրանք եմ զգում մարդկայնության հանդեպ` դա ճիշտ է: Բայց ճիշտ է նաեւ այն, որ, որպես կանոն, ես մարդկայնության հանդեպ եւ սեր եմ տածում: Սե՞ր: Իսկ գուցե ոչ թե սեր, այլ ավելի շուտ` կարեկցա՞նք: Համենայն դեպս, եթե մարդկայնությունը դադարի հուզել, կյանքը կվերածվի հոգեբուժարանի, որում ապրելն անտանելի է: Եվ բնական արդյունքը կլինի այն, ինչ պատահեց Սվիֆթի հետ` խելագարությունը:
Ասում են, որ խելագարվելուց քիչ առաջ, Սվիֆթը, նայելով չորացած կատարով ծառին, շշնջացել է. «Ես շատ նման եմ այս ծառին: Ամեն ինչ գլխից է սկսվում»: Ամեն անգամ, երբ ես հիշում եմ այս պատմությունը, ինձ սարսուռ է համակում: Թաքուն բերկրանքով ես մտածում եմ` ինչ երջանկություն է, որ ես այնպիսի հանճար չեմ ծնվել, ինչպիսին Սվիֆթն էր:
ԿԱՂՆՈՒ ՏԵՐԵՎՆԵՐԸ
Կատարյալ երջանկություն կարող են պարգեւել միայն արտոնությունները, որ շնորհվում են ապուշներին: Նույնիսկ ամենաանուղղելի լավատեսն ունակ չէ միշտ ժպտալու: Ոչ, եթե կարելի լիներ ընդունել իսկական լավատեսների գոյությունը, ապա դա կհանգեցներ սոսկ այն բանին, որ նրանք երջանկությունից հուսահատության մեջ կընկնեին.
Եթե ես տանը լինեի,
Ես կերակուրն ափսեի մեջ կդնեի,
Բայց ես ճանապարհին եմ,
Ուր խոտերն ինձ բարձ են ծառայում.
Այդու կերակուրը ես դնում եմ կաղնու տերեւների վրա:
Այս բանաստեղծությունը ոչ թե պարզապես հաղորդում է ճամփորդի զգացմունքները: Մենք միշտ փոխզիջման ենք գնում` ցանկալիի փոխարեն համաձայնվում ենք հնարավորին: Գիտնականները կկարողանան, երեւի, կաղնու տերեւներին ամենահիասքանչ անունները տալ: Սակայն եթե պարզապես կաղնու տերեւները ձեռքդ վերցնես, դրանք կաղնու տերեւներ էլ կմնան:
Տրտմել կաղնու տերեւների համար միայն այն պատճառով, որ դրանք կաղնու տերեւներ են` կնշանակի դրանց հանդեպ առավել հարգանք ցուցաբերել, քան, եթե պարզապես շեշտես` դրանց վրա կարելի է կերակուր դնել: Այդպիսի պնդումն ավելի տխուր է, քան պարզապես անտարբեր ժպիտով դրանց կողքով անցնելը, միայն այն բանի համար, որ դրանք կաղնու տերեւներ են: Համենայնդեպս, ողջ կյանքում անխոնջ տրտմելը միեւնույն բանի համար զավեշտական է եւ միաժամանակ անբարոյական: Մեծ հոռետեսները ամենեւին էլ միշտ չեն թթու տեսք առել: Նույնիսկ անբուժելի հիվանդությամբ տառապող Լեոպարդին նայելով գունատ վարդերին, երբեմն տխուր ժպտում էր…
Նշում` Անբարոյականությունը` չափազանցության այլ անվանումն է:
ԲՈՒԴԴԱՆ
Թաքուն արքայական ամրոցը լքելով` Սիդհարթհան ամբողջ վեց տարի ճգնակյացի կյանք էր վարում: Նա վեց տարվա ընթացքում անում էր դա, քավելով չտեսնված շքեղությունը, որում նա ապրում էր արքայական դղյակում: Նույնքան հատկանշական է հյուսնի որդու պահքը Նազարեթից:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Սիդհարթհան Չանդակիին հրամայեց ձիերին կարգի բերել, եւ նրանք թաքուն լքեցին արքայական դղյակը: Սակայն հակումն առ խորհրդածությունները նրա մեջ մելամաղձ էր հարուցում: Հեշտ չէ որոշել, ով թեթեւությամբ շունչ քաշեց, երբ Սիդհարթհան լքեց արքայական դղյակը` ինքն` ապագա Շակյա Մունին, թե Յասոդհարան, նրա կինը:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Վեցամյա ճգնակեցությունից հետո Սիդհարթհան թզենու ծառի տակ բարձրագույն պայծառատեսության հասավ: Նրա խրատները, թե ինչպես բուդդա դառնալ, խոսում են այն մասին, որ նյութը գերիշխում է ոգուն: Նա լողանում է, կաթնանման հյութ է խմում: Ի վերջո, զրուցում է հորթարած աղջկա հետ, ով հետագայում բուդդա Նանդան է դառնում:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՃԱՐԸ
Ավանդաբար համարվում է, որ քաղաքական հանճարը` դա նա է, ով ժողովրդի կամքը վերածում է իր սեփականի: Սակայն ամեն ինչ ընդհակառակն է: Ավելի ճիշտ կլինի ասել, որ քաղաքական հանճարը` դա նա է, որ իր սեփական կամքը վերածում է ժողովրդի կամքի: Կամ ծայրահեղ դեպքում` ստիպում է հավատալ, որ այդպիսին է ժողովրդի կամքը: Այդ պատճառով քաղաքական հանճարը պետք է լինի եւ հանճարեղ դերասան: Նապոլեոնն ասում էր. «Հանճարեղից մինչեւ ծիծաղելին մի քայլ է»: Այդ խոսքերը սազական են ոչ այնքան կայսրին, որքան դերասանին:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Ժողովուրդը հավատում է մեծ սկզբունքներին: Քաղաքական հանճարը գրոշ անգամ չի տա մեծ սկզբունքների համար: Միայն այն բանի համար, որ իշխի ժողովրդին, նա մեծ սկզբունքների համար պայքարող մարտիկի դիմակ է առնում: Բայց մի անգամ այդ դիմակը հագնելով` նա արդեն երբեք ի վիճակի չի լինի այն դեն նետելու: Իսկ եթե փորձի ուժով այն պոկել, ապա, որպես քաղաքական հանճար, մեկեն բեմից վայր կիջնի: Նույնիսկ միապետը գահը պահպանելու համար գնում է իր իշխանության սահմանափակմանը: Այդ պատճառով էլ քաղաքական հանճարի ողբերգությունը միշտ իր մեջ զավեշտականություն է պարունակում: Այդպիսի զավեշտականություն է պարունակում իր մեջ, օրինակ, «Գրառումներ ձանձրույթից» գրքի այն հատվածը, երբ Նինկաձի տաճարի վանականը սկսում է պարել` գլխին քաշելով կաթսա-եռոտանին:
ՍԵՐԸ ՄԱՀԻՑ ԶՈՐԵՂ Է
«Սերը մահից զորեղ է». այս խոսքերը կարելի է գտնել Մոպասանի վեպում: Սակայն, անշուշտ, մահից զորեղ է ոչ միայն սերը: Օրինակ, որովայնային տիֆով հիվանդը թխվածքաբլիթ է ուտում, իմանալով, որ անխուսափելիորեն դրանից կմահանա` ահա հիանալի ապացույց, որ քաղցն էլ երբեմն մահից զորեղ է: Դե, բացի քաղցից, կարելի է շատ բան ասել, որ մահից զորեղ է` հայրենասիրությունը, կրոնական էքստազը, մարդասիրությունը, ընչաքաղցությունը, փառասիրությունը, հանցավոր բնազդները (իհարկե մահվան ծարավը` բացառություն է): Ճիշտ է, ես չէի համարձակվի պնդել, որ սերն ավելի շատ, քան ողջ վերոնշյալը, մահից զորեղ է: Նույնիսկ այն դեպքերում, երբ թվում է` ահա սերը, որը մահից զորեղ է, իրականում մեզ իշխում է, այսպես կոչված, ֆրանսիացիներին ներհատուկ բովարիզմը: Դա սենտիմենտալիզմն է, որ սերում է մադամ Բովարիի ժամանակներից, եւ ինչը ստիպում է մեզ լեգենդար սիրեկան համարել:
ԴԺՈԽՔԸ
Կյանքը` ինչ-որ ավելի դժոխային բան է, քան ինքը` դժոխքը: Դժոխքի տանջանքները անհամեմատելի են սահմանված օրենքների հետ: Օրինակ, աշխարհում քաղցած հոգիների տանջանքներն այն են, որ բավ է մեղավորին փորձել ուտել իր առջեւ հայտնված կերակուրը, եւ դրա վրա կրակ է բռնկվում: Սակայն կյանքի տված տանջանքները, դժբախտաբար, այդքան պարզունակ չեն: Երբեմն բավ է, որ մենք փորձենք ուտել մեր առջեւ հայտնված կերակուրը, եւ նրա վրա բռնկվում է կրակը, բայց երբեմն միանգամայն անսպասելի կարելի է եւ ուտել քո հաճույքի համար: Բայց պատահում է եւ այն, որ հաճույքով ուտելուց հետո, կատարով ես հիվանդանում, իսկ մի ուրիշ անգամ անսպասելի, ախորժանք ապրելով, ուտելիքը հեշտ մարսում ես: Այսպիսի աշխարհին, ուր գոյություն չունեն օրենքներ, հեշտ չէ վարժվելը: Ինձ թվում է` դժոխք ընկնելով, ես կկարողանամ պահը գտնել եւ ուտելիք փախցնել հոգով քաղցածների աշխարհում: Դե, իսկ եթե մի երկու-երեք տարի ապրեմ ասեղնավոր լեռան վրա եւ արյան ծովում եւ վարժվեմ, ապա, քայլելով ասեղների վրա եւ լողալով արյան մեջ, առանձնակի տանջանքներ չեմ ապրի:
ՎԱՐԿԱԲԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Քաղքենիները սիրում են վարկաբեկություններ: Սկանդալային պատմությունը Սպիտակ Շուշանի հետ, սկանդալային պատմությունը Արիսիմայի հետ, սկանդալային պատմությունը Մուսյակոձիի հետ` քաղքենին անարտահայտելի հաճույքով հետեւում է դրանց: Իսկ ինչո՞ւ է քաղքենին այդքան սիրում վարկաբեկությունները, հատկապես վարկաբեկությունները, որոնցում խառնված են հայտնի մարդիկ: Գուրմոնը դրան այսպես է պատասխանում. «Պատճառն այն է, որ այդ վարկաբեկությունները թույլ են տալիս պատկերացնելու հենց մեր ապրածները, որոնք մենք փութաջանորեն թաքցնում ենք, որպես բնական մի բան:
Գուրմոնի պատասխանը բացարձակապես ճիշտ է: Բայց բավականաչափ ամբողջական չէ: Սովորական մարդիկ, ովքեր ունակ չեն նույնիսկ սկանդալ սարքելու, հայտնի մարդկանց շուրջ հյուսվող վարկաբեկությունների մեջ սեփական փոքրոգության արդարացման հիասքանչ զենք են տեսնում: Եվ միաժամանակ հիանալի պատվանդան են տեսնում, որպեսզի կանգնեցնեն իրենց գոյություն չունեցող գերազանցությունը: «Ես այնպիսի գեղեցկուհի չեմ, ինչպես Սպիտակ Շուշանը, բայց փոխարենը` ավելի առաքինի եմ, քան նա»: «Ես այդքան տաղանդավոր չեմ, ինչպես Արիսիման, բայց ավելի լավ, քան նա, գիտեմ մարդկանց»: «Ես այդքան…, ինչպես Մուսյակոձին, բայց…»: Դա ասելով, երջանիկ քաղքենին պինդ քնում է, ինչպես բավարարված խոզ:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Հանճարի առանձնահատուկ հատկություններից մեկը` սկանդալներ սարքելու ունակությունն է:
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ
Հասարակական կարծիքը միշտ ինքնադատաստան է, իսկ ինքնադատաստանը միշտ զվարճանք է: Նույնիսկ, եթե ատրճանակի փոխարեն, դիմում են թերթի հոդվածի:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Հասարակական կարծիքի գոյությունը արդարացվում է դե թեկուզ հասարակական կարծիքը ոտնահարելու իրավունքով:
ԹՇՆԱՄԱՆՔԸ
Թշնամանքը համեմատելի է ցրտի հետ: Չափավոր լինելով, այն թարմացնում է եւ, ընդ որում, շատերին անհրաժեշտ է առողջության պահպանման համար:
ՈՒՏՈՊԻԱՆ
Կատարյալ ուտոպիա չի հայտնվում հիմնականում հետեւյալ պատճառով: Քանի դեռ չի փոխվել մարդկային բնույթը, կատարյալ ուտոպիա չի կարող հայտնվել: Իսկ եթե մարդկային բնույթը փոխվի, կատարյալ թվացող ուտոպիան մեկեն կդադարի ընկալվել` որպես կատարյալ:
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՄՏՔԵՐԸ
Վտանգավոր մտքերը` այն մտքերն են, որոնք ստիպում են ուղեղը շարժել:
ՉԱՐԻՔԸ
Իր բնույթով ստեղծագործող երիտասարդը ամենից ուշ է բացահայտում «մարդկային չարիքը»:
ՆԻՆՈՄԻԱ ՍՈՆՏՈԿՈՒՆ
Ես մինչեւ այժմ հիշում եմ դպրոցական քրեստոմատիայում նկարագրված պատմությունը Նինոմիա Սոնտոկուի մանկական տարիների մասին: Ծնված լինելով աղքատ ընտանիքում, Սոնտոկուն կեսօրին օգնում էր ծնողներին նրանց գյուղական աշխատանքներում, իսկ երեկոյան ծղոտե սանդալներ էր հյուսում` մի խոսքով, մեծի պես աշխատում էր եւ միաժամանակ ինքնակրթությամբ էր զբաղվում: Դա բավական հուզիչ պատմություն է, ինչպես մարդամեջ մտնող ցանկացած պատմություն` այդպիսի պատմություններ կարելի է գտնել զանգվածային ընթերցողի համար նախատեսված ուզածդ վիպակում: Սակայն այդ մարդամեջ մտնող մարդու մասին պատմությունը, Սոնտոկուին փառաբանելու փոխարեն, անարգում է նրա ծնողներին: Չէ՞ որ նրանք մատը մատին չեն խփել, որպեսզի իրենց որդուն կրթության տան: Ընդհակառակը, խոչընդոտում էին դրան: Այնպես որ, ծնողական պատասխանատվության տեսանկյունից նրանք ակնհայտորեն իրենց ամոթալի էին պահում: Բայց մեր ծնողները եւ ուսուցիչները պարզասրտորեն մոռացել էին այդ մասին: Նրանք համոզված էին, որ Սոնտոկուի ծնողները կարող էին լինել թեկուզ հարբեցողներ կամ խաղամոլներ` կարեւոր չէ: Չէ որ խոսքը նրանց մասին չէ, այլ` Սոնտոկուի: Իսկ նա, զանց առնելով դժվարություններն ու զրկանքները, անխոնջ զբաղված էր ինքնակրթությամբ: Մենք` երեխաներս, պետք է մեր մեջ դաստիարակեինք Սոնտոկուի անհողդողդ կամքը:
Ես Սոնտոկուի ծնողների եսասիրության հանդեպ ինչ-որ հիացմունքի պես մի բան եմ զգում: Իսկապես, նրանք շատ հաջող տղա ունեցան` տղան ամեն ինչից զատ` նաեւ նրանց ծառան էր: Ավելին, հետագայում մեծ հարգանքի արժանանալով, նա դրանով փառավորեց հորն ու մորը` իսկ դա արդեն հաստատ հաջողություն է: Բայց ինձ, որ դեռ տասնհինգ տարեկան էլ չկայի, խորապես հուզել էր Սոնտոկուի հոգեկան կորովը, եւ գլխումս նույնիսկ միտք հղացավ, թե որքան բախտս չի բերել, որ ես չեմ ծնվել այդքան աղքատ ընտանիքում: Սովորական բան է` շղթայակապ ստրուկը ծարավի է, որ այն ավելի հաստ լինի:
ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Վերացնել ստրկությունը` կնշանակի` վերացնել ստրկական գիտակցությունը: Բայց մեր հասարակությունն առանց ստրկության օր անգամ չի ապրի: Պատահական չէ, որ նույնիսկ Պլատոնի հանրապետությունը ենթադրում էր ստրկության գոյությունը:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Բռնակալին բռնակալ կոչելը միշտ էլ վտանգավոր է եղել: Բայց այսօր պակաս վտանգավոր չէ ստրուկին ստրուկ կոչելը:
ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ
Ողբերգությունը` դա այն է, երբ ստիպված ես լինում զբաղվելու գործով, որից ամաչում ես: Հետեւաբար` մարդկությանը միավորող ողբերգությունը կարիքի իրագործումն է:
ՈՒԺԵՂՆ ՈՒ ԹՈՒՅԼԸ
Ուժեղը վախենում է ոչ թե թշնամուց, այլ ընկերոջից: Նա անհողդողդ տապալում է թշնամուն, բայց, ինչպես թույլ երեխա, վախ է ապրում, որ հանկարծ կանխամտածված ընկերոջը չվիրավորի:
Թույլը վախենում է ոչ թե ընկերոջից, այլ թշնամուց: Այդ պատճառով նրա աչքին ամենուր թշնամիներ են պատկերանում:
ՈՂՋԱԽՈՀ S.M.-ն
Ահա թե ես ինչ էի ասում իմ ընկեր S.M.-ին:
Դիալեկտիկի արժանիքը. ի վերջո, դիալեկտիկի արժանիքն այն է, որ ստիպված է հանգելու այն եզրակացության, որ ամեն ինչ աշխարհի երեսին` հիմարություն է:
Աղջիկը. Հիշեցնում է ձգվող, ուր աչքդ կտրի, թափանցիկ-պաղ ծանծաղություն:
Վաղաժամ կրթությունը. Հըմ, այն հիասքանչ է: Ազատագրում է պատասխանատվությունից առ այն, որ երեխան դեռեւս մանկապարտեզում իմանում է, թե որքան դժբախտություն է բերում մարդուն խելքը:
Հիշողությունները. Դա հորիզոնից անդին հեռավոր բնանկար է, ընդ որում, արդեն որոշ չափով կարգաբերված:
Կինը. Դատելով Մերի Սթոնսի խոսքերից, կինն այնքանով է հավատարիմ ամուսնուն, որ, համենայն դեպս, երկու շաբաթը մեկ նրա հանդեպ հակում է ունենում:
Պատանեկան տարիները. Պատանեկան տարիներին մելամաղձը սերում է աշխարհում ամեն ինչի հանդեպ մեծամտությունից:
Վշտերը մարդուն խելոք են դարձնում. Եթե մարդուն վշտերը խելոք են դարձնում, ապա զգույշ մարդն իր սովորական կյանքում երբեք խելոք չի դառնա:
Դե ուրեմն, ինչպե՞ս պետք է ապրել. Այնպես, որ քեզ համար թողնես դե թեկուզ մասնիկ անճանաչելի աշխարհից:
ՇՓՈՒՄԸ
Ցանկացած շփում ինքնին կեղծավորություն է պահանջում: Մինչեւ վերջ բանալ հոգին ընկերների առաջ, առանց կեղծավորության իսկ ստվերի` կնշանակի` անխուսափելիորեն խզել հարաբերությունները նույնիսկ ամենամտերիմ ընկերոջ հետ: Մտերիմ ընկերը, այս կամ այն չափով, դա կարելի է ասել մեզանից յուրաքանչյուրի մասին, ատում կամ քամահրում է իր ընկերոջը, նույնիսկ ամենամտերմին: Ճիշտ է, ատելությունը ի դեմս շահի` կորցնում է իր սրությունը: Իսկ ինքը` արհամարհանքը, բնականաբար, կեղծավորություն է ծնում: Այդ պատճառով, ձեր ընկերների հետ մտերիմ հարաբերություններ պահպանելու համար, հարկ է արհամարհանքի եւ շահի առավելագույն հավասարակշռություն: Բայց դա ամեն մեկին տրված չէ: Թե չէ ինչպե՞ս վաղնջական ժամանակներում կհայտնվեին բարեկիրթ, ազնվաբարո մարդիկ, եւ ինչպե՞ս նույնքան վաղնջական ժամանակներում աշխարհում կտիրեր պատերազմին անտեղյակ ոսկե դարը:
ՄԱՆՐՈՒՔՆԵՐԸ
Կյանքը երջանիկ դարձնելու համար, հարկ է, որ սիրես առօրյա մանրուքները: Ամպերի շողանքը, բամբուկի շրշյունը, ճնճղուկների երամիկները, անցորդների դեմքերը` բոլոր այդ ամենօրյա մանրուքներում հարկ է գտնել բարձրագույն երջանկությունը:
Կյանքը երջանիկ դարձնելու համա՞ր: Բայց չէ՞ որ նրանք, ովքեր սիրում են մանրուքները, այդ մանրուքների պատճառով միշտ տառապում են: Գորտը, որ ցատկում է բուսածածկ լճակի մեջ, խախտում է դարավոր տրտմությունը: Բայց գորտը, որ ցատկում է բուսածածկ լճակի միջից, գուցե թե, դարավոր տրտմություն է ներշնչում: Այդուհանդերձ, Բասյոյի կյանքը հաճույքներով լեցուն էր, բայց շրջապատողների աչքին նրա կյանքը տառապալից էր: Այդպես էլ մենք, որպեսզի հաճույք ապրենք փոքրագույն բանից, պետք է տառապենք ամենափոքրագույնից:
Կյանքը երջանիկ դարձնելու համար` հարկ է տառապել առօրյա մանրուքներից: Ամպերի շողանքը, բամբուկի շրշյունը, ճնճղուկների երամիկի ծլվլոցը` բոլոր այդ ամենօրյա մանրուքներում պետք է տեսնել նաեւ դժոխքի տանջանքները:
ԱՍՏՎԱԾՆԵՐԸ
Աստվածներին ներհատուկ ամեն ինչից իմ մեջ առավելագույն կարեկցանք է հարուցում այն, որ նրանք չեն կարող ինքնասպանություն գործել:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Մենք աստվածներին անարգելու բազում պատճառներ ենք գտնում: Բայց որքան էլ դա տխուր է` ճապոնացիները չեն հավատում եւ անարգանքի արժանի ամենակարող Աստծուն:
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
Ժողովուրդը` չափավոր պահպանողական է: Հասարակարգը, գաղափարները, արվեստը, կրոնը` որպեսզի ժողովուրդը սիրի այդ ամենը, հարկ է, որպեսզի դրանց վրա նստի հնության փառը:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Հասկանալ, որ ժողովուրդը հիմար է` դրանով չարժե հպարտանալ: Բայց հասկանալ, որ մենք ինքներս հենց ժողովուրդն ենք` ահա դրանով արժե հպարտանալ:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Հները պետության մեծ սկզբունքներին էին դասում` ժողովրդին հիմար դարձնելը: Սակայն, լոկ այնքան, որպեսզի չկորցնեն նրան ավելի հիմար դարձնելու հնարավորությունը: Կամ` որպեսզի չկորցնեն նրան եւ իմաստուն դարձնելու հնարավորությունը:
ՉԵԽՈՎԻ ԽՈՍՔԵՐԸ
Չեխովն իր նամակներից մեկում այսպես է խորհրդածում տղամարդու եւ կնոջ միջեւ եղած տարբերության մասին: Կինը ծերանալով` առավել շատ է զբաղվում կանացի գործերով, իսկ տղամարդը ծերանալով` առավել շատ է հեռանում կանացի գործերից:
Բայց Չեխովի այդ խոսքերը համազոր են հայտարարության, տղամարդն ու կինը ծերանալով` դադարում են հետաքրքրվել սեռերի միջեւ եղած հարաբերություններով: Բայց չէ՞ որ դա հայտնի է եւ երեք տարեկան երեխային: Ավելին, Չեխովի խոսքերը մատնացույց են անում ոչ այնքան տղամարդու եւ կնոջ միջեւ եղած տարբերությունը, որքան այն, որ այդպիսի տարբերությունը բացակայում է:
ՀԱԳՈՒՍՏԸ
Կնոջ հագուստը` նրա մի մասնիկն է: Կեյկիտին գայթակղության չտրվեց, անշուշտ, նրան ներհատուկ առաքինության շնորհիվ: Բայց հարկ է հիշել, որ Կեյկիտիին գայթակղող կինը հագել էր նրա կնոջ զգեստը: Եթե նա դա չաներ, ապա, հավանաբար, ընդհանրապես չէր կարողանա նրան գայթակղել:
Ծանոթագրություն: Տես Կիկուտի Կանի «Կեյկիտիի գայթակղությունը»:
ԿՈՒՍՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆԸ
Որքան զավեշտական պարտություններ ենք մենք կրել, երբ կին ընտրելիս` հիմնականում հոգ էինք տանում այն մասին, որպեսզի նա կույս լինի: Բայց չէ՞ որ ամուսնությունը ամենահարմար ժամանակն է, որպեսզի հրաժարվես կուսության երկրպագությունից:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Կուսության երկրպագությունը կարող է սկսվել սոսկ այն բանից հետո, երբ համոզվես դրանում: Այստեղ չնչին գիտելիքները զգացմունքից գերադասվում են: Այդ պատճառով կուսության երկրպագուներին կարելի է լիահիմք կոչել սիրույն խորթ մեծամիտ գիտնականներ: Հնարավոր է եւ այն, որ կուսության երկրպագուները այդքան լրջությամբ են զբաղվում դրա բացահայտմամբ:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Անշուշտ, աղջկա երկրպագումը միանգամայն այլ բան է, քան կուսության երկրպագությունը: Մարդիկ, որ այդ հասկացությունները հոմանիշական են համարում, չափազանց թերագնահատում են կանանց արտիստիկ տաղանդը:
ՊԱՏՇԱՃՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Մի դպրոցական աղջիկ մի անգամ ընկերոջս հարցրեց` համբուրվելիս հարկ է աչքերը փակե՞լ, թե՞ դրանք կարելի է բաց թողնել: Ես այդ աշակերտուհու հետ շատ ափսոսում եմ, որ դպրոցում սիրո հետ կապված պատշաճության կանոններ չեն դասավանդում:
ԿԱԻԲԱՐԱ ԷԿԵՆԸ
Դպրոցական տարիներին ես զանազան խրատական պատմություններ էի կարդում Կաիբարա Էկենի մասին: Մի անգամ նա լաստանավով լողում էր ինչ-որ անծանոթ ուսանողի հետ: Ուսանողը, ասես հպարտանալով իր գիտելիքներով, ինքնավստահ դատում էր տարբեր գիտությունների մասին: Էկենը, չընդհատելով, ուշադիր լսում էր նրան: Այդ ընթացքում լաստանավը ափ հասավ: Այն ժամանակ ընդունված էր, որ ուղեւորները, նավից իջնելիս, հաղորդում էին իրենց անունը: Այդժամ ուսանողն իմացավ, որ զրուցում էր մեծ կոնֆուցիականի հետ եւ, շփոթվելով, սկսեց ներողություն խնդրել իր անհարգալիության համար: Ահա թե ինչպիսի խրատական պատմություն ես կարդացի մի անգամ:
Միաժամանակ այդ պատմությունից ես հասկացա, որ համեստությունը լիակատար առաքինություն է: Համենայն դեպս, ջանում էի դա հասկանալ: Բայց հիմա, որքան էլ տխուր է, դրանում ոչ մի խրատական բան չեմ տեսնում: Այժմ այդ պատմությունը ես որոշ հետաքրքրությամբ եմ ընկալում, միայն այն բանի համար, որ դրա մասին այսպես եմ մտածում.
1. Ինչ հեգնական էր Էկենի քամահրական լռությունը:
2. Ինչ գռեհիկ էին ուսանողի ամոթանքից բերկրող ուղեւորների ծափահարությունները:
3. Ինչ երերուն էր թպրտում պատանի ուսանողի դատողություններում նոր ժամանակի ոգին, որ անծանոթ էր Էկենին:
ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԽՈՍՔ
Մի քննադատ «տան առաջ թռչնաորսի համար որոգայթ լարել» հաստատուն արտահայտությունը օգտագործելով` նկատի ունենալով տան լքվածությունը, այն օգտագործել էր «վխտալ» իմաստով: «Տան առաջ թռչնաորսի համար որոգայթ լարել» արտահայտությունը հորինել են չինացիները: Չկա, անշուշտ, այնպիսի օրենք, որ այդ արտահայտությունն օգտագործելիս ճապոնացիները պետք է կուրորեն հետեւեն չինացիներին: Կարելի է, օրինակ, դա պատկերավոր օգտագործել. «Այդ կնոջ ժպիտը հիշեցնում էր թռչնաորսի ամար տան առաջ լարած որոգայթ»: Իհարկե, եթե այդ արտահայտության այդպիսի մեկնությունը ընդունվի:
Եթե ընդունվի: Ամեն ինչ կախված է անկանխատեսելի «ընդունվելուց»: Մի՞թե միեւնույն բանը չէ «վեպ իմ մասինը»: «Ich-roman» նշանակում է` վեպ առաջին դեմքից: Ընդ որում, նա, ով «ես» է կոչվում, ամենեւին էլ պարտադիր չէ, որ հեղինակը լինի: Բայց ճապոնական «վեպ իմ մասինում» «եսի» դերում սովորաբար հանդես է գալիս հենց հեղինակը: Երբեմն, ճիշտ է, այդպիսի վեպը ասես իսկապես հեղինակի կյանքի պատմությունը լինի, իսկ երրորդ դեմքով գրված վեպը հաճախ կոչվում է` «վեպ իմ մասին»: Ես համոզված եմ, դա բառօգտագործման անտեսման նոր հնարք է, որ ընդհանրապես ընդունված է գերմանացիների եւ ֆրանսիացիների շրջանում: «Տան առաջ թռչնաորսի համար որոգայթ լարելը», հնարավոր է, նույնպես, այդ կարգի նոր օրինակ է:
Ճիշտ չէր լինի պնդելը, թե քննադատը, ում ես հիշատակեցի, բավականաչափ զարգացած չէ: Միայն թե չափազանց փութանակի լիներ նոր օրինակներ փնտրելը, մոռանալով ժամանակի ընթացքի մասին: Քննադատը չպետք է նեղանա կատակներ անելիս` ամենայն ռահվիրա պարտավոր է գոհանալու ոչ այնքան քաղցր ճակատագրով:
ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Նույնիսկ հանճարը կաշկանդված է դժվար հաղթահարելի սահմաններով: Այդ սահմանների հայտնաբերումը չի կարող որոշակի տրտմություն չառաջացնել: Բայց աննկատելիորեն ծնում է եւ հակառակ զգացողությունը` բավարարվածություն: Ասես հասու ես եղել, որ բամբուկը` բամբուկ է, պատատուկը` պատատուկ:
Շարունակելի